Մարդկանց կյանքի անվտանգության ապահովումն առաջնահերթ է: Այսպես է բոլոր կայացած պետություններում, սակայն ո՛չ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» դարձած, շատ բաներով թարս գնացող, բայց «իրական» կոչված Հայաստանում։ Հանրապետական նշանակության Իջեւան-Վազաշեն-Պառավաքար-Բերդ ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածը նախկին տարիներին հաճախ էր գնդակոծվում ճանապարհի դիմացի բարձունքների հենակետերում ամրացած ադրբեջանական զինուժի կողմից։
Միայն 2013 թվականի ընթացքում սահմանի այդ հատվածում ադրբեջանական կրակոցներից 3 զինվորական է զոհվել, եղել է 11 վիրավոր, որից երկուսը՝ քաղաքացիական անձ: Վաղուց արդեն անհրաժեշտություն էր սահմանի այդ հատվածում կառուցել ադրբեջանական գնդակոծություններից համեմատաբար ապահով, շրջանցիկ ավտոճանապարհ, ինչպես նաեւ՝ հիմնական ճանապարհն ադրբեջանական զինուժի գնդակոծություններից պաշտպանող անվտանգության պատ։
Վազաշեն-Պառավաքար հատվածում շրջանցիկ ճանապարհի շինարարությունը սկսվեց 2013 թվականին: Շինարարության մրցույթը շահեց «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն: 2014թ. սեպտեմբերին փոխվեց ճանապարհի կառուցապատողը, գործը տրվեց Երեւանի «Խաչհար» ՍՊԸ-ին: Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ երկարությամբ, 6-7 մետր լայնությամբ շրջանցիկ ավտոճանապարհի շինարարությունը նախատեսված էր ավարտվել 2014թ. հունիսին, սակայն այն գործարկվեց նախատեսվածից մեկ տարի ուշ` 2015թ. հուլիսին: Այդ նպատակով պետական բյուջեից ի սկզբանե նախատեսված էր 535 միլիոն դրամ, 2014 թ. սեպտեմբերին այդ նպատակով պետբյուջեից լրացուցիչ հատկացվեց 55 միլիոն դրամ: Ճանապարհամերձ մի հատվածում, որը տեսանելի է ադրբեջանական դիրքերից, կառուցվեց երթեւեկն ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանող 150 մետր երկարությամբ եւ 5.5 մետր բարձրությամբ պատ: 2020 թվականին այդ պատի մի հատված քանդվեց, եւ ավտոճանապարհը, երթեւեկող ավտոմեքենաները, դրանցում գտնվող անձինք ադրբեջանական հենակետերի համար դարձան խոցելի թիրախներ։
Սպասվում էր, որ անվտանգության պատի վնասված հատվածը շուտ կվերականգնվի։ Սակայն գրեթե 6 տարի անց այն չի վերականգնվել։ Դեռ 2023թ․ մայիսի 8-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում էի արել, թե երբ է վերականգնվելու անվտանգության պատի քանդված հատվածը։ Մարզպետը պատասխանել էր․ «Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհի գաբյոնե հենապատի եւ երթեւեկամասի վերականգնումն ընդգրկված է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագրում, որը նախատեսված է իրականացնել 2023թ.-ին»: Անցել է ավելի քան 2 տարի։ 2025թ․ մայիսի 16-ին նույն խնդրով կրկին հարցում էի արել մարզպետ Ղալումյանին: Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Իջեւան-Բերդ ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհի պաշտպանող քանդված մասը կնորոգվի առաջիկայում՝ ընթացիկ նորոգման աշխատանքների շրջանակում»։ Սակայն պատի քանդված հատվածն այդպես էլ չվերականգնվեց։
2025 թ. դեկտեմբերի 16-ին նույն խնդրով վերստին հարցում եմ կատարել Տավուշի մարզպետին։ Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «2026թ․ պետական բյուջեի միջոցներով ՀՀ ՏԿԵՆ պատվիրատվությամբ նախատեսված է իրականացնել Հ37/Մ-4/-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 0+000-կմ 17+300 հատվածի հիմնանորոգման (Կայանավան-Պառավաքար հատված) աշխատանքները։ Գաբիոնե վնասված հենապատի վերականգնումը կիրականացվի նշված ծրագրի շրջանակներում»։
Պետբյուջեից հարյուրավոր միլիոն դրամներ են մսխվում ոչ արդյունավետ աշխատող պաշտոնյաներին պարգեւատրելու համար, այդ գումարների չնչին մասով սահմանին գտնվող անվտանգության պատի քանդված մասը կարող էր վերականգնվել, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքված չէ, ցանկացած ժամանակ Ադրբեջանը կարող է նախահարձակ լինել, այդ թվում՝ սահմանի նշված հատվածում, սակայն սահմանամերձ ճանապարհով երթեւեկի անվտանգության պատի քանդված հատվածը 6 տարում չեն կարողանում վերականգնել։