Ֆորմալ առումով՝ ՀՀ-ն խորհրդարանական կառավարման կարգ ունեցող պետություն է, թեպետ ակներեւ է, որ գործում է սուպերվարչապետության գործիքակազմով: Բայց դա երկրի նախագահին, մեր դեպքում՝ Վահագն Խաչատուրյանին, չի ազատում ազգի ու պետության համար անվտանգային ու ռազմավարական-կենսական նշանակության հարցերում պատասխանատվությունից: Իսկ որ այդպիսիք շատ են ու օրեցօր շատանում են, ցավոք, օրինաչափություն է:
Մինչ ներքաղաքական, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում հայտնված Հայաստանը լրջագույն մարտահրավերներ է դիմագրավում՝ ներհայաստանյան իշխանական ռեպրեսիաներից (հակաեկեղեցական արշավ, քաղաքական հետապնդումներ եւ կալանավորումներ, արցախցիների իրավունքների ոտնահարումներ եւ այլն) մինչեւ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված տագնապային իրավիճակ, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում, հայ-ռուսական ճգնաժամային հարաբերություններ եւ այլն, Վահագն Խաչատուրյանը շարունակում է անվրդով պաշտոնավարել, կարծես ոչինչ չի եղել, ոչինչ չի կատարվում, ոչինչ չի նկատում: Նրա վարքագիծն ու գործելաոճը, իհարկե, նորություն չեն, Նիկոլ Փաշինյանին հլու եւ անվերապահ ծառայելու «բարի ու հին ավանդույթների» շրջանակներում են:
Ժամանակին, ինչու չէ՝ հիմա եւս, բազմաթիվ սարկաստիկ համեմատություններ են արվել Խաչատուրյանի մասին՝ «բրիտանական թագուհուց» մինչեւ «սգո եւ հանդիսության սրահների ղեկավար», «տուրիստական գործակալության շեֆ» եւ այլն, եւ այլն: Համաձայնեք՝ մի կողմից իրականությանը մոտ գրոտեսկներ են, մյուս կողմից՝ ցավալի, հաշվի առնելով նախագահի՝ որպես պետության գլխավոր ինստիտուտներից մեկը լինելու գործոնը: Համաշխարհային պրակտիկայում, նույնիսկ ամենահետամնաց երկրներում դժվար կլինի գտնել մեկ այլ օրինակ, երբ պետության նախագահը, անկախ իր լծակներից, այսչափ անհոգ ու անտարբեր լինի ժողովրդի ու պետության օրհասական հիմնահարցերի նկատմամբ: Մեր նախագահը խոսում է միայն «անշառ» թեմաներով եւ «անշառ» հանգամանքներում:
Նա կարող է որեւէ երկրի ցավակցել պատուհասած աղետի կամ բոթաբեր այլ դիպվածի կապակցությամբ:
Թեեւ վերջին շրջանում չցավակցեց մեր անմիջական հարեւան Իրանին, որտեղ հարյուրավոր խաղաղ բնակիչներ, գեներալներ, բարձրաստիճան սպաներ զոհվեցին՝ Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի հետեւանքով, բայց, օրինակ, տարիներ առաջ ցավակցել էր Աֆղանստանին, մի երկրի, որի զինյալներն ակտիվորեն ներգրավվել են արցախյան 44-օրյա պատերազմում՝ ադրբեջանական բանակի կողմից մարտնչելով հայության դեմ: Խաչատուրյան ազգանունով ՀՀ նախագահը կարող է նաեւ շնորհավորանքներ տեղալ, ներքին շրջայցեր ու ընդունելություններ կազմակերպել, շրջագայել աշխարհով մեկ՝ հավակնելով Հայաստանի «թիվ մեկ զբոսաշրջիկ-պաշտոնյայի» տիտղոսին: Տեղեկատվական փոքր էքսկուրս կատարենք եւ հասկանանք, թե ինչ «ազգային կարեւոր» գործերով էր զբաղված մեր «բազմազբաղ» նախագահն առնվազն վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Հայաստանի ներսում, մեզ վերաբերող եւ մեր շուրջը կատարվող թեժ իրադարձությունների ֆոնին, Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանին, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին, «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին, ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին (այն նույն պաշտոնյային, որը ոչ միայն դակել է Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի բռնազավթումից հետո ընկերության ժամանակավոր կառավարչի պաշտոնում Ռոմանոս Պետրոսյանի ապօրինի նշանակումը, այլեւ քամահրանքով խոսել ՀԷՑ-ի պետականացման հայցով Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի՝ Սամվել Կարապետյանի օգտին որոշման մասին), ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանին եւ այլն:
Տպավորություն է, թե ՀՀ նախագահի թիվ մեկ առաջնահերթությունը Նիկոլի ապաքաղաքական կցորդը՝ ատաշեն լինելն է: Այն, որ Փաշինյանի միապետության ու բռնապետության մեջ տարբեր ոլորտի ու տրամաչափի ատաշեների պակաս չկա, եթե չասենք՝ գերդոզավորում է, ապա Վահագն Խաչատուրյանն այս առումով, կարծես, ամենից «անշառն» է: Համենայնդեպս, հանրային «ցեխարձակումներ» չի նետում ո՛չ Հայ եկեղեցու, ո՛չ հայ եկեղեցականների եւ ո՛չ էլ Նիկոլի ընդդիմախոսների հասցեին: Բայց լռել՝ չի նշանակում չասել ոչինչ: Լռությունը, ինչպես ասում են, համաձայնության նշան է եւ այդ արշավին պասիվ մասնակցության ձեւ: Իսկ նա ոչ թե չի խոսում, այլ «լռում» է Փաշինյանի, նրա ապազգային ռեժիմի եւ խմբակի ավերիչ գործողությունների հանդեպ «շատ ավելի բարձր հնչող» համաձայնությամբ...