Հասարակություն

«Հրապարակ»․ Պատերազմի պատճառով տուժած ոսկեպարցի ընտանիքը տան կարիք ունի

«Հրապարակ»․ Պատերազմի պատճառով տուժած ոսկեպարցի ընտանիքը տան կարիք ունի

Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղի 73-ամյա բնակիչ Սերյոժա Աղամյանի ընտանիքը   հանգամանքների բերումով հայտնվել է կյանքի դժվարին իրավիճակում: Սերյոժան 1990-ական թվականների ազատամարտի մասնակից է, որի ժամանակ վիրավորվել է: Նրա միակ որդին՝ Արմենը, ՄՕԲ-ի կազմում մասնակցել է 44-օրյա պատերազմին, որի ժամանակ կորցրել է առողջությունը: Նա այդ ընթացքում ձեռք է բերել ողնաշարի ճողվածք, որի  բուժման, վիրահատության համար Աղամյանների ընտանիքը ստիպված վաճառել է իրենց կովերը: Արմենը 43 տարեկան է, սակայն չի ամուսնանում, որովհետեւ Ոսկեպարում գտնվող նրանց միհարկանի փոքր առանձնատունը բաղկացած է իրար կողքի գտնվող երկու փոքրիկ սենյակից, նոր ստեղծվելիք ընտանիքի համար բնակարանային նորմալ պայմաններ չկան: Աղամյանների ընտանիքը 1988 թվականին, Ոսկեպարի այլ բնակիչների հետ, գյուղի առանձին հատվածում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհին հարակից  գոտում, 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարեւանությամբ գտնվող տարածքում տուֆից երկհարկանի տուն է կառուցել, նորոգել, հագեցրել գույքով: Սերյոժա Աղամյանն ինձ՝ լրագրողիս, հայտնեց․ «Երկհարկանի տուն եմ սարքել, դրան կից 1500 քառակուսի մետր տնամերձ հողամասում պտղատու այգի տնկել, տարածքը ցանկապատել»:

1988 թվականին Ոսկեպարի այդ թաղամասում արդեն  կառուցված էր երկու տասնյակ երկհարկանի առանձնատուն, նորակառույց թաղամասում խանութ էր գործում: Սակայն այդ թաղամասին կից, վարչական առումով Ադրբեջանի Ղազախի շրջանին պատկանող Աշաղի Ասքիպարա (թարգմանաբար՝ Ներքին Ոսկեպար) գյուղն էր: Ոսկեպարցիների նորակառույց առանձնատներից վերեւ, դրանց կողքին ադրբեջանական գյուղի միջնակարգ դպրոցն էր եւ այդ գյուղի տները: 1992 թվականի հունիսից սահմանի այդ հատվածում թեժ մարտեր եղան, դրանից առաջ ադրբեջանական գյուղի բնակչությունը  տեղափոխվել էր: Սակայն Ոսկեպարի նորակառուց թաղամասի տների տերերն իրենց կառուցածն այդպես էլ չվայելեցին: Գեղեցիկ, շարքով կառուցված երկհարկանի տներն ավելի քան 35 տարի սահմանի վտանգավոր գոտում են, այդ տները թալանվել են: Այդ տարածքում 2024 թվականին կատարված սահմանազատման հետեւանքով այդ տները հայտնվել են  սահմանի պռնկին, այդտեղ հայկական ու ադրբեջանական դիրքերն իրար շատ մոտ են: Այդ պատճառով Ոսկեպարի  բնակիչներին չի թույլատրվում մուտք գործել իրենց տներ, մշակել այդտեղ գտնվող իրենց հողամասերը: Սերյոժա Աղամյանը հայտնեց, որ 2008 թվականին պետական բյուջեից դրամական աջակցություն է տրվել ադրբեջանական հրետակոծություններից ու գնդակոծություններից տուժած  տների համար, այդ օգնությունը հատկացվել է ոչ միայն նշված թաղամասի, այլեւ Ոսկեպար գյուղի տարբեր հատվածներում գտնվող տների համար:

Գյուղի բնակիչներին տարբեր չափով է  դրամական աջակցություն տրվել, Սերյոժա Աղամյանն իր երկհարկանի տան համար ստացել է 800 հազար դրամ, ինչը չէր կարող երկհարկանի առանձնատան արժեքը լինել: Պետական, վարկային աջակցությամբ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում, այդ թվում՝ Ոսկեպարում, 16 կամ  21 միլիոն դրամ գումարով տներ են կառուցվում: Ս․ Աղամյանի ընտանիքը բնակարանի խիստ կարիք ունի, սակայն այդ ծրագրից չի կարող օգտվել, քանի որ տան տղան ամուսնացած չէ, ընտանիքում անչափահաս երեխաներ չկան: Դրանք այդ ծրագրից օգտվելու  պահանջներից են: Նույնիսկ վտանգավոր, ամենածանր ժամանակներում հայրենի Ոսկեպարը չլքած, հայրենիքի համար մարտնչած Աղամյանները համարում են՝ արդարացի կլինի, որ շատ տուժած, երկհարկանի իրենց տնից օգտվել չկարողացող իրենց ընտանիքին հնարավորություն տրվի  վերոհիշյալ ծրագրի շրջանակներում, պետության աջակցությամբ իրենց միհարկանի, փոքր տանը կից առանձնատուն կառուցել: Կառավարությունը կընդառաջի՞  Աղամյանների խնդրանքին, պատերազմների հետեւանքով  տուժած ընտանիքը կօգտվի՞ նշված ծրագրից։ Արդարացի կլինի, որ Աղամյաններն օգտվեն այդ ծրագրից: Մանավանդ որ, ոսկեպարցիների խոսքերով, պետության աջակցությամբ  բնակարանաշինության ծրագրով սահմանամերձ Ոսկեպարում  այժմ առանձնատներ են կառուցում նաեւ սահմանի եւ Ոսկեպարի հետ առնչություններ չունեցող անձինք:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image