Մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ուկրաինա բարձր մակարդակով բանակցությունները, որոնք տեւել են 9,5 ժամ, նշանավորվեցին 3 կարեւոր գործոնով: Կիեւը հայտարարեց, որ պատրաստ է անհապաղ 30-օրյա հրադադար հաստատել ռազմաճակատի ամբողջ երկայնքով, ամերիկյան կողմը հաստատեց, որ Վաշինգտոնն անմիջապես վերսկսելու է Կիեւին ռազմական մատակարարումներն ու հետախուզական տվյալներ փոխանցելը: Կողմերը նաեւ պայմանավորվել են հնարավորինս արագ գործարք կնքել հազվագյուտ հանածոների օգտագործման շուրջ՝ «ի նպաստ Ուկրաինայի տնտեսության զարգացման»:
Մեծ հաշվով, Սպիտակ տանը փետրվարի 28-ին Զելենսկու հետ կայացած «թեժ» խոսակցությունն ու դրան հաջորդած վերջնագրերն անցան, եւ Կիեւը տեղի տվեց Թրամփի՝ որոշակի իմաստով «քաղաքական շանտաժին»: Միջազգային հանրության եւ մասմեդիայի ուշադրությունը գրաված բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ Միացյալ Նահանգները մի քանի ուղիով Ռուսաստանի Դաշնությանը կփոխանցի Ուկրաինայում հրադադարի մասին առաջարկները։ Վաշինգտոնը դրական արձագանքի հույս ունի։ Հիմա Ուկրաինայում խաղաղություն հաստատելու հարցում ամեն ինչ կախված է Ռուսաստանից՝ ընդգծեց պետքարտուղարը: Նրա խոսքով, Ռուսաստանի «բարի կամքի» լավագույն դրսեւորումը կլինի հակամարտությունը դադարեցնելու համար բանակցություններ սկսելու համաձայնությունը։ Գերիների փոխանակման հարցերը եւ հումանիտար իրավիճակը պետք է դառնան ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու բանակցությունների մաս՝ հավելեց նա:
Ի դեպ, բանակցությունների ֆոնին ամերիկացի անանուն դիվանագետներն ակնարկել էին, որ Ուկրաինան չպետք է հույսեր փայփայի, որ երկիրը կվերադառնա 2014 թվականի եւ անգամ 2022 թվականի լայնածավալ ներխուժմանը նախորդած սահմանների դրությանը: Ուկրաինան համաձայնել է 30-օրյա հրադադարին, սակայն հակամարտության սառեցման մասին դեռ խոսք չկա, այս մասին էլ հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, որը նույնպես մասնակցել է Ջիդդայում կայացած բանակցություններին: Նրա խոսքով, ԱՄՆ-ի հետ համատեղ հայտարարության մեջ Ուկրաինան նախաձեռնել է քայլ, ինչը վկայում է այն մասին, որ նա պատրաստ է շարժվել դեպի պատերազմի արդար ավարտ։ «Ուկրաինան խոչընդոտ չէ խաղաղության համար: Սա այն է, ինչ տեղի է ունենում, երբ դաշնակիցները խոսում են բաց, անկեղծ եւ բովանդակալից»,- նշել է նախարարը։ Սիբիգան գրել է, որ խոսքը 30-օրյա հրադադարի մասին է, որը կարող է հաստատվել, եթե Ռուսաստանը համաձայնի նման քայլի։ Այժմ ամերիկյան կողմն այս հարցը կքննարկի ռուսների հետ։
«Ինչո՞ւ է կարեւոր այս ժամանակավոր հրադադարը, որովհետեւ սա ոչ մի կերպ չի վերաբերում սառեցված հակամարտությանը: Սա ընդամենը փորձ է՝ պատերազմն արդար կերպով ավարտելու ուղին սկսելու համար։ Սա նաեւ քայլ է, որը ցույց է տալիս, թե ով է իրականում շահագրգռված խաղաղությամբ»,- ընդգծել է նա: Զելենսկու արձագանքը չուշացավ: 30-օրյա հնարավոր զինադադարը, որը համաձայնեցվել է ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ, կսկսվի, երբ Ռուսաստանը համաձայնի այդ գաղափարին՝ իր ուղերձում նշել է Ուկրաինայի նախագահը։ «Այսինքն՝ մենք համաձայն ենք, եւ եթե ռուսները համաձայնեն, այդ պահին լռությունը կհաստատվի»,- հավելել է Զելենսկին։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է համոզի Ռուսաստանին՝ համաձայնել հրադադարի։ Զելենսկին հիշեցրել է, որ Կիեւն ի սկզբանե պատրաստվում էր առաջարկել «օդածովային զինադադար», այսինքն՝ հրաժարվել հրթիռային հարվածներից, ռումբերից, հեռահար անօդաչու թռչող սարքերից եւ ծովում գործողություններից: Սակայն բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն առաջարկել է «անմիջապես կատարել առաջին քայլը եւ փորձել 30 օրով հրադադար հաստատել ոչ միայն հրթիռների, անօդաչու թռչող սարքերի եւ ռումբերի մասով, ոչ միայն Սեւ ծովում, այլեւ ողջ ճակատային գծի երկայնքով»: Մեկնաբանելով ամերիկա-ուկրաինական բանակցությունները, որին Ուկրաինայից մասնակցել են նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան եւ ՊՆ ղեկավար Ռուստեմ Ումարովը, իսկ ԱՄՆ-ից՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան Ուկրաինայի հարցով հանդիպումներ կանցկացնեն, ամենայն հավանականությամբ, մարտի 12-ին: Նա նաեւ հույս է հայտնել, որ Ռուսաստանը կհամաձայնի հրադադար հաստատել: Բացի այդ, պատրաստակամություն է հայտնել՝ Վլադիմիր Զելենսկուն կրկին հրավիրել Սպիտակ տուն՝ հայտնի սկանդալային հանդիպման տպավորությունը, թերեւս, շտկելու համար։
Ռուսական կողմը չի բացառում առաջիկա մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների հետ շփումները՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Չնայած Ջիդդայում կայացած բանակցությունների մասին դրական արձագանքին, այդուհանդերձ, Սպիտակ տանը որոշակի կոշտ ձեւակերպումներ են հնչեցրել Զելենսկու հասցեին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «տեղն» է դրել Ուկրաինայի նախագահ Զելենսկուն: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լեւիտը. «Նախագահը վարպետ գործարքաստեղծ է, բարձրագույն բանակցող։ Նա իր տեղը դրեց նախագահ Զելենսկուն՝ նրան ասելով, որ ամերիկացիները լրջորեն են վերաբերվում խաղաղության գործարքին»։ Ռուսաստանում արդեն իսկ առաջին արձագանքներն են հնչել բանակցությունների վերաբերյալ: Ռուսաստանը չի ցանկանում առաջ ընկնել հաշտության հարցում, Մոսկվան նախ պետք է տեղեկություն ստանա ԱՄՆ-ից՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Դուք մի փոքր առաջ եք ընկնում, մենք չենք ցանկանում դա անել։ Երեկ ԶԼՄ-ների հետ շփվելիս ե՛ւ Ռուբիոն (ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո), ե՛ւ Ուոլցը (ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլց) հայտարարեցին, որ տարբեր դիվանագիտական խողովակներով մեզ մանրամասն տեղեկություն կփոխանցեն Ջիդդայում կայացած զրույցների էության մասին։ Այ, սկզբում մենք այդ տեղեկությունը պետք է ստանանք։ Բացի այդ, այս օրերին ամերիկացիների հետ նախատեսված շփումներ ունենք, որոնց ընթացքում արդեն լիարժեք տեղեկություններ ստանալու հույս ունենք»։
Մոսկվան չի համաձայնի Ուկրաինայի հետ զինադադար հաստատել՝ հայտարարել են Պետդումայում։ Պատգամավոր Վիկտոր Սոբոլեւը կարծում է, որ 30-օրյա հրադադարը թույլ կտա ԱՄՆ-ին վերազինել Ուկրաինան եւ վերսկսել ռազմական գործողությունները նոր թափով։ Ռուս օրենսդիրի պնդումը կարելի է ողջամիտ համարել այն առումով, որ ԱՄՆ-ն իսկապես հայտարարեց Ուկրաինային ռազմական մատակարարումները վերսկսելու մասին: Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած պայմանավորվածություն կլինի Մոսկվայի պայմաններով, այլ ոչ թե Վաշինգտոնի, եւ ԱՄՆ-ն պետք է դա հասկանա․ անդրադառնալով բանակցություններին՝ նշել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը. «Ջիդդայում ամերիկա-ուկրաինական բանակցությունների արդյունքները վկայում են միայն մեկ բանի մասին. «շան պոչի թափահարում» սցենարը՝ Զելենսկու կատարմամբ, Թրամփի հետ, ի տարբերություն (ԱՄՆ նախկին նախագահ Ջո) Բայդենի, միանշանակ չի գործում»։ Նրա կարծիքով, բանակցությունների պայմաններն ամերիկյան են, ոչ թե ուկրաինական, եւ ուկրաինացիները համաձայն են նրանց ասածի հետ. «Զելենսկին խուլ պաշտպանության դիրքում է: Կամ, ինչպես ասաց Սպիտակ տան ներկայացուցիչը, «Թրամփն իր տեղը դրեց Զելենսկուն»: Ռուսաստանն առաջ է գնում, եւ, հետեւաբար, Ռուսաստանի հետ ամեն ինչ այլ կլինի։ Ցանկացած պայմանավորվածություն (փոխզիջման անհրաժեշտության լիարժեք ըմբռնումով) մեր պայմաններով է, ոչ թե ամերիկյան։ Եվ սա ոչ թե պարծենկոտություն է, այլ՝ ըմբռնում, որ այնտեղ՝ ճակատում, դեռ իրական պայմանավորվածություններ են գրվում։ Վաշինգտոնը նույնպես պետք է դա հասկանա»:
ԵՄ-ում արդեն ողջունել են Ուկրաինայում հրադադարի հաստատման առաջարկը եւ ոչ միայն: Եվրամիությունը, մասնավորապես, հանդես է եկել Ուկրաինայում հրադադարի առաջարկի, ԱՄՆ-ի ռազմական մատակարարումների վերականգնման եւ Կիեւի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակման մասին հայտարարության օգտին։ Այս մասին համատեղ ուղերձում հայտարարել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան. «ԵՄ-ն ողջունում է Ջիդդայից ստացված լուրերը՝ ամերիկա-ուկրաինական բանակցությունների վերաբերյալ, այդ թվում՝ հրադադարի եւ ԱՄՆ հետախուզության եւ ռազմական օգնության վերսկսման առաջարկը»։ Բրյուսելը կարծում է, որ այդ քայլերը «դրական զարգացում են Ուկրաինայի երկարաժամկետ խաղաղության համար»։
Բեռլինում եւս դրական սպասումներ ունեն ամերիկա-ուկրաինական բանակցությունների առաջին ռաունդից. Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կարող են «շրջադարձային կետ» լինել խաղաղության ճանապարհին: Այս մասին նա գրել է X-ի իր էջում. «Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների միջեւ բանակցությունների արդյունքը կարող է կարեւոր շրջադարձային կետ դառնալ Ուկրաինայի կայուն խաղաղության եւ անվտանգության ձգտման մեջ: Գերմանիան մեր գործընկերների հետ միասին կշարունակի աջակցել ուկրաինացի ժողովրդին այս ճանապարհին»: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւս ողջունել է Ուկրաինայում 30-օրյա հրադադարի գաղափարը։ «30-օրյա հրադադարի գաղափարը կարեւոր եւ ճիշտ քայլ է Ուկրաինայի համար արդար խաղաղության հասնելու համար»,- գրել է Շոլցը X-ում։ Այժմ, ինչպես պնդում է Գերմանիայի կանցլերը, ամեն ինչ կախված է Ռուսաստանից: Հատկանշական է, որ ավելի քան 3 տարի անց, երբ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն սկսեց Ուկրաինայում, Կիեւն ու նրա եվրատլանտյան դաշնակիցները շարունակ գուժում էին Մոսկվայի ռազմավարական պարտության անխուսափելիության մասին, սաստկացնելով պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ զուգահեռաբար օգնելով եւ զինելով Ուկրաինային, հայտարարելով նաեւ այնտեղ միջազգային զորախմբեր տեղակայելու մասին, այսօր արդեն հակառակ դիրքորոշման մասին են խոսում: Փաստորեն, Եվրոպան սկսել է ենթարկվել Թրամփի ու նրա վարչակազմի խաղի կանոններին: Թե որքանով են դրանք խաղաղության հանգրվանի բերելու, դեռ անորոշ է, բայց որ Սպիտակ տուն վերադարձած հանրապետական գործիչն արդեն իսկ բեկում է մտցրել աշխարհաքաղաքական այս մեծ հակամարտության մեջ, այն էլ՝ սեփական երկրի շահերն առաջ մղելով, կասկածից վեր է...
Ի դեպ, վերջերս Պուտինն իրեն բնորոշ սարկազմով, բայց ռեալ-պոլիտիկի տրամաբանությամբ, կանխագուշակեց՝ «թեեւ եվրոպացի առաջնորդներն ատում են Թրամփին, շուտով նրանք հնազանդ շնիկների պես հայտնվելու են տիրոջ առջեւ՝ թափահարելով իրենց պոչերը»: