Քաղաքականություն

Զենքը չեն դրել գլխին, գլուխը «շոյել» են ու ասել` անի

Զենքը չեն դրել գլխին, գլուխը «շոյել» են ու ասել` անի

Որեւէ մեկը Փաշինյանի «գլխին զենք չի դրել», ուղղակի ինքը մի օր արթնացել է ու որոշել. «հասկանա, թե էդ ինչ ա տեղի ունեցել 1915թ․-ին, ո՞նց ա տեղի ունեցել, ինչպե՞ս է հայ ժողովուրդը ընկալել Հայոց Ցեղասպանությունը եւ ո՞ւմ միջոցով»։ 

«Հրապարակ»-ի լրագրողը մամուլի ասուլիսի ժամանակ հետաքրքրվեց. «Ձեր աջակիցներից մեկը ժամանակին ասում էր՝ զենքը դրել են ձեր գլխին, ստիպել, որ ստորագրեք նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Էրդողանն ու Ալիեւը զենքը դրել են Ձեր գլխին, որ օրակարգից հանե՞ք Հայոց Ցեղասպանության հարցը, կամ, հնարավո՞ր է՝ խաղաղության պայմանագրը կնքելու նախապայմաններից մեկն է դա»: Լրագրողը հիշեցրել է նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանի 2014-ի ապրիլին Ցեղասպանության տարելիցին արված հայտարարությունը՝ «Ցանկանում ենք, որպեսզի 20-րդ դարասկզբին զոհված հայերի հոգիների հանգչեն խաղաղությամբ, իսկ նրանց ժառանգներին հայտնում ենք մեր ցավակցությունը»: Մեջբերում է արել նաեւ մի քանի օր առաջ արված Փաշինյանի հայտարարությունից. «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»։ Առաջին հայացքից տպավորություն է, թե Փաշինյանն է Թուրքիայի ղեկավարը, որովհետեւ անգամ Էրդողանն ու թուրքական հասարակությունն են հասկանում, որ Հայոց Ցեղասպանությունը անհերքելի եւ անառարկելի փաստ է։ 

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իմ գլխին ոչ ոք զենք չէր դրել, և չէր կարող դնել: Իմ ուղերձում եմ ասել, որ եթե ես այդ թուղթը չստորագրեի, մեր 25-26 հազար զինվոր հայտնվելու էր շրջափաման մեջ...Խոսքը հետևյալի մասին է՝ Ցեղասպանությունը արդյոք մեզ չպե՞տք է դրդի, որ մենք մի հատ էլ անդրադառնանք աշխարհն ընկալելու մեր բանաձևերին։ Մենք իրողությունները դարասկզբին էլ, դարի կեսերին էլ, դարավերջին էլ, էսօր էլ կարող է ճշգրիտ չենք ընկալում։ Կարող է մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումներին և խրախուսումներին։ Մենք անընդհատ խոսում ենք ու ճիշտ ենք անում, պիտի խոսենք Մեծ եղեռնի մասին, բայց մեր իրականության մեջ ընկալվա՞ծ է երիտթուրքերի և Հայ հեղափոխական դաշնակցության հարաբերությունների հարցը: Իսկ կարո՞ղ է պարզվել, որ ինչ–որ թեմաներ ինչ–որ շրջանակներ, մեր ինչ–որ ցավոտ կետեր կարողացել և կարողանում են օգտագործել, մեր հայրենիքում, ՀՀ–ում, մեր անկախ ինքնիշխան պետությունը անհնար դարձնելու համար»։ 

Այս հայտարարությամբ Փաշինյանը փորձում է ակնարկել, թե Խորհրդային Միությունն ու ռուսներն են ժամանակին օրակարգ բերել Հայոց ցեղասպանության հարցը, որ Դաշնակցությունը շահարկում է այդ հարցը եւ այլն: Սակայն որքան էլ Փաշինյանը փորձի մանիպուլյատիվ պատասխաններով «լոլո» կարդալ, հասկացողները հասկացան Ցեղասպանության վերաբերյալ պատմական իրողությունների հետքերով գնալու նրա մղումները։ Միայն այն փաստը, որ Թուրքիայում եւ Ադրբեջանում ցնծության մեջ են նրա հայտարարություններից հետո, արդեն խոսուն է։ «Եթե Հայաստանում մեր կարծիքին են, ուրեմն Երեւանում պատկերացում ունեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել 1915 թվականին»,- ասել է թուրք քաղաքագետ Ջանան Քալսընը եւ նկատել է, որ Փաշինյանը հասկացել է, թե որքան զորեղ են թուրքական ռազմական ԱԹՍ-ները եւ ադրբեջանական զինանոցում եղած մյուս սպառազինությունները, եւ համոզվել, որ «միակ ճիշտ տարբերակը Թուրքիայի հետ բարեկամությունն է»։ 

Աշխարհահռչակ Լեմկինի ինստիտուտն էլ կրկին հայտարարությամբ է հանդես եկել` շեշտելով, որ Փաշինյանն աջակցում է Ցեղասպանության ժխտման թուրքական ու ադրբեջանական խոսույթին։ Փաշինյանի «ինչ» և «ինչու է տեղի ունեցել» հարցադրումները Լեմկինի ինստիտուտը համարում է մարտահրավեր Հայոց ցեղասպանությանը՝ որպես հաստատված պատմական փաստի։ Ինստիտուտի փորձագետներն ընդգծել են՝ հայերի Ցեղասպանությունն անժխտելի է և հիմնված է տարբեր աղբյուրներից ստացված բազմաթիվ փաստաթղթերի վրա, ներառյալ Օսմանյան կայսրության պաշտոնական փաստաթղթերը, ականատեսների վկայությունները, դիվանագիտական հաշվետվություններն ու դատական ապացույցները։
«Նրա իմաստազուրկ հայտարարություններն անտեսում են հայերի Ցեղասպանության վերաբերյալ թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի ու հայ գիտնականների, ինչպես նաև այլոց ուսումնասիրությունները, խոչընդոտ են արդարության համար շարունակվող պայքարում՝ հանուն Ցեղասպանության զոհերի, և ստեղծում են վտանգավոր տարածաշրջանային իրադրություն, հատկապես արցախցիների հանդեպ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության ու Հայաստանի նկատմամբ սպառնալիքների համատեքստում», - նշված է ինստիտուտի տարածած տեքստում։
Եվ ուրեմն, մեզ մնում է ենթադրել, որ «պատմական Հայաստանից դեպի  իրական Հայաստան» անցում կատարող Փաշինյանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի ժխտողական օրակարգը բերել է առաջին պլան՝ Ալիեւի եւ Էրդողանի պահանջով։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image