Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքում Հունաստանի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը հանդիպել է իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:
Տեղեկանում են Դենդիասի ֆեյբուքյան, թվիթերյան գրառումներից ու ՌԴ ԱԳՆ պատշտոնական հաղորդագրությունից։
«Սոչիում ես հանդիպեցի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Մենք կենտրոնացանք երկկողմ ու բազմակողմ համագործակցության, ինչպեսև տարածաշրջանային զարգացումների վրա», - գրել է Դենդիասը:
Հունաց ԱԳ նախարարը նշել է, որ իր այցի երկրորդ մասում՝ Անապա և Գելենջիկ քաղաքներում մի շարք հանդիպումներ կունենա հունական համայնքի ներկայացուցիչների, տեղի պաշտոնյաների և գործարարների հետ:
ՌԴ դիվանագիտության ղեկավար Սերգեյ Լավրովը հանդիման բացման խոսքում նշել է, որ պատմականորեն «Ռուսաստանի հարավում մեր ժողովուրդների հարաբերությունները հատկապես ամուր են»:
«Այստեղ կան հունական հնության և ընդհանուր պատմության հուշարձաններ: Այստեղ ապրում է գործուն հունական համայնք՝ շուրջ 30 հազար մարդ: Հուսով եմ ՝ այստեղ կզգաք, ինչպես տանը», - Լավրովի խոսքերն է մեջ բերել ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ՌԴ ԱԳ նախարարն խոսել է «ևս մեկ խորհրդանշական պահի» մասին․
«Այսօր նշվում է սլավոնական գրչության ու մշակույթի օրը: Մենք հիշում ենք, որ առաքյալներին հավասարեցված Կյուրեղ և Մեթոդիոս սուրբ եղբայրները, ովքեր 9-րդ դարում կազմել են սլավոնական այբուբենն ու թարգմանել առաջին եկեղեցական գրքերը սլավոնական լեզվով, եկել են բյուզանդական Սալոնիկ քաղաքից: Այլ կերպ ասած, այսօրվա հանդիպման թե՛ վայրը, թե՛ օրը մեծ խորհրդանշական նշանակություն ունեն մեր սերտ պատմական կապերը հաստատելու տեսանկյունից»։
«Հուսով եմ, որ մենք կկարողանանք մանրամասն քննարկել երկկողմ հարաբերություններն ու մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային գործերի վերաբերյալ։ Բարի գալուստ», - եզրափակել է Լավրովը։
