Հասարակություն

«Հրապարակ». Փաշինյանի հույսը վարորդականից զրկվածներն են

«Հրապարակ». Փաշինյանի հույսը վարորդականից զրկվածներն են

Նիկոլ Փաշինյանն օրենքով սահմանված կարգով վարորդական իրավունքից զրկված վարորդների խնդրին անօրինական ու միանձնյա լուծում առաջարկեց, որն ավելի շատ ընտրակաշառք է, քան՝ հարցի լուծում: Նա հարբածության պատճառով վարորդական իրավունքից զրկված վարորդներին շաբաթներ առաջ տեղեկացրեց, որ նրանց վարորդական իրավունքը կվերականգնվի առանց քննության, բայց ոչ թե 13 բալով, այլ՝ 6-ով։ «Եթե այդ մեկ տարվա ընթացքում չի զրկվում իրավունքից, վերադառնում է 13 բալի։ Եթե սրանից հետո կրկին բալերը զրոյանում են, ապա այլեւս առանց քննության հնարավոր չի լինելու իրավունքը վերականգնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Մինչդեռ ուղիղ մեկ տարի առաջ՝ Կառավարության նիստի ընթացքում Փաշինյանը վրդովված պնդում էր, որ վարորդների 95 տոկոսը նորմալ մեքենա վարել չգիտի, ու պետք է ատեստավորել նրանց: «Խմում` գնում ա պատին տալիս ա, 7-8 հոգի զոհվում ա, դուրս է գալիս, ասում ա՝ «արա, էսի երկիր չի ընդհանրապես»։ Լավ, սենց չի ըլնի, ժողովուրդ ջան։ Որովհետեւ եթե մեր պատասխանատվությունն ա, ուրեմն պտի փակենք, ասենք՝ «չեք քշում»,- հայտարարում էր նա: Իսկ ընտրություններին ընդառաջ, քարոզարշավի 9-րդ օրը պարզվեց` այնքան էլ վատ բան չէ խմած վարելն ու մեքենան ջարդելը, կարելի է ընդամենը 50 հազար դրամի տուգանք վճարել եւ վարորդական իրավունքը հետ ստանալ` առանց նոր քննություն հանձնելու։ «Նրանք, ում մի տարին արդեն լրացել ա, մենք առաջարկում ենք առանց քննության, որոշակի, պարզապես առանց քննության չէ ... սպասեք, սպասեք...», եւ խաղի նոր կանոններ է առաջարկում․ 13-ի փոխարեն սկզբնականում՝ 6 բալ, իսկ եթե սրանք էլ մեկ տարում զրոյանան, ապա այդ դեպքում նոր քննություն հանձնել։

Մենք Ներքին գործերի նախարարությունից տեղեկացանք, որ միայն 2025 թվականին վարորդական իրավունքից զրկվել է ավելի քան 5 հազար 400 քաղաքացի: Հիշեցնենք, որ այս տարեսկզբին էլ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ անձանց վարորդական իրավունքից զրկելու գերակշիռ պատճառը եղել է ալկոհոլ օգտագործած վարելը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image