Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ընտրությունների հարցը ԿԸՀ-ի հետ չի քննարկել

Նիկոլ Փաշինյանը ընտրությունների հարցը ԿԸՀ-ի հետ չի քննարկել

Մարտի 18-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հունիսի 20-ին կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Թե ում հետ էր նա այդ հարցը քննարկել, արդյոք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղյա՞կ էր դրանից, թե՞ ոչ, որեւէ մեկը չասաց։ Մարդն ինքն իր համար որոշել է, որ պետք է ընտրություն անցկացնել, ու վերջ՝ այդ մասին հայտարարում է։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ այդ օրերին կապ հաստատել չէր լինում, ինչը եւս տարօրինակ էր, տպավորություն էր, թե ԿԸՀ-ում էլ չգիտեն ինչ պատասխանեն, դրա համար չեն արձագանքում զանգերին։ Երեկ կարողացանք խոսել Տիգրան Մուկուչյանի հետ։

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանն իր հետ քննարկել-համաձայնեցրե՞լ է հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների գնալու որոշումը, ընտրված օրը, Մուկուչյանն անորոշ պատասխան տվեց․ «Ընտրությունների օրվա նշանակման մեխանիզմը սահմանված է, չէ՞։ Էդ կարգով նշանակվում են ընտրություններ, դրանից հետո ԿԸՀ-ի գործառույթները սկսվում են»։

- Այսինքն՝ Ձեզ համար անակնկա՞լ էր նրա որոշումը։

- Արտահերթ կամ հերթական ընտրությունները նշանակվում են նախագահի հրամանագրով։ Հենց նշանակվում են, մեր գործառույթները նոր մեկնարկում են։

- Գուցե սահմանված կարգից շեղվե՞լ է վարչապետը՝ ընտրության օրը հունիսի 20-ին «նշանակելու» մասին հայտարարություն անելով, այդ թվում՝ ժամկետների մասով։

- Ընտրությունների նշանակման իրավական հիմքը նշեցի՝ հանրապետության նախագահի հրամանագիրն է։ Հրամանագիրը կլինի, էդ օրվանից կհաշվարկենք ժամկետները եւ կսահմանենք ժամանակացույցը։

- Այդուհանդերձ, վարչապետը Ձեզ հետ քննարկե՞լ է ընտրությունների անցկացման օրը, թե՞ չի քննարկել։

- Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ նման հարց չի քննարկվել։

- Այսինքն՝ Դուք էլ առաջին անգամ նրա հայտարարությունից եք իմացել այդ մասին։

- Այդ հայտարարությանը ծանոթացել եմ էնպես, ինչպես մյուսները։

- Ի դեպ, հիմա շատ է խոսվում հետեւյալի մասին՝ մենք այս ընտրություններին կմասնակցենք գործո՞ղ Ընտրական օրենսգրքով, թե՞ պետք է փոխենք, նոր գնանք ընտրության։ Դուք իրատեսական համարո՞ւմ եք, որ այդ ընթացքում կհասցնեն փոխել Ընտրական օրենսգիրքը։

- Պետք է սպասել, տեսնել։ Ես էս պահին տեղեկացված եմ, որ առկա է նախագիծ։ Հիմա այդ նախագիծը քննարկվում է, կընդունվի կամ ինչպես կընդունվի եւ այլն, պետք է սպասել, եւ այն մարմինը, որը դրա հասցեատերն է, հարցադրումներն ուղղել իրեն։

- Բայց ԿԸՀ-ն ընտրությունների կազմակերպիչն է, կկարողանա՞ սեղմ ժամկետում ապահովել փոփոխությունների կիրարկումը։

- Դրա համար եմ ասում՝ պետք է հասկանալ, երբ որ կընդունվի, կտեսնենք՝ ինչի մասին է խոսքը, ինչ ծավալի մասին է եւ այլն։ Այսինքն՝ բոլոր հարցադրումներին ճիշտ է անդրադառնալ հետագայում, երբ մենք արդեն կունենանք համապատասխան օրինագիծ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image