ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հայտարարել է, որ ԿԸՀ-ի շենքի մոտ նախատեսված հավաքը միայն սկիզբն է, և եթե, իր խոսքով, չդադարեցվեն իրավական կամայականություններն ու անօրինական գործողությունները, բողոքի ակցիաները կարող են ավելի լայն մասշտաբներ ստանալ։
Սուրենյանցը Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձում նշել է, որ իշխանությունների գործողությունների շարունակման դեպքում Երևանի փողոցներն ու պետական կառույցների հարակից տարածքները կարող են լցվել հազարավոր քաղաքացիներով։
Ավելի վաղ ԲՀԿ ներկայացուցիչները սոցիալական ցանցերում կոչ էին արել քաղաքացիներին և կուսակցության համակիրներին հավաքվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու, ինչպես նաև, իրենց գնահատմամբ, ընտրական գործընթացում արձանագրված անարդարությունների դեմ բողոքելու նպատակով։
Հրապարակված հայտարարության մեջ նշվել էր, որ քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը վտանգված է, իսկ տեղի ունեցածը գնահատվել էր որպես ընտրողների ձայների յուրացում, որը, ըստ հեղինակների, չպետք է մնա առանց արձագանքի։
«Սա ընդամենը սկիզբն է ու եթե նա դադար չտա իրավական բեսպրեդելին ու կամայականություններին, կառավարական բոլոր շենքերն ու Երևանի փողոցները հեղեղվելու են տասնյակ հազարավոր մարդկանցով»,-ասել է նա: