Վերջին մեկ տարում ուկրաինական պատերազմի թեմայով բազմաթիվ հոդվածներ եմ ներկայացրել «Հրապարակի» խմբագրություն։ Կատարել եմ նաև բազմաթիվ ֆեյսբուքյան գրառումներ՝ հետապնդելով մի քանի նպատակ։ Նախ, այդ պատերազմի ելքով է պայմանավորված, դժբախտաբար, ոչ միայն Արցախի, այլ հենց Հայաստանի Հանրապետության ճակատագիրը։ Ինչը, զարմանալիորեն, չի ընկալվում իրեն հայրենասեր համարող բավական մեծ զանգվածի կողմից։ Երկրորդ, փորձել եմ համեմատականներ տանել 44-օրյա ու ուկրաինական պատերազմների նկատմամբ արևմտյան երկրների վերաբերմունքի առումով։ Ինչը պայմանավորված էր Ռուսաստանի նկատմամբ անհանդուրժողականությամբ ու Ադրբեջանի, ինչպես ավելի ուշ բացահայտվեց, «հուսալի գործընկեր» լինելով։ Դրա լույսի ներքո ներկայացնել, թե որքան կեղծ կարող է լինել արևմտյան աշխարհը ժողովրդավարության և այլ սկզբունքներ վկայակոչելիս։ Դա ևս, ի վերջո, պետք է դաս լինի մեզ, որպեսզի նիկոլանման միամտությամբ, նրան հեռացնելուց հետո չփորձենք Արևմուտքին «վաճառել» մեր ժողովրդավարությունը՝ իրական թե մտացածին։ Եվ, վերջապես, ներկայացնել ուկրաինական ժողովրդի դժբախտությունը չկշռադատված ձգտումը (Հյուսիսատլանտյան դաշինք ներառվելու) կյանքի կոչելու դեպքում։ Այն, ինչ սպասվում է նաև մեզ, եթե հնարավորինս մոտ ապագայում չկարողանանք ազատվել Փաշինյան Նիկոլի իշխանությունից։
Ներկայացրել եմ նաև, որ Ուկրաինայում և արևմտյան երկրներում որպես ագրեսոր ներկայացվող Ռուսաստանը բացարձակ նման չէ իրական ագրեսորին, որին մենք տեսել ենք 44-օրյա պատերազմում։ Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական գործողությունների միջև, ինչպես ասվում է, սարեր ու ձորեր են ընկած։ Եվ իրական ագրեսորին ճանաչելու համար ընդամենը բավարար է դիարկել մեկ ամսվա, կամ մեկ շաբաթվա և թեկուզ մեկ օրվա ռազմաճակատային իրադարձությունները։ Եվ այսօր «Հրապարակի» ընթերցողներին կներկայացնեմ երկու երևույթ, որոնք գուցե ռուսատյացների շրջանում երևույթները վերաիմաստավորելու հիմք կհանդիսանան։
Ռուս-ուկրանական պատերազմում ներառված՝ «Վագներ» անվանումով մասնավոր ռազմական ընկերության (անգլերենով՝ PMC - private military company, ռուսերենով՝ ЧВК - частная военная компания) հիմնադիր, ռուսաստանյան գործարար Եվգենի Պրիգոժինը դիմել է Ուկրաինայի նախագահ Վլ․ Զելենսկուն շրջապատված Բախմուտ քաղաքից «երեխաներին և ծերերին» դուրս բերելու առաջարկով։ Խոսքը ուկրաինական զինված ուժերում հավաքագրված՝ մինչև 18 տարեկան պատանիների և տարիքն առած անձանց մասին է, որոնք վերջերս նկատվել են «վագներականների» կողմից։ «Նրանք մարտնչում են, բայց նրանց կյանքը Բախմուտի տակ կարճ է՝ մեկ կամ երկու օր: Տվեք նրանց քաղաքը լքելու հնարավորություն, քաղաքը փաստացի շրջապատված է»,- տեսաուղերձում ասել է Պրիգոժինը։ Ի դեպ, «վագներականների» կողմից ուկրաինացի զինվորականներին շրջապատված քաղաքը լքելու հնարավորություն է տրվել նաև այս տարվա սկզբին Սոլեդար քաղաքն ազատագրելիս (կամ գրավելիս՝ ում ինչպես հարմար է)։ Իսկ հիմա վերհիշեք 35 տարի առաջ խաղաղ բնակչության նկատմամբ «Սումգաիթ» կազմակերպած, իսկ անցյալ տարի գերի զինորներ գնդակահարած ադրբեջանցիներին և որոշեք, թե ինչ է նշանակում լինել ագրեսոր։ Ի դեպ, վերջերս գերի ռուս զինվորներ գնդակահարել են նաև ուկրաինացիները։
Անցնենք առաջ։ Երկրորդ երևույթը ևս այնքան էլ չի համադրվում ագրեսոր պետության վերաբերյալ պատկերացումների հետ։ Մեկ տարի առաջ Ուկրաինայի Լուգանսկի մարզի Սվատովո շրջանային քաղաքի համար մղվող մարտերում աչքի է ընկել հրետանային, այսպես կոչված, «Գրոզնիի դիվիզիոնը»։ Դրա հրամանատարը խորհրդային, այնուհետև ռուսական բանակի կադրային նախկին սպա, 54-ամյա Յուրի Միխայլովիչն է։ Որը զորամասի կազմացրման և ԶՈՒ-ից արձակման հետևանքով ստիպված վերածվում է գործարարի։ Ապա դաձել է միլիոնատեր, իսկ ռուս-ուկրաինական պատերազմի հենց սկզբից թողել ռուսական էլիտայի՝ մերձմոսկովյան Ռուբլյովկա ավանի տունը և կամավորագրվել ռուսական բանակին։ Անձնական միջոցների հաշվին համալրել է հրետանային դիվիոնի ողջ սպառազինությունը՝ ձեռք բերելով նաև ԱԹՍ և անհրաժեշտ այլ միջոցներ, կահավորել է հրամանատարական կետը և աչքի ընկել որպես գրագետ հրամանատար։
Քանի որ մեզանում կասկած չկա, որ ադրբեջանական բանակն ագրեսոր է, փորձեցի պատկերացնել ադրբեջանական բանակի նման մի սպայի ու չկարողացա։ Մեկ տարի հետևելով պատերազմի ընթացքին՝ նմանատիպ երևույթ չեմ նկատել նաև հանուն ազատության մարտնչող ուկրաինական բանակում։ Սակայն բավականաչափ նյութեր եմ կարդացել այդ բանակում տիրող կոռուպցիոն երևույթների վերաբերյալ, որոնց արդյունքում, օրինակ, պաշտպանության փոխնախարար է պաշտոնանկ արվել։ Հնարավոր է՝ ձևականորեն սեփական դիմումի հիման վրա։ Ռուսական բանակում առկա այդ երկու երևույթը ես կհամեմատեի մեր բանակի հետ, բայց մենք կռվում էինք հանուն ազատության, չէ՞․․․
Վերջաբանի փոխարեն։ Ամերիկյան «Նյու-Յորք Թայմս» պարբերականն օրերս արձանագրել է «ամերիկացիների հոգնածությունն Ուկրաինային աջակցելուց»։ Ըստ հոդվածում ներկայացված վերջին հետազոտությունների, Ուկրաինային տրամադրվող օգնության հանրային աջակցությունը 2022-ի մայիսի 60% -ից նվազել է 48%-ի: Միաժամանակ, այդ օգնության դեմ հանդես եկող ամերիկացիների մասնաբաժինը 7%-ից աճել է 20%-ի: Հանրապետական կուսակցության ստրագետ և ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Էնդի Սուրաբյանի մեկնաբանությամբ նման բան տեղի է ունենում թշնամական ներխուժման յուրաքանչյուր դեպքի առումով: Առաջին ամիսների ընթացքում մարդիկ մերժում էին Ռուսաստանի գործողությունները: Բայց ժամանակի ընթացքում պատերազմից հոգնածությունը դառնում է իրականություն, հատկապես ԱՄՆ-ի նման երկրում, որտեղ ընտրողներն Ուկրաինայում տեղի ունեցածը չեն կապում իրենց իսկ անվտանգության հետ: Ավելի վաղ պարբերականը գրել էր, որ Բայդենը բախվել է Ուկրաինայի աջակցության նպատակով ստեղծված կոալիցիայի միասնությունը պահպանելու խնդրին: