Hraparak.am-ի տեղեկություններով վաղը Գյումրի է մեկնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մարզպետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ, վարչապետի այցը աշխատանքային է, մի քանի շրջայց է նախատեսված նաև համայնքներում։Հատկանշական է, որ վերջին իրադարձությունների ֆոնին, երբ քրեական հետապնդում և գործ է հարուցված նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի և նրա թիմակիցների նկատմամբ, Փաշինյանը Գյումրի է այցելում։ Ուշագրավ է, որ Բալասանյան դաշինքից Փաշինյանին ոչ ոք չի դիմավորի, քանի որ այսօր գրել էինք, որ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն անցել է հեռավար աշխատանքի` առողջական խնդրի պատճառաբանությամբ։ Փոխքաղաքապետերից մեկը տնային կալանքում է, մյուսը` մասնավոր այցով ԱՄՆ-ում։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մարզի ՔՊ-ականների հետ Փաշինյանը ներքին փակ քննարկում է անցկացնելու, ինչն էլ, հավանաբար, վերաբերելու է հետագա անելիքներին, քաղաքի կառավարումը վերջնականապես Բալասանյան դաշինքից վերցնելու պլանին։ Ի դեպ, մեր տեղեկություններով ՔՊ-ում արդեն քննարկում են քաղաքապետի պաշտոնում Փաշինյանի կնոջ մորաքրոջ թոռանը` Վահագն Մկրտչյանին նշանակելու հարցը։