Մշակույթ

Սա ապտակ էր նախարարությանը, որը եթե բողոքարկի էլ, ոչ մի արդյունքի չի հասնի

Սա ապտակ էր նախարարությանը, որը եթե բողոքարկի էլ, ոչ մի արդյունքի չի հասնի

Անցած տարի մեծ աղմուկ հանած՝ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի գործով ԿԳՄՍՆ-ն պարտվել է դատարանում։ Այս մասին նախօրեին հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը, մասնավորապես նշելով․ «Ինչպես հիշում եք, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը (այսուհետ՝ նախարար) 7-րդ դասարանի Հայ ժողովրդի պատմության երկու դասագիրք էր երաշխավորել գործածության: Մեկն Աշոտ Ղուկասյանի եւ Ա․ Տերյանի հեղինակած «Հայոց պատմություն» դասագիրքն էր (այսուհետ՝ Ղուկասյանի դասագիրք), իսկ մյուսը՝ մեծ սկանդալ առաջացրած «Մասնակցային դպրոց» ԿՀ միջգիտակարգային նախագծի շրջանակում Ս. Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» դասագիրքը (այսուհետ՝ սկանդալային դասագիրք):

Նախարարը, տեսնելով հանրության եւ մասնագիտացված շրջանակի խիստ բացասական արձագանքը սկանդալային դասագրքի վերաբերյալ եւ հասկանալով, որ դպրոցները եւ ուսուցիչներն այդ երկու դասագրքերից սկանդալային դասագիրքը չեն կիրառի, խորամանկ եւ անօրինական քայլի է գնում: Չունենալով դրա իրավունքը՝ արդեն իսկ հաստատված Ղուկասյանի դասագիրքը ներկայացրել է կրկնակի փորձաքննության եւ հրամանով հանել է գործածությունից՝ դպրոցների եւ ուսուցիչների համար թողնելով միայն մեկ տարբերակ՝ սկանդալային դասագիրքը:
Կարին Տոնոյանի ղեկավարած «Հայ ասպետ» դպրոցի եւ ուսուցչի միջոցով, փաստաբաններ Սիմոն Բաբայանի եւ Մանե Կարապետյանի հետ միասին հայց ենք ներկայացրել ՀՀ վարչական դատարան:

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Լիլիթ Սադոյանի նախագահությամբ, քննել է նշված գործը եւ 2024թ. հոկտեմբերի 15-ին մեր հայցը բավարարել է: Դատարանը վճռել է ճանաչել Ղուկասյանի դասագիրքը գործածությունից դուրս թողած նախարարի հրամանի ընդունման արդյունքում ծագած իրավահարաբերության բացակայությունը: Դատարանի վճռի՝ օրինական ուժի մեջ մտնելու պահից դպրոցները եւ ուսուցիչները կունենան 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի այլընտրանքային տարբերակ»։ Զոհրաբյանը միաժամանակ տեղեկացրել է, որ Վարչական դատարանում, մեկ այլ դատավորի մոտ է քննվում «սկանդալային դասագիրքը» երաշխավորած նախարարի հրամանը վիճարկող հայցը:

Հաղթած, բայց երաշխավորությունից դուրս մնացած Հայոց պատմության մյուս դասագրքի հեղինակ Աշոտ Ղուկասյանն ասում է՝ իր հեղինակած 7-րդ դասարանի պատմության դասագիրքը, լինելով հաղթած ու ամենաշատ միավորները հավաքած դասագիրքը, անցած տարվա սեպտեմբերի 6-ի ԿԳՄՍՆ հրամանով դուրս թողնվեց մրցույթից, որից հետո իրենք անմիջապես բողոքեցին՝ պահանջելով հիմքեր։ «Սակայն դրա դիմաց մեզ ներկայացրին կցկտուր, կես էջանոց անորոշ կարծիքներ, առանց ստորագրության։ Իսկ այդ կարծիքն ամբողջովին իրենց մարդկանց գրածն էր, ոչ թե տրվել էր մի գիտահետազոտական կամ բուհական հաստատության, այլ ակնհայտ էր, որ մեկին կանչել-ասել են՝ մի երկու տող գրի, ու երբ ես բողոքեցի, ինձ պատասխանեցին, որ բողոք է եղել, ու կրկնակի փորձաքննության ենք ուղարկել, իսկ կրկնակի փորձաքննության արդյունքում էլ գիրքը մերժվել է»,- ասում է Ղուկասյանն ու նկատում, որ ԿԳՄՍՆ-ն այդպես էլ չբացահայտեց, թե որ մասնագետները կամ մասնագիտական կառույցներն են փորձաքննել ու մերժել իր դասագիրքը։
«Ասացի՝ դա պետական գաղտնի՞ք է, որ չեք բացահայտում․․․, հետո, կանոնակարգի համաձայն, բլանկի վրա տնօրենի ստորագրությունը պետք է լիներ․․․․ ու այդպես մի քանի բողոք գրեցինք՝ մերժվեց, ու մի օր ինձ զանգահարեց Արա Զոհաբյանը, առաջարկեց զբաղվել այս հարցով։ Այս հարցով զբաղվեց նաեւ «Հայ ասպետ» հիմնադրամը, եւ արդյունքում մի տարի անցավ։ Այս տարվա սեպտեմբերի 5-ին դատարան էին կանչել անցած տարվա հանձնաժողովի անդամներին, որոնք դասագիրքը գերազանց էին գնահատել, նրանց էին հարցաքննել, նրանք էլ իրենց կարծիքը պնդել էին, դեռ մի բան էլ ավելին։ Դատարանը որոշել էր, որ փաստական հիմքեր չկան, բայց նախարարության ներկայացուցիչներն ասել էին, թե լրացուցիչ հիմքեր կբերենք, հոկտեմբերի 15-ին կայացած նիստի ժամանակ նրանք ո՛չ փաստարկներ էին բերել, ո՛չ էլ ներկայացել էին․․․ իբր թե գործուղումների են, բայց փաստական ոչ մի հիմք չկա, բացի իրենց սարքած մի քանի թղթից։ Արա Զոհրաբյանն ասաց, որ եթե անգամ նախարարությունը բողոքարկի այս վճիռը, դա միայն ժամանակի կորուստ կլինի, որովհետեւ սա շահած գործ է։ Նա ասաց, որ սա ապտակ էր նախարարությանը, եւ եթե ուզենան բողոքարկել, ոչ մի արդյունքի չեն կարող հասնել, որովհետեւ ոչ մի բան չեն էլ կարող ներկայացնել, եւ միայն ժամանակի կորուստ է լինելու»,- ընդգծում է Ա․ Ղուկասյանը։
Ինչ վերաբերում է իր հեղինակած դասագիրքը մերժելու շարժառիթներին, ապա իր համար թե՛ նախկինում, թե՛ հիմա պարզ է գրքի մերժման հիմնական մոտիվը․ «Այն, որ դա ամբողջությամբ հայրենասիրական դասագիրք է, հայ ժողովրդի պատմության հարցերն են շոշափվում՝ ամբողջական, սիստեմատիկ ձեւով, այսինքն՝ ազգային հիմքով գրված դասագիրք է, ես չեմ ասում, թե իդեալական է, բայց երաշխավորված դասագրքի հետ համեմատած՝ հիսնապատիկ լավը»։ Ա․ Ղուկասյանը հատկանշական է համարում, որ դատարանը Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած դասագրքին տվել է «սկանդալային դասագիրք» ձեւակերպումը։

Ի՞նչ ճակատագիր է սպասվում իր դասագրքին՝ վճռի հրապարակումից հետո: Ըստ Աշոտ Ղուկասյանի՝ եթե մեկ ամսվա ընթացքում նախարարությունը չբողոքարկի վճիռը, ամենայն հավանականությամբ, դասագրքի հրատարակիչ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, նախարարության հետ ունեցած պայմանագրի համաձայն, պետք է դասագիրքը տպագրի ու առաքի դպրոցներ։ «Կարծում եմ՝ այդպես պետք է լինի, որովհետեւ, եթե հաստատված դասագիրք է, ուրեմն պետք է հասնի նաեւ դպրոցներ»,- ասում է Ղուկասյանն ու նկատում, որ, չնայած մերժման փաստին, իր երկու դասագիրքն էլ շատ դպրոցներում նաեւ անցնում են։

«Անցած տարի իմ 2 դասագիրքն էլ անցել էին, այդ թվում՝ «Իմ հայրենիքը», բայց նա էլ հանվեց, որովհետեւ սկզբից մինչեւ վերջ հայրենասիրական շնչով գրված գիրք էր, նույնիսկ մեզ առաջարկեցին դասագրքից հանել Արցախի գերբը, հիմնը, Մասիսը, Մեծ Հայքի քարտեզը․․․, բայց ես դա կյանքում ինձ թույլ չէի տա։ Սակայն «Իմ հայրենիքի» դեպքում չհասցրինք բողոքարկել ԿԳՄՍՆ որոշումը եւ դատարան դիմել, ասացին՝ բողոքարկման ժամկետը լրացել է, բայց հրատարակչությունն իր ֆինանսներով այն քիչ-քիչ տպաքանակով տպագրեց, ու դպրոցների մեծ մասը դասագիրքն առավ, մի մասն էլ էլեկտրոնային տարբերակը քաշեց, ու դրանով են անցնում։ Պահանջարկը կար, որովհետեւ դիմում էին հրատարակչություն, նաեւ՝ ինձ, խնդրում էին, այդ թվում՝ պատվիրում էին որոշակի խմբաքանակ, որպեսզի տպագրվի։ Նույնիսկ դարձել էի հերոս, քանի որ ԿԶՆԱԿ-ում էի աշխատում, որ դպրոցը մտնում էի, 5-րդ դասարանի երեխաները գալիս էին, դասագրքերը բերում էին, որ ստորագրեմ»,- ասում է Ղուկասյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image