Ծաղկաձորի քաղաքապետ Նարեկ Հարությունյանը որոշել է բյուջեի հաշվին շքեղ ծառայողական մեքենա ձեռք բերել։ Քաղաքապետի այս որոշումը հավանության է արժանացել ավագանու կողմից եւ վերջերս՝ «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ ՍՊԸ»-ից 17 մլն.600 հազար դրամ արժողությամբ քաղաքապետը գնել է 2023թվականի արտադրության Տոյոտա Քեմրի 2.5լ Էլեգանս մակնիշի ծառայողական ավտոմեքենա: Նշենք, որ համայնքապետարանը 2008 թվականի արտադրության 2 ծառայողական մեքենաներ ունի՝ Տոյոտա Կորոլլա, Տոյոտա Քեմրի: Քաղաքապետից հետաքրքրվեցինք՝ թե ինչո՞ւ է որոշել նոր ծառայողական ավտոմեքենա գնել. «Երեւանում պատահարի պատճառով վթարվել է իմ մեքենան, պետք է վերանորգենք եւ աճուրդի հանենք: Մեր մեղքով չի եղել պատահարը, մեզ են եկել խփել, իսկ համայնքապետարանին, որպես վնասի փոխհատուցում 860 հազար դրամ է փոխանցվել»:
Քաղաքապետարանի պետական գնումների ցանկից տեղեկանում ենք, որ 6մլն. դրամ է նախատեսել 2 ծառայողական՝ Տոյոտա Կորոլլա եւ Տոյոտա Քեմրի ավտոմեքենաների՝ տեխնիկական սպասրկման եւ ընթացիկ վերանորոգման համար:
Բայցի այս, մեր տեղեկություններով՝ Ծաղկաձոր համայնքի ղեկավար ՔՊ-ական Նարեկ Հարությունյանը իր պաշտոնավարման տարիներին Երեւանի «Երազ» բնակելի թաղամասում բնակարան է ձեռք է բերել: Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բնակարանը ձեռք է բերել 2020թվականին պետական ծրագրով, արժեքը 17մլն. 50հազար դրամ:
Նշենք, որ հեղափոխությունից հետո պաշտոններ ստացած ՔՊ-ակաները ունենալով ստաբիլ աշխատավարձ, բնակարաններ են գնել Երեւանի տարբեր թաղամասերում, իսկ ամենաշատը՝ «Երազ» բնակելի թաղամասում: