Այսօր Բանակի օրն է։ Օր, երբ երկիրը հաղթանակի շունչ պիտի ունենա և ոչ թե դատարկության, անզորության, նվաստացման զգացում։ Այդ հաղթանակն էին ուզում Եռաբլուրում քնած մեր երեխեքը, ովքեր իրենց հոգում փայփայում էին հաղթանակի տեսիլքը և չիմացան, թե այս նոր իշխանությունը ինչ դաժան «հաղթանակ է բերելու» ազգի գլխին։ Գարեգին Երկրորդը «Եռաբլուր»-ում է։ Նիկոլ Փաշինյանը չկա։ Ակամայից հիշում եմ Սողոմոն թագավորի առակը։
Երկու կանայք վիճում են երեխաների հարցում: Մեկն ասում է, որ մյուսը գողացել է իր նորածին երեխային և տեղում դրել իր մահացած նորածնին: Իսկ մյուսը ասում է, որ իր երեխան ողջ է, առաջինինն է մահացած… Ինչպե՞ս է վարվում Սողոմոնը։ Նա հրամայում է մի սուր բերել, ապա ասում է. «Ողջ երեխային երկու կտոր արեք. կեսը տվեք մեկին, մյուս կեսը՝ մյուսին»։
-Ո՛չ,- ճչում է իսկական մայրը։ -Խնդրում եմ, մի՛ սպանեք նրան, այլ տվեք այդ կնոջը։— Իսկ մյուս կինն ասում է.
«Մանուկը ո՛չ ինձ լինի, ո՛չ էլ քեզ։ Կիսե՛ք նրան»։ Վերջապես այստեղ Սողոմոնը միջամտում է. «Մի սպանեք երեխային։ Տվեք նրան առաջին կնոջը։ Նա է իսկական մայրը»։ Սողոմոնը գլխի է ընկնում, թե ով է իսկական մայրը, քանի որ վերջինս այնքան է սիրում իր զավակին, որ անգամ պատրաստ էր նրան տալու ուրիշին, միայն թե երեխան կենդանի մնա։
Նիկոլ Փաշինյանի արշավը Գարեգին Բ-ի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևոր ինքնության դեմ հենց այս պատմության աղավաղված տարբերակն է։
Նրա համար մեկ է՝ Բանակը։
Մեկ են երեխաները։
Մեկ են զոհերը։
Մեկ է Եռաբլուրը։
Նրա համար սուրը կարող է կիսել երեխային։
Նրա համար կարող է կիսվել ազգի ցավը, հիշողությունը, արժանապատվությունը։
Նա փորձում է ներկայանալ որպես ժողովրդի «հայր»։
Բայց հայ ժողովուրդը ճանաչում է իսկական ծնողին՝ ոչ թե խոսքերով, այլ հոգատարությամբ, զոհաբերությամբ, հավատով։