«Ինչու պետք է վճարենք մի երկրի համար, որի բանակը չի ցանկանում պատերազմել»,- Իրանում ազդեցիկ ստրատեգ Ֆարշադ Ադելը այսպես է մեկնաբանում Սիրիայում Իրանի քաղաքականությունը, միեւնույն ժամանակ նկատելով, որ Իրանի ներկայությունը Սիրիայում եղել է սիրիական իշխանության հրավերով։ Նրա խոսքով, 2015 թ-ին, երբ Սիրիայի հետ ցամաքային սահման չկար, Իրանը, սիրիական ուղղությունից իր անվտանգության համար խնդիր տեսնելով` ռազմական ներկայություն ունեցավ, չնայած ցամաքային սահմանի բացակայությանը։
Ըստ նրա՝ պատերազմի առաջին օրերին Ռուսաստանը 1 մլն դոլարի ռումբ է կիրառել Սիրիայում, բայց եթե սիրիական բանակը կռվելու խնդիր չի դրել իր առջեւ, ո՛չ Իրանից, ո՛չ Ռուսաստանից, սպասելիքներ լինել չէին կարող։
«Եթե դուք ցանկանում եք իմանալ, թե Իրանը ինչ դիրքորոշում կարող է ունենալ Հայաստանի նատմամբ, ապա հարցը վերաբերում է Հայաստանի իշխանությանը եւ բանակին։ Մենք միշտ փաստել ենք, որ մեր բնական դաշնակիցներին մենակ չենք թողնում, բայց միայն եթե նրանց կողմից փոխադարձ կամք լինի, եւ ինչպես մենք ենք կարողացել Իրանում կարծիք փոխել, ձեր երկրում եւս պետք է կարողանաք բարձրաձայնել այս վտանգների մասին եւ հասարակական կարծքի փոխել»,-ասում է փորձագետը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի Իրանի դիրքորոշումը Սյունիքի նկատմամբ հնարավոր ագրեսիայի դեպքում։
Ֆարշադ Ադելը ընդգծում է, որ Իրանը Հայաստանի հետ սահման ունի եւ կարծիք է հայտնում՝ հայ-իրանական հարաբերությունները պետք է խորացնել բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, մշակույթ, մարդկային շփումներ, ինչը հիմք կստեղծի ռազմաքաղաքական գործակցության համար, իսկ երկու երկրների հարաբերությունների գրավականը հին ժողովուրդ լինելու քաղաքակրթական ընդհանրությունն է։
«Մենք կարիք չունենք մեզ համար պատմություն հորինելու, ինչպես Բաքուն»,-ասում է Ֆարշադ Ադելը, որի համոզմամբ, թուրքական աշխարհը, Թուրքիան փորձում է ստեղծել 3 թիրախներով՝ թուրքալեզու երկրներ, այսպես կոչված, Միջին միջանցք, որը նրանց կմիավորի, այդ թվում տնտեսական առումով եւ համատեղ թուրքական ինքնություն։ Նույն գործընթացը, ըստ նրա, նկատելի է նաեւ արաբական աշխարհում, ուստի պետք է գիտակցել, որ անվտանգությունը միայն ռազմական համագործակցությունը չէ եւ ավելի խորն է։
«Տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ հատկապես Սյունիքում հակառակորդի համար կբարձրացնի որեւէ ագրեսիայի գինը»,-ասում է փորձագետը։ Ֆարշադ Ադելի խոսքով, այսօր աշխարհը վերափոխվում է եւ նոր աշխարհակարգի ձեւավորման այս ընթացքում պանթուրքիզմի եւ պանիսլամիզմի դեմ պայքարում դերակատարություն կարող է ունենալ նաեւ Չինաստանը, որի Սինչան նահանգի նկատմամբ Թուրքիան հավակնություններ ունի, ուստի հայ-իրանական համագործակցությամբ հնարավոր է Չինաստանին ցույց տալ, որ Հայաստանն ու Իրանը կարող են պանթուրքիզմի տարածման դեմ բերդի դերսկատարություն ունենալ։