Հասարակություն

Փոքր բիզնեսին այլ բան չի մնալու, քան փակվել կամ թողնել գնալ

Փոքր բիզնեսին այլ բան չի մնալու, քան փակվել կամ թողնել գնալ

Հարկային ոլորտում նախատեսվող փոփոխություններն առաջիկայում կարող են Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի փակման պատճառ դառնալ։ «Այսօր Հայաստանում բիզնես պահելը շատ մեծ պրոբլեմ է»,- «Հրապարակ»-ին ասում է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը։

Կառավարությունը բյուջեն լցնելու խնդիր ունի, քանի որ ձախողել է հավաքագրումները։ Առհասարակ, նման պայմաններում օրինաչափ է, որ իշխանությունը գնա ծախսերի կրճատման ճանապարհով, բայց ծախսերի կրճատման մասին խոսք չկա, փոխարենը կա գնաճ, ու այս ոչ բնականոն վիճակում, ինչպես ասում են, իշխանությունը ելքը գտել է՝ «բիզնեսին քերելու» մեջ։

Մասնագետը բացատրում է՝ բյուջեի պլանավորման մեջ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է դա արվում, եւ ինչպես է գնահատվում երկրի տնտեսության ներուժը․ կարելի է պլանավորել փոքր բան եւ հարյուր տոկոսով կատարել՝ գլուխ գովալ, բայց արդյո՞ք դա կհամապատասխանի տնտեսության ներուժին, եւ հակառակը՝ պլանավորել մեծ բան ու չկատարել՝ կրկին պլանավորման ժամանակ անտեսելով տնտեսության ներուժը։ 

«Ես չգիտեմ՝ ի սկզբանե ինչպես են կանխատեսել, որ դա կկատարվի։ Սովորաբար, բյուջեի մուտքերի պլանավորումը կատարվում է նախորդ տարիների հիման վրա՝ դրա միջինացված թվերով։ Ես այդ մասին շատ եմ խոսել․ մենք անընդհատ հակառուսական քայլերի ականատես ենք լինում՝ թե՛ բանկային համակարգի կողմից, թե՛ նույն՝ վարչարարություն իրականացնող մարմինների, առանց հաշվի առնելու, որ քո տնտեսական աճը պայմանավորված է ռուսական գործոնով։ 2022 թվականից առայսօր ռեէքսպորտի՝ վերաարտահանման շնորհիվ Հայաստանն արձանագրել է տնտեսական ակտիվության աճ։ Այսինքն՝ երբ դիտարկում ենք տնտեսության կառուցվածքի որակական կողմը, ծառայություններն ու առեւտուրն է գերակշռում, որը որակական բնութագրիչ չէ, մենք չունենք արտադրության ոլորտներ։ Որպես ԵԱՏՄ անդամ երկիր, Հայաստանի միջոցով վերաարտահանում է արվում։ Օրինակ, անցած տարվա նոյեմբերից մինչեւ այս տարվա մայիս ամիսը ներառյալ, հսկայական քանակի ոսկի է ներմուծվել եւ արտահանվել, եւ այդ գործոնի շնորհիվ հսկայական գումար է մուտք եղել բյուջե։ Հիմա, նախորդ մուտքերի հիման վրա իրենք պլանավորել են մի բան եւ այսօր տակից դուրս չեն գալիս՝ հաշվի առնելով, որ այդ նույն՝ ոսկու գործոնն արդեն չկա, քանի որ ՌԴ-ում արդեն այդ ապրանքատեսակի առումով ազատ վիճակ է, նախկինում արտահանման տուրքեր էին սահմանված, ուստի Հայաստանի միջոցով էին բերում։ Բազմաթիվ այլ ապրանքատեսակներ են Հայաստանի միջոցով գնում»,-ասում է Ֆարմանյանը։

Մեր զրուցակիցը պատահական չի համարում, որ, օրինակ, խոշոր հարկատուների ցանկում առաջինը «Մոբայլ Սենթրն» է, որն ընդամենը ՌԴ վերաարտահանող կազմակերպություն է։ Մեկ այլ օրինակ․ Հայաստան ռուբլի է մտնում միայն ՎՏԲ բանկի միջոցով, ու, ըստ տնտեսագետի, եթե դիտարկում ենք, թե ինչ է կատարվում, պետք է արձանագրենք, որ իշխանությունը կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է։ Նրա խոսքով, հակառուսական քայլերի արդյունքում մի օր լսում ենք, որ կոնյակի արտահանման հետ կապված խնդիր կա, մեկ այլ անգամ՝ գյուղմթերքի, եւ, բնականաբար, այս պայմաններում բյուջեն չպետք է կատարվի։ 

«Եթե հանենք առեւտուրը, ծառայությունները, «Վիվառոն» ու ռեստորանները` ոչինչ չկա»,- ասում է մեր զրուցակիցը՝ մեկնաբանելով այն տնտեսական իրողությունները, որոնց բախվել է կառավարությունը եւ որոնց պայմաններում մտադիր է հարկային քաղաքականությունը կոշտացնել: Մենք հիշեցինք, որ այս օրերին նախագիծ է քննարկվում` հարկային հանցագործությունների համար ազատազրկում նախատեսելու, եւ որոշել են հարկային դաշտ բերել տաքսու վարորդներին։

«Ես բազմիցս եմ ասել, որ սա ազդելու է արտագաղթի տեմպերի վրա, որովհետեւ փոքր բիզնեսը չհարկելը սոցիալական խնդիր է լուծում։ Մյուս տարվանից նախատեսվում է վերացնել շրջանառության հարկը, որը, միանշանակ, հարվածելու է փոքր ու միջին բիզնեսին։ Եկամտահարկի հետվերադարձի հարկումը, բնականաբար, կազդի բիզնեսի վրա, դիվիդենտն են հարկում, եկամուտների հայտարարագրման համակարգն է ներդրվում, այսինքն՝ զուտ շահույթը։ Այս ամենը չի բխում բիզնեսի շահերից»:
 Իսկ 10 միլիոն դրամ եւ ավելի խախտման դեպքում գործարարին 4-8 տարով կալանավորելու նախաձեռնությանը, որի մասին վերջին օրերին ահազանգեր հնչեցին, տնտեսագետն ուղղակի աբսուրդ է համարում։ «Դա նորմալ չէ եւ գալիս է զուտ նրանից, որ երկրի տնտեսական ակտիվությունը ճիշտ չէ գնահատված, ու հիմա կառավարությունը փաստի առաջ է կանգնել։ Այդ բողոքները ես էլ եմ լսել։ Իրականում, բիզնեսից դժգոհություն կա»։

Հայկ Ֆարմանյանը, որ ՊԵԿ համակարգում աշխատանքի փորձ ունի, օբյեկտիվության համար արձանագրում է՝ վերջին տարիներին այնպես չի եղել, որ բիզնեսին ստիպեն՝ իքս գումարը վճարել, այն դեպքում, երբ նախկինում՝ մինչեւ 2016-2017 թվականը, երբ հարկային ստուգում էր իրականացվում, չգրված օրենքով` բիզնեսին ստիպում էին որոշակի գումարներ վճարել։ Հիմա դա չկա, բայց փոխվել են հարկային քաղաքականության մեխանիզմները, որոնք վերեւում թվարկեց մեր զրուցակիցը։
Շարունակելով ներկայացնել շրջանառության հարկի փոփոխության աղետալի հետեւանքները փոքր բիզնեսի համար՝ Ֆարմանյանն ասում է, որ բյուջեում շրջանառության հարկն ընդամենը 3 տոկոս է կազմում, բայց փոքր բիզնեսը հենց դրանով է շնչում։ «Հիմա նրանց ասել, որ պետք է ընդհանուր հարկման դաշտում ԱԱՀ-ով աշխատես, նշանակելու է, որ այդ մարդիկ թողնելու են՝ երկրից գնան, ծառայություններն են թանկանալու։ Այսինքն՝ հարկային տեռորն ավելի շատ արտահայտվում է այդ փոփոխվելիք մեխանիզմներով, քան ստուգումների միջոցով՝ ուղիղ միջամտությամբ»,- բացատրում է նա՝ կանխատեսելով, որ այս ամենի հետեւանքով առաջիկայում տնտեսական իրավիճակը վատթարանալու է։ Նրա խոսքով, պրակտիկ ոլորտի փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում կարողանում են դիմանալ միայն այն գործարար սուբյեկտները, որոնք ֆինանսական խնդիր չունեն, օրինակ, տարածք չեն վարձակալում։ Մյուսներին այլ բան չի մնում, քան փակվելը կամ պարզապես երկիրը լքելը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image