Երեւանի վարչական շրջանների մի քանի ղեկավար եւ մի քանի համայնքապետ փորձել են խոչընդոտել «Հայաքվե» նախաձեռնության իրականացմանը եւ ստորագրահավաքի համար տեղեր չեն հատկացրել։
««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքը նախատեսում է հետեւյալ կառուցակարգը․ երբ ԿԸՀ-ն գրանցում է նախաձեռնությունը, հաստատում է լիազորությունները, դրանից հետո նախաձեռնությունը դիմում է համայնքապետարաններին ու այն պատասխանատու անձանց, որտեղ պետք է իրականացվի ստորագրահավաքը։
Հիշեցնեմ, որ այս ստորագրահավաքը, ի տարբերություն մյուս ստորագրահավաքների, ամեն տեղ չէ, որ կարող է տեղի ունենալ, պետք է տեղի ունենա քաղաքապետարաններում, Երեւանում՝ վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում։ Հիմա դիմել ենք համապատասխան համայնքի ղեկավարներին, Երեւան քաղաքում՝ ինչպես քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին, այնպես էլ վարչական շրջանների ղեկավարներին, որպեսզի ներկայացնեն, թե ամեն նստավայրում որտեղ պետք է իրականացվի ստորագրահավաքը եւ այն հանրային ծառայողների տվյալները, որոնք պետք է ներկա գտնվեն ստորագրահավաքին, աջակցեն գործընթացին։ Այս պահի դրությամբ ունենք մերժումներ՝ անհասկանալի պատճառաբանություններով, անհասկանալի հղումներով, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի հիման վրա ինչ-որ պատճառաբանություններ այն կարգավորման մասին, որ գույքի անհատույց օգտագործման եւ վարձակալության կարգն ու պայմանները պետք է սահմանի ավագանին։ Հիշեցնեմ, որ խոսքը չի գնում անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքի մասին, այլ տեղ տրամադրելու թույլտվության, որպեսզի այդտեղ տեղի ունենա ստորագրահավաք»,- մեզ հետ զրույցում ասաց նախաձեռնող խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը։
Օրբելյանի խոսքով՝ ամսի 26-ին պետք է արդեն քաղաքապետարանը հայտներ կոնկրետ վայրերի մասին․ «Այսօր գործընկերներիս կողմից ներկայացվել է այդ խնդիրը, առնվազն 3 վարչական շրջանների ղեկավարների կողմից՝ բանավոր հղումով քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին մերժումներ կան։ Հիմա սպասում ենք վերջնական ձեւակերպումներին եւ պետք է հասկանանք գործողությունների շարունակությունը, որովհետեւ ասուլիսին հաջորդել է քաղաքապետարանի մամուլի խոսնակի հրապարակումը, որ խոչընդոտում չկա։ Հիմա եթե խոչընդոտում չկա, ուրեմն այսօր կստանանք համաձայնությունները, տեղերն ու հասցեներ, իսկ եթե այսօր չստանանք, նշանակում է, որ խոչընդոտում կա, եւ կան խախտումներ։ Առնվազն այս պահին առկա տեղեկություններն ինձ համար բավարար են՝ տեսնելու համար, որ կա հանցագործություն՝ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով»։
Հարցրինք՝ հնարավո՞ր է քաղաքապետարանի կամ վարչական շրջանների ղեկավարների մերժումները վարչական կարգով բողոքարկեն, եւ դատարանը ստիպի, որ տեղեր հատկացվեն։ «Իհարկե, հնարավոր է, բայց հաշվի առնելով վարչական դատավարությունում նախատեսված ժամկետներն ու հաշվի առնելով, որ ստորագրահավաքի համար 60 օր է նախատեսված, դա մոտավոր նման է, որ համաձայնել, որ ժողովուրդն իր իշխանությունը չի կարող իրականացնել։ Հիմա ժողովուրդը գաղափարներն առաջ տանելու, որոշումների վրա ազդելու տարբեր իրավական գործիքակազմեր ունի։ Քանի որ իշխանության կրողը ժողովուրդն է եւ ժողովուրդն այդ իշխանությունն իրականացնում է մի քանի եղանակներով։ Ընտրությունները դրանցից մեկն են, բայց նաեւ Սահմանադրությունը նախատեսել է ուղղակի ժողովրդավարության այս գործիքը, որն այժմ փորձ է արվում իրականացնել։ Հիմա եթե որեւէ համայնքի ղեկավար փորձում է իրեն վեր դասել օրենքից եւ իշխանությունից եւ խոչընդոտել այս գործիքակազմին՝ իշխանության աղբյուրի, կրողի կողմից այդ իշխանության իրականացմանը, ապա դա ակնհայտորեն քրեադատավարական հետեւանք պիտի ստանա, այլ ոչ թե վարչադատավարական, որովհետեւ վեճ չկա։ «Հանրաքվեի մասին» օրենքն ուղղակիորեն նախատեսում է, թե ով է տալիս այդ թույլտվությունը, ինչ ժամկետներում, եւ այստեղ այդ օրենքի եւ «Երեւան քաղաքում ՏԻՄ մասին» օրենքի միջեւ հակասություն չկա, եւ որեւէ տեղ գրված չէ, որ Երեւան քաղաքի տարբեր մարմինների իրավասությունները սահմանվում են միայն այդ օրենքով։ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքը, որն ավելի բարձր իրավական ուժ ունի, ուղղակիորեն կարգավորել է այս հարաբերությունները, հետեւաբար գտնում եմ, որ այստեղ խնդիրը քաղաքացիահասարակական եւ քրեադատավարական դաշտում է, այլ ոչ թե վարչական, որովհետեւ դա ոչ մի քաղաքապետի կամ վարչական շրջանի ղեկավարի սեփականությունը չէ, որ որոշի, թե ժողովուրդը ստորագրությունը որտեղ է դնում։ Պետք է ապահովել Սահմանադրությամբ նախատեսված գործընթացի իրականացումը, որպեսզի ժողովուրդը հնարավորություն ունենա իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ արտահայտել՝ կա՛մ մասնակցելով գործընթացին, ստորագրելով, հետո նաեւ հետամուտ լինելով իր ստորագրությանը, կա՛մ էլ չի ցանկանա, չի մասնակցի գործընթացին, դրանով իսկ գործընթացը կսպառվի։ Բայց պայքարը չի կարող լինել «ունեմ իշխանություն, չեմ տալիս, ուզում ես՝ գնա, դատի տուր» սկզբունքով»,- ասաց Օրբելյանը։
Իսկ կարո՞ղ ենք ասել, որ նախաձեռնության հենց սկզբնական փուլում իշխանությունները ցանկանում են տապալել ստորագրահավաքի գործընթացը։
«Կդժվարանամ հստակ պատասխան տալ, կարելի է ասել՝ այո, բայց որպեսզի կոնկրետ այս գործընթացի լայնությամբ նայենք, այս պահին տեղեկություն չունեմ մյուս համայնքներից։ Գիտեմ, որ Դիլիջան համայնքից ունենք բացասական պատասխան, էլի մի տեղից էլ ունենք, հիմա գործընթացի մեջ է, քննարկում ենք ԿԸՀ-ի հետ՝ հասկանալու, թե այդ գործընթացում մարդկանց սահմանադրական իրավունքի իրացման կարգն ինչպես պետք է լինի, երբ ինչ-որ քաղաքապետ որոշում է գերազանցել իր լիազորությունները։ Հիմա, եթե այս մերժումները շարունակվեն, եւ Երեւանի քաղաքապետարանն այսօր չտա հաստատում՝ հաշվի առնելով, որ եւս մեկ դիմում ուրբաթ օրն է մուտք արվել, որպեսզի տառախաղի եւ բառախաղի իրենց հնարավորությունը սահմանափակվի, եթե դա էլ է մերժվում, ապա Ձեր պնդման հետ, որ փորձում են վիժեցնել եւ, ըստ էության, յուրացնել իշխանությունը, կկարողանամ ավելի փաստարկված համաձայնել։ Ես հույս ունեմ, որ իշխանությունները, խոսքը տվյալ դեպքում քաղաքային ու համայնքային իշխանությունների մասին է, եւ հանրապետական իշխանությունը՝ մարզպետարանների մակարդակով, կտան համաձայնություն, եւ ԿԸՀ-ն, ոստիկանությունն ու մնացած մարմինները հետամուտ կլինեն իրավունքների իրացմանը, եւ ամեն մի նման խոչընդոտելու դեպք շատ արագ արձագանք կստանա»։