Հասարակություն

Մեր մեծերը չեն հիշում, որ Ճամբարակում այսպես ուժգին քամի լիներ. Ճամբարակի քաղաքապետ

Մեր մեծերը չեն հիշում, որ Ճամբարակում այսպես ուժգին քամի լիներ. Ճամբարակի քաղաքապետ

Վերջին օրերին ուժեղ քամիների հետեւանքով   մեծ  վնասներ է կրել  Գեղարքունիքի մարզի ճամբարակ համայնքը:  Ճամբարակի համայնքապետարանից  մեզ հայտնեցին, որ քամու  հետեւանքով վնասվել է բազմաբնակարան 16 շենքերի տանիքներ,  25 առանձնատների տանիքներ,  հանրային նշանակության 7 շենքերի տանիքներ:  Մասնակի քանդվել են նաեւ Ճամբարակի թիվ 1 եւ 2 հիմնական, Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցների տանիքները: Վնասվել է Ճամբարակ քաղաքի լուսավորվածության ցանցը 1800 գծամետր երկարությամբ:  

Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի հետ այս պահին այդ ուղղությամբ աշխատում են. «Մեզ մոտ քամին մի փոքրդադարել է,հիմա  հանձնաժողովի հետ նայում ենք, թե որտեղ,  ինչքան վնաս է կրել: Միայն կարող եմ ասել, որ վնասի ծավալը շատ մեծ է :Մենք ակտը կկազմենք, ու կուղարկենք կառավարություն: Թե կառավարությունը ինչպես ու երբ կփոխհատուցի չեմ կարող ասել, ոնց էլ փոխհատուցի  շնորհակալ կլինենք»,-ասաց քաղաքապետը եւ հավելեց, որ Ճամբարակում վերջին տարիների ընթացքում  այսպիսի ուժեղ քանի չէր եղել. 

«Մեր հետ էսպես բան դեռ չէր եղել: Անգամ մեր մեծերը չեն հիշում, որ Ճամբարակում այսպես ուժգին քամի լիներ»: 
                                                                                         

Նշենք, որ քամու հետեւանքով վնաս  են կրել  նաեւ մարզի այլ  համայնքներ: Ըստ ԱԻն-ի կայքի՝ Գավառ քաղաքում քամին վնասել է բազմաբնակարան երկու շենքի տանիքներ Ազատության եւ Զորավար Անդրանիկ փողոցներում՝ մասամբ, իսկ այլ փողոցներում գտնվող երկու առանձնատների տանիքներ՝ ամբողջովին:  Ծովագյուղում վնասվել են մշակույթի տան եւ մանկապարտեզի, ինչպես նաեւ բնակիչներին պատկանող 10 առանձնատների տանիքներ՝ մասամբ և ամբողջությամբ: Սեմյոնովկայում վնասվել է համայնքային սեփականություն հանդիսացող մեկ շինության տանիք:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image