Նախկին խորհրդային մի շարք հանրապետություններ մտավախություն ունեն, որ եթե Ռուսաստանի հաղթի Ուկրաինային, իրենց կվերադարձնի իր վերահսկողության տակ։ Այդ պատճառով նրանք փորձում են դուրս գալ Ռուսաստանի թևի տակից, քանի դեռ նա կենտրոնացած է Ուկրաինայի վրա։
Այս մասին գրել է The New Eastern Europe պարբերականը և նշել, որ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական կոնֆլիկտը մոտ է եռման կետին՝ ընդգծելով, մասնավորապես, որ Վրաստանի և Հայաստանի համար իրավիճակը գնալով դառնում է անհուսալի։
«Ցավոք, այն ամենը, ինչ տեղի է ունեցել վերջին երկու տարիների ընթացքում, խոստումնալից ապագա չի խոստանում ո՛չ Հայաստանին, ո՛չ Վրաստանին», - նշում է հրատարակությունը։
«Թբիլիսիի համար խնդիրն ավելի զգայուն է,- գրել է The New Eastern Europe-ը և ընդգծել,-Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը Վրաստանին դրել է հարավկովկասյան երեք պետությունների ամենավտանգավոր դիրքում։ Վրացիները, ովքեր չեն վստահում Մոսկվային, ռուս միգրանտներին դիտարկում են որպես Կրեմլի՝ Վրաստան ներխուժելու հնարավոր պատճառ: Նրանք նաև մտահոգված են իրենց երկրներում «զուգահեռ հասարակության» վերելքով։ Հարավային Կովկասի և հատկապես Վրաստանի և Հայաստանի համար Ուկրաինայի պատերազմը նշանակում է միգրանտների և տեղահանվածների թվի աճ, ինչպես նաև աճող անհանգստություն և անկայունություն»:
Ինչպես նշվում է հոդվածում, այն բանից հետո, երբ Վրաստանը 2023 թվականի վերջին ստացավ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ, այժմ նա պետք է վճարի այդ ամենի հաշիվները։ Եվ եթե «Վրացական երազանքը» հաղթի աշնանային խորհրդարանական ընտրություններում, ապա Վրաստանի ճանապարհը դեպի Արևմուտք լուրջ վտանգի տակ կլինի։
«Իվանիշվիլին երրորդ անգամ է վերադարձել քաղաքական հարթակ, և այդ վերադարձը դիտվում է որպես Ռուսաստանի կողմից Վրաստանի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու փորձ՝ ապահովելով, որ Մոսկվային բարեկամ կառավարությունը մնա իշխանության՝ սաբոտաժ անելով եվրաատլանտյան ինտեգրման հետագա քայլերը»,-ամփոփել է հոդվածագիրը։