Շուրջ մեկ տարի է, ինչ ամենօրյա ռեժիմով հետեւում եմ ռուս-ուկրաինական պատերազմին: Դա նրանից չէ, որ ես ռազմական փորձագետ եմ: Եվ ո՛չ էլ այն սոսկ հետաքրքրության խնդիր է ինձ համար: Բազմիցս եմ ասել՝ Արցախի եւ ընդհանրապես մեր ճակատագիրը մեծ հաշվով կախված է այն բանից, թե ինչպես կավարտվի պատերազմը: Կարող եմ վստահաբար ասել, որ Ռուսաստանի հաղթանակի դեպքում Արեւելքից մեզ դրկից բեղավոր խանը ստիպված կլինի սահմանափակել ախորժակը: Իսկ ՌԴ-ի պարտության դեպքում… Չէ, չեմ կարծում, թե նման վերջաբան կունենա այդ պատերազմը, քանի որ ՌԴ ղեկավարի մակարդակով հայտարարվել է, որ այդ դեպքում ինքը կդիմի տակտիկական միջուկային զինանոցի օգնությանը: Ինչը, կարծում եմ, կհանգեցնի ստրատեգիականի օգտագործմանը եւ համաշխարհային պատերազմի առաջացմանը: Իսկ թե ինչ կլինի դրանից հետո՝ Աստված գիտի…
Այնուամենայնիվ, ենթադրենք, թե հրաշք տեղի կունենա, եւ Ռուսաստանը չի կիրառի միջուկային զինանոցը եւ կընդունի իր պարտությունը: Այսինքն՝ տեղի կունենա այն, ինչ նախագծում էին Արեւմուտքում, եւ ինչ երազում են տեղական արեւմտամետները: Այդ դեպքում Ռուսաստանը կբաժանվի մի քանի տասնյակ մասերի: Արդյունքում կունենանք երկու տարբերակ՝ մի դեպքում դա կհանգեցնի ընդամենը նոր պետությունների գոյացմանը: Իսկ մյուս դեպքում՝ կենտրոնի եւ նրանից անջատված մասերի միջեւ պատերազմին: Սակայն առաջին դեպքում եւս պատերազմը բացառված չէ. այն կարող է ծագել հարեւանների միջեւ՝ ճիշտ այնպես, ինչպես տեղի ունեցավ նախորդ դարի 90-ականների սկզբին: Օբյեկտիվորեն ստացվում է խաղաղ տարբերակի փոքր հավանականություն: Իսկ պատերազմը կհանգեցնի քաոսի՝ որ տարբերակով էլ լինի: Եվ, ի՞նչ եք կարծում՝ այդ քաոսի մեջ Թուրքիան հանգիստ նստելո՞ւ է տեղը: Թե՞, այնուամենայնիվ, Ադրբեջանի միջոցով եւ նրա տարածքով՝ Նախիջեւանն էլ հետը, հասնելու է իր նպատակին՝ «Արեւմտյան Զանգեզուրը հետ բերելուն»: Թե՞ արեւմտյան երկրներն են զորք հասցնելու Հայաստան եւ պատերազմելու ընդդեմ ՆԱՏՕ-ական Թուրքիայի: Նույնիսկ մեր օրերում, երբ Թուրքիայի նախագահը խաղում է երկդիմի իր խաղը, ոչինչ անել չեն կարողանում: Անկեղծ ասած, ուղղակի զարմանում եմ ֆեյսբուքյան իմ ընկերների վրա, որոնք տարբերվում են պապյանարաներից իրենց լրջությամբ ու հայրենասիրությամբ, սակայն նման վերլուծություն կատարել չեն կարողանում կամ չեն ցանկանում: Ու շարունակում են երազել Ռուսաստանի պարտության մասին:
Ի տարբերություն վերը նշված անձանց՝ Արեւմուտքում, օրինակ, վաղուց արդեն հույս չունեն, որ Ռուսաստանը կարող է պարտվել: Եվ լրջորեն քննարկվում է խաղաղության մի տարբերակ, որը ստացել է «երկու Կորեաների սցենար» անվանումը: Այդ գաղափարը ներկայացվել է արեւմտյան ամենահեղինակավոր ուղեղային կենտրոններից մեկի՝ RAND corporation-ի կողմից: Որքան հասկանում եմ, հենց դրա հիման վրա է մշակվել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի կողմից Ուկրաինայի նախագահ Վլ. Զելենսկուն ներկայացված ծրագիրը՝ «Սալիվանի բանաձեւը»: Այն ենթադրում է ՌԴ-ի տիրապետության տակ անցած Դունբասի արեւելյան եւ մերձազովյան երկուական մարզերի, ինչպես նաեւ Ղրիմի թերակղզու անջատումն Ուկրաինայից: Եվ կա՛մ երկու Ուկրաինաների ստեղծումը, կա՛մ այդ տարածքների հանձնումը Ռուսաստանին (երկրորդ դեպքում այդ վերջաբանը մի փոքր տարբերվելու է կորեական սցենարից): Ինչից հետո, ենթադրաբար, Արեւմտյան Ուկրաինան ներառվելու է ՆԱՏՕ-ի կազմում: Բայց հաշվի առնելով հանրաքվեների միջոցով վերը նշված տարածքների՝ արդեն տեղի ունեցած ներառումը Ռուսաստանի կազմ՝ «երկու Կորեաների սցենարի» իրականացման առումով ես խնդիրներ եմ տեսնում. չեմ կարծում, թե ՌԴ-ն կհամաձայնի նման տարբերակին:
Ամեն դեպքում, Արեւմուտքում արդեն հրաժարվել են ուկրաինական հաղթանակի տեսլականից, չնայած շարունակում են զինել ուկրաինական բանակը եւ վարժեցնել ուկրաինական զինվորներին: Արեւմուտքում հրաժարվել են նաեւ այն գաղափարից, որ պատերազմ շարունակելը հօգուտ Ուկրաինայի է: Մի քանի ամիս այդ գաղափարն էր առաջնային, ու սպառազինության հատկացումն իրականացվում էր հենց այդ «սոուսով»: Բայց երբ ՌԴ նախագահը լրջորեն խոսեց պարտության դեպքում տակտիկական միջուկային զենքի օգտագործման հնարավորության մասին, Ուկրաինայի հաղթանակից խոսում են միայն իրենց երկրում: Բայց այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի սպառազինության մատակարարումն ու զինվորներին վարժեցնելը՝ կհարցնի ընթերցողը: Կարծում եմ, որ պատճառը, նախ, այդ պատերազմն Արեւմուտքի տեսակետից արժանապատիվ ավարտելու խնդիրն է: Եվ երկրորդ՝ պատժամիջոցների ներքո պահելով ու պատերազմի միջոցով Ռուսաստանին հնարավորինս երկար ու հիմնավորապես «խեղճացնելը»:
Չնայած այդ գաղափարը եւս իրատեսական չէ, քանի որ, ըստ ռուսական տելեգրամյան ալիքների, հայրենական կապիտալով ռուսական արդյունաբերության հագեցվածությունը պատերազմի սկզբի 50 տոկոսից հասել է 80 տոկոսի: Ինչը շատ լուրջ առաջընթաց է Ռուսաստանի ինքնաբավության առումով: Մնում է նորագույն տեխնոլոգիաների հարցը՝ դա էլ, աչքիս՝ լուծվում է երրորդ երկրների միջոցով:
Մեկ-երկու խոսք էլ ԱՄՆ-ում հասարակական կարծիքի փոփոխության առումով, քանի որ, վերջին հաշվով, դրանով է որոշվելու Ուկրաինային գումարով եւ սպառազինությամբ օժանդակելու ամերիկյան պատրաստակամությունը: Իսկ այն աստիճանաբար հեռանում է ուկրաինական թեմայից: Հատկապես հանրապետականների (կուսակցության) էլեկտորատը դադարում է այն դիտարկել որպես առաջնային խնդիր. հանրապետականների ընտրողների 63%-ը, ըստ վերջին հարցումներից մեկի, դեմ է Ուկրաինային աջակցության ավելացմանը: Համապատասխանաբար, նվազում է «վստահությունն Ուկրաինայի ռազմական ջանքերի նկատմամբ, եւ աճում է թերահավատությունն առ այն, որ ռուսական ներխուժումը վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների համար»:
Եվ չնայած Gallup-ի վերջին հարցման ժամանակ հանրապետականների ընտրողների մեծամասնությունը դեռեւս կողմ է եղել Ուկրաինային աջակցելուն, որպեսզի վերադարձնի իր տարածքները, սակայն պատերազմն արագ ավարտելու տարբերակին կողմ է եղել հարցվողների 41 տոկոսը: Իսկ արագ ավարտելը ենթադրում է, որ Ռուսաստանը կարող է պահպանել այն ամենը, ինչն արդեն շահել է: Նախկին հարցումների ժամանակ այն շատ ավելի փոքր թիվ էր: Միաժամանակ չմոռանանք, որ անցած տարեվերջի միջանկյալ ընտրությունների արդյունքում հանրապետականները գերակշռություն ստացան Կոնգրեսի ստորին պալատում: Իսկ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի հեղինակությունը գնալով ավելի է ընկնում։ Դրանով էլ նվազեցվում է դեմոկրատների՝ հաջորդ տարվա նախագահական ընտրությունները շահելու հավանականությունը: