Նախօրեին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա էր այցելել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ով հավանաբար հետեւելով Աննա Հակոբյանի օրինակին, պարբերաբար, ըստ պաշտոնական հաղորդագրությունների «Վարպետաց դասեր» է անցկացնում, դասախոսություններ է կարդում տարբեր լսարաններում: Այս անգամ «թիրախը» կուրսանտներն էին: Ակադեմիայի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութը շատ տարածվեց համացանցով, ըստ դատախազության` մոնտաժված կադրեր տարածվեցին, որտեղ իբրեւ թե կուրսանտները խոնարհվում են դատախազի առաջ, իրականում` ընդամենը նստելու պահն էին կտրել, տարածել: Բայց ամեն դեպքում փաստ է, որ դատախազը գնացել է Ակադեմիա, սաները ոտքի են կանգնում, և միասին բացականչում.«Ողջույն, տիկին գլխավոր դատախազ»:
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող, պահեստազորի մայոր էդգար Հովհաննիսյանը «Հրապարակի» զրույցում անդրադառնալով այս հանդիպմանն, ասաց, որ զինված ուժերում իր ծառայության ժամանակներից է հիշում, որ փակ տարածություններում, դահլիճներում, զորամասներում երբ վերադասը մտնում է, նրան ուղեկցող անձը «պարոնայք սպաներ» հրամանն է տալիս, ինչից հետո սպայական անձնակազմը ոտքի է կանգնում: Դա էլ հենց պատվի առնելու նշան է. «Ընդ որում, մուտք գործողը ողջունում է անձնակազմին և «ազատ» հրամանն է տալիս, այնուհետև ուղեկցողը կրկնում է այդ հրամանն ու անձնակազմը նստում է տեղերում: Երբ որ նույն տարածքում տարբեր կոչումներ ունեցող անձնակազմ է լինում, ուղեկցող անձը հրաման է տալիս «ոտքի» և նույն արարողությունը կրկնվում է նաև այս կտրվածքով, պաշտոնատար անձը ողջունում է ու «ազատ» հրամանն է տալիս: Նույն հրամանը կրկնում է ուղեկցող անձը և զինվորական անձնակազմը նստում է իր տեղերում»,-պարզաբանում է Հովհաննիսյանը: Այն ողջույնը, որով ռազմական ակադեմիայի անձնակազմը ողջունել է ՀՀ գլխավոր դատախազին, շարային կանոնադրությամբ չի նախատեսվում դահլիճներում՝ պարզաբանում է էդգար Հովհաննիսյանը: Նա ենթադրում է` եթե ողջույնի պահն անգամ ըստ արարողակարգի չեն իրականացնում, շարային կանոնադրությունը լավ չեն սովորեցնում, ապա կարելի է պատկերացնել, ինչ բացթողումներ են թույլ տալիս ուսուցման գործընթացում` «մարտավարության, կապի, հրետանային ոլորտներում», ինչը հետագայում բացասական կանդրադառնա Զինված ուժերի մարտունակության վրա: ««Ողջույն, տիկին դատախազ» նման զինվորական ողջույն նախատեսված չէ փակ դահլիճներում»՝ եզրափակում է Էդգար Հովհաննիսյանը: