Քաղաքականություն

Վարչապետն ասում է՝ ոչ բոլոր գյումրեցիները, Պապոյանն ասում է՝ բոլորը

Վարչապետն ասում է՝ ոչ բոլոր գյումրեցիները, Պապոյանն ասում է՝ բոլորը

Գյումրիում մոտ տաս օրից տեղի կունենա քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություն։Այդ մասին հայտնեց վարչապետն ինքը՝ խոսելով ինչ-որ փրայմերիզի մասին։ Թեպետ Փաշինյանն իր եթերում մանրամասնում է՝ ասելով․ «Բոլոր մասնագետներն ասում են, որ Գյումրիում հաստատված կառավարման ճգնաժամը հնարավոր չի լինելու հաղթահարել առանց վարչապետի միջամտության: Առաջիկայում ընդունվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում ես պետք է Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեմ: Բայց  խնդիրը քննարկելով նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ՝ եկել եմ այն եզրակացության, որ այդտեղ խնդիրը միանձնյա վարչական որոշմամբ չի կարող լինել: Մենք կխնդրենք ՔՊ-ի անդամներին, համակիրներին առաջադրեն թեկնածուներ կամ ինքնառաջադրվեն: Քվերակության արդյունքում կընտրվի թեկնածուն, որին կնշանակեմ պաշտոնակատար, և ամենայն հավանակությամբ, նա էլ կդառնա ՔՊ-ի թեկնածուն":Նրա այդ հայտարարությունից հետո գյումրեցիներն ապշած են՝ ինչ փրայմերիզ, ինչ բան, ինչքանով է այն իրենց վերաբերում։ Նշենք, որ սա ամերիկյան քաղաքական մեթոդ է, ընտրողների սկզբնական ժողովն է՝ ընտրական պաշտոններում թեկնածուների առաջադրման համար, նաև այդպիսի ժողովներում անցկացվող քվեարկությունները։

Փաշինյանի փրայմերիզ անցկացնելու պատճառը իրավական այն փակուղին է, որի առաջ կանգ առավ իշխանությունը, երբ ճնշումների գնով հասավ «Բալասանյան դաշինք»-ի ասպարեզից հեռացմանը։

Հիմա գյումրեցիների համար անհասկանալի է, թե ինչպես են իրենք ընտրելու ՔՊ-ական համայնքապետի թեկնածուին, որն է այդ պատահականության սկզբունքը, որ նշեց վարչապետը։ «Էդ ո՞նց ու ի՞նչ սկզբունքով եմ ես մասնակցելու, ինձ փողոցում կբռնե՞ն ու կհարցնե՞ն, թե մեր թեկնածուներից , որի՞ն ես ուզում։Էդ կլոունադան մենակ ներկայիս իշխանությունը կարող էր ստեղծել»,- ասաց քաղաքացիներից մեկը՝ նշելով, որ առհասարակ արտահերթ ընտրությանն էլ չի պատրաստվում մասնակցելու։
Այսօր խորհրդարանում Գյումրիում անցկացվող փրայմերիզից խոսեց նաև ՔՊ կուսակցության վարչության անդամ,  էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ։ Ի տարբերություն Փաշինյանի, ով ասաց, թե ոչ բոլոր գյումրեցիները կկարողանան մասնակցել հարցումներին, Պապոյանը վստահեցրեց, թե բոլոր գյումրեցիներն էլ կկարողանան եւ իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտել, իսկ մեխանիզմի մասին առաջիկայում կիմանանք։

Նկատենք, որ վարչապետի փրայմերիզին առաջինն արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը, որը վերջին շաբաթներին սկանդալների կիզակետում է, եւ թերևս դա է պատճառովը, որ ՔՊ-ում  նրա թեկնածությանը դեմ են։
Քանի որ Սարուխանյանն ինքն էլ այս պահին չի տիրապետում, թե ի ՞նչ եղանակով, ի ՞նչ միջոցներով է իրականացվելու փրայմերիզը, գրել է․

«Առաջադրման կարգը, փրայմըրիզի անցկացման եղանակն ու տրամաբանությունը հասկանալուց, ինչպես նաև ՔՊԿ Գյումրու կուսակցականների, Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո կկայացնեմ որոշում» ։

Փոխարենը Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանն է, ըստ երևույթին, լավ պատկերացնում փրայմերիզ ասվածը, քանի որ արդեն հայտարարել է, թե ինքնաառաջադրվելու է որպես քաղաքապետի թեկնածու։
Նշենք, որ ՔՊ համախոհների շրջանակում ևս մի քանի անուններ են շրջանառվում, որոնց թեկնածությունը նույնպես չի բացառվում։ Գյումրու ՔՊ-ականները առաջարկում են նաև ՔՊ  համախոհ, Փաշինյանին հավատարիմ  Արտյոմ Թումանյանի թեկնածությունը։
 Ուշագրավ  է, որ վերջերս Սարուխանյան Կարենի հայտարարության հիման վրա իրավապահները հետաքրքրվել էին  Արտյոմ Թումանյանի նախագահած «ՀՀ ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե»-ով։

ՆԳՆ նախարարության Շիրակի մարզային վարչությունը գրություն ու փաստաթղթեր է ուղարկել Գյումրու ոստիկանության Կումայրի բաժին՝ հանձնարարելով պարզել, թե օրինակա՞ն են արդյոք «ՀՀ ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Արտյոմ Թումանյանի և կազմակերպության անդամների՝ «Գյումրու թիվ 7-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կատարած ուսումնասիրությունները։ Ապրիլի 4-ին Կումայրի բաժնի կողմից ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է հետևյալը․ «ՀՀ-ում գրանցված «ՀՀ ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահի և կազմակերպության անդամների կողմից նախնական համաձայնությամբ կատարվել է այնպիսի արարք, որը չի բխում իրենց լիազորություններից, կամ դուրս է իրենց լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել հասարակության կամ պետության շահերին: Այսինքն «ՀՀ ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ`Արտյոմ Սուրենի Թումանյանը կազմակերպության մի խումբ անդամների հետ, ներկայացնելով նշված կազմակերպությունը, չունենալով որևէ պետական մարմնի կողմից հաստատված ծրագիր կամ համապատասխան թույլտվություն ս/թ մարտի 11-ին այցելություն են կատարել «Գյումրու թիվ 7-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ, որտեղ «ՀՀ ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» հասարակական կազմակերպության անունից իրականացրել են վերահսկողական գործառույթ․ կատարել են ուսումնասիրություններ, որը չի բխում իրենց լիազորություններից կամ դուրս է իրենց լիազորությունների շրջանակից»: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image