Հասարակություն

«Հրապարակ». Կարգալույծ արված հոգեւորականը բախումնե՞ր է հրահրում

«Հրապարակ». Կարգալույծ արված հոգեւորականը բախումնե՞ր է հրահրում

Երեկ տեղեկացանք, որ Արագածոտնի թեմի առաջնորդի եւ մյուս քահանաների դեմ Հանրայինի եթերում մեղադրանքներ հնչեցրած եւ սրբազանի կալանավորման պատճառ դարձած քահանան՝ Տեր Արամը, կարգալույծ է արվել․ նա հիմա կրում է Ստեփան Ասատրյան անունը: Կարգալույծ արվելու որոշման պատճառները, ըստ Եկեղեցու, մի քանիսն են․
ա․ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ եկեղեցին, թեմակալ առաջնորդին եւ ծառայակից եկեղեցականներին։
բ․ Անտեսելով թեմակալ առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատեւել է կարգազանց ընթացքի մեջ։
գ․ Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց։
դ․ Երիցս համառել է ներկայանալ հանձնախմբի նիստերին՝ շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաեւ իր անհարգալից վարքագծով դրժել է հնազանդության ուխտը:
Բայց պարզվեց, որ Տեր Արամը, այժմ՝ Ստեփան Ասատրյանը, չի պատրաստվում նահանջել․ նա գործողությունների մշակված պլան ունի: Իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, կիրակի օրը հրավիրում եմ բոլորիդ Սուրբ Հովհաննավանք` մասնակցելու Սուրբ եւ Անմահ Պատարագին։ Սուրբ Պատարագը կմատուցեմ ես` Ձեր Տեր Արամ քահանան»:

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ եկեղեցու սպասավորներից։ Օհանավանի Հովհաննավանքում ժամանակավոր ծառայության նշանակված Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Ստեփան Ասատրյանի՝ կիրակի օրը վանքում պատարագ անելու մասին հայտարարությանը, ասաց. «Թող անեն»: Հարցին, թե գուցե կարգալույծ արված քահանան փորձում է բախումնե՞ր հրահրել, պատասխանեց. «Իհարկե, փորձում է՝ ինչպես միշտ: Թող անեն: Իսկ այդ հայտարարությանը լավագույնս կպատասխանի Մայր Աթոռը»:

Հետաքրքրվեցինք․ իսկ Օհանավանի բնակիչները, որոնք օրեր առաջ իրեն վատ էին վերաբերվել, չե՞ն զղջացել։ Ասաց՝ որքան Արցախի կորստի, հազարավոր հայորդիների զոհվելու համար են ափսոսացել, ցավ ապրել, այնքան էլ այդ դեպքի առթիվ կզղջան: Իսկ կիրակի օրը մարդիկ կգնա՞ն վանք՝ պատարագի, թե՞ ոչ։ «Չգիտեմ»,- ասաց նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image