Հասարակություն

«Հրապարակ». Շատ ընտանիքներ զինվորներին տանում էին տուն` կերակրում, հյուրասիրում

«Հրապարակ». Շատ ընտանիքներ զինվորներին տանում էին տուն` կերակրում, հյուրասիրում

Տեւական ժամանակ է՝ բռնի տեղահանված արցախցիները բողոքի ակցիաներ են անում, պահանջում են ապահովել իրենց անվտանգ վերադարձն Արցախ եւ անդրադառնում են արցախցիներին ուղղված ատելության խոսքին: 2018-ից հետո հատկապես ատելության խոսքն ու հայհոյանքը Հայաստանում թրենդ են դարձել: Ցանկացած իշխանություն եւ հատկապես՝ փաշինյանական իշխանությունը, փորձում է կառավարել ատելության խոսքը եւ այն ուղղել հակառակորդների դեմ։ Թե ով որ փուլում կհայտնվի «հակառակորդի» կարգավիճակում, կախված է այդ պահից: Բնականաբար, մշտական «հակառակորդն» ընդդիմությունն է, բայց կարող են լինել ռուսները, ռուսամետները, լրագրողները, եկեղեցին, զինվորականները, իսկ 2023-ից սկսած՝ արցախցիները: Փաշինյանական իշխանությունն ամեն ինչ անում է՝ Արցախի բեռից եւ անգամ հիշողությունից ազատվելու համար, փորձում է ատելության խոսքի միջոցով փակել արցախցիների բերանը, սաստել, ստիպել, որ հրաժարվեն Արցախի համար պայքարից: 
Բայց ատելության խոսքը տարածում են նաեւ դրա դեմ պայքարողները եւ իրենք` արցախցիները, տիրաժավորելով ամեն հիվանդ մարդու խոսք, մեծ նշանակություն տալով եւ խրախուսելով, որ այդ «գործիքը» մշտապես կիրառվի: Եթե տեսնում են, որ դա ազդեցիկ է, ինչո՞ւ չպետք է կիրառեն:

Մինչդեռ անեծքներ ու հայհոյանքներ բոլորի հասցեին են հնչում` մտավորականների, վաստակ ունեցող մարդկանց, անգամ զոհված հերոսների հարազատների: Մի ահռելի չափաբաժին էլ իշխանության ներկայացուցիչների, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հասցեին են հնչում: Բայց ոմանք այդ լուտանքներն արհամարհում են, իշխանական զույգը, օրինակ, կարծես ավելի է ոգեւորվում, իսկ ոմանք, հատկապես` Արցախից Հայաստան տեղափոխվածները, ծանր են տանում: Ինչո՞ւ անիմաստ էներգիա վատնել, նյարդեր քայքայել արհեստականորեն գեներացվող այդ պրոցեսի վրա: Չէ՞ որ ավելի կարեւոր է անհատների խոսքը` Միքայել Նահապետյան, Լիլիթ Բլեյան, Մարինե Պետրոսյան եւ շատ ուրիշների անկեղծ ցավը, կարեկցանքը, ապրումակցումը, ոչ թե ինչ-որ անհայտ Մարինե Գրիգորյանի հայհոյանքը` ինչ-որ շահով պայմանավորված կամ` իր հիմարության բերումով:

Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով արցախցիներին ուղղված ատելության խոսքին, ասում է. «Կարծում եմ, որ ոչ թե խոսքով պետք է իրար ինչ-որ բան համոզենք կամ ապացուցենք, այլեւ՝ մեր քայլերով ու գործողություններով: Շատ ու շատ արցախցիներ այլ բան են պնդում, պարզապես մեծ աղմուկի մեջ նրանց ձայնը չի լսվում: Շատ ու շատ արցախցիներ, այդ թվում՝ ես, մեծ սիրով ենք խոսում Հայաստանի մեր հայրենակիցների մասին: 2020 թվականին, նույնիսկ 2016-ից սկսած: Սակայն խոսենք այսօրվա իշխանության ժամանակաշրջանի մասին, պատերազմի ժամանակ, երբ կանայք, երեխաներն ու տարեցները տեղափոխվեցին Հայաստան, մենք՝ շատերս, հիացած էինք, թե ինչպես են Երեւանում ապրող անծանոթ մարդիկ իրենց տան դռներն ամիսներ շարունակ բաց պահում արցախցի ընտանիքների առաջ՝ անշահախնդիր: Լավը թողած՝ խոսել վատի մասին, տեղին չէ: Հայաստանում իշխանական քարոզչամեքենան է կանգնած այդ ամենի ետեւում: Փորձում են տարածել տեղեկություններ, թե իբրեւ Արցախում հայ զինվորին ջուր չեն տվել, չեն թողել անգամ ծառից ընկած նուռն ուտել, դեռ մի բան էլ ծեծել են դրա համար: Անգամ կարող եմ անուններ տալ, որ Արցախում կային մարդիկ, ովքեր իրենց վրա պարտականություն էին վերցրել՝ զինվորներին շաբաթվա վերջին տանում էին իրենց տներ, կերակրում, հյուրասիրում: Ես ընտանիք գիտեմ, որ 10-ից ավելի զինվորի ընտանիքների հետ բարեկամացել է այդ ընթացքում: Նույնիսկ քավոր-սանիկ կապեր են հաստատվել արդյունքում: Չգիտես ինչու, լավը թողած, վատի մասին ենք միայն խոսում: Անիմաստ է վատի մասին խոսել: Ատելություն քարոզում է իշխանությունը, ինչը եւս մեկ անգամ փաստում է նրանց թույլ լինելու մասին: Իշխանության մեջ քաղաքական դեմքեր են, եթե նրանք ատելություն են տարածում, ուրեմն թույլ են: Օրինակ, ես չեմ ատում Փաշինյանին ու իր հանցավոր խմբակին, որովհետեւ ես ուժեղ լինելու կարիք ունեմ, չեմ կարող թուլանալ: Ես միշտ ասում եմ՝ պետք է լավի վրա կենտրոնանալ: Ի վերջո, մի շարք կամավորական խմբեր եկան մեզ դիմավորելու, Հայաստան տանելու, նրանք անշահախնդիր մարդիկ էին, որոնց չենք կարող մոռանալ: Այնպես որ, ատելություն տարածելով՝ այս իշխանությունն ուզում է հասնել քաղաքացիական բախումների, ինչո՞ւ ոչ»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image