Ադրբեջանը փետրվարի 3-ին Բաքվում Ռուսական տան գործունեությունը դադարեցնելու մասին պաշտոնական նոտա է հղել ռուսական կողմին։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն: Պարզ ասած՝ Բաքուն մտադիր է փակել ռուսական «փափուկ ուժի» գրասենյակները՝ հետագայում նրանցից ազատվելու հեռանկարով, թեև, առայժմ, արտաքուստ ոչ բռնի մեթոդներով: Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ադրբեջանի Հանրապետության տարածքում նման կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է ազգային օրենսդրությանը, երկրների միջև փոխադարձության սկզբունքին և երկկողմ հիմունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների պահանջներին համապատասխան: Ռուսական կողմին տեղեկացնելուց հետո, որ Ռուսական տեղեկատվական և մշակութային կենտրոնը՝ Ռուսական տունը, որը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունն է Ադրբեջանում, գրանցված չէ որպես իրավաբանական անձ և և որ կազմակերպությունը լրջորեն խախտել է Ադրբեջանի օրենսդրությունը, 2025 թվականի փետրվարի 3-ին ռուսական կողմին հայտագիր է ուղարկվել Ռուսական տան գործունեությունը դադարեցնելու մասին։ Այսպիսով, մեր երկրում «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու՝ ադրբեջանական կողմի որոշմանը համապատասխան, ակնկալվում է, որ ռուսական կողմը համապատասխան միջոցներ կձեռնարկի այդ ուղղությամբ»,- ասել է Հաջիզադեն։.
Լուրն արդեն հաստատել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը: «Ռոսիա 24»-ի եթերում նա նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն, իրոք, կոչ է արել ռուսական կողմին դադարեցնել Բաքվում Ռուսաստանի տան գործունեությունը: Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն աշխատում է Բաքվում Ռուսաստանի տան հետ կապված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Բաքվում գտնվող ռուսական տունը պետք է մեկուկես ամսվա ընթացքում ազատի իր վարձակալած տարածքները, քանի որ սեփականատերը մտադիր է շտապ վաճառել այն, ասել է Պրիմակովը։
Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում արդեն հնչում են գնահատականներ՝ կապված երկրի իշխանությունների որոշման հետ՝ Մոսկվա և Վաշինգտոն ծանուցումներ ուղարկել Ադրբեջանում USAID-ի և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեության դադարեցման մասին: Քաղաքագետներից ոմանք հարց են հնչեցնում՝ եթե ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հանդիպումները նախատեսված չեն Բաքվում, ապա ինչո՞ւ Ադրբեջանում փափուկ ուժի գրասենյակներ կան:
«Ադրբեջանա-ռուսական հարաբերությունների համատեքստում մենք իջնում ենք հարաբերությունների վատթարացման պարույրով»,-նշել է ադրբեջանցի քաղաքագետներից մեկը: Նրա խոսքով, Բաքուն դրսևորում է ազնվություն և հետևողականություն, միաժամանակ նախազգուշացնում է նախքան քայլեր ձեռնարկելը. «Այս դեմարշը մեկ այլ ենթատեքստ ունի. պաշտոնական Բաքուն նույն հարթության վրա է դրել Ռուսաստանին և ԱՄՆ-ին, իսկ «դաշնակցային փոխգործակցությունը» հարթվել է։ Եվ բոլորը՝ Ռուսաստանի դիրքորոշման պատճառով, որում չկա «դաշնակցային փոխգործակցության» ոչ մի նշան»։
Հատկանշական է, որ այս ամենը հնչում է այն ֆոնին, երբ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները լարվել են` ադրբեջանական մարդատար ինքնաթիռի կործանման պատճառով: Բաքուն միջադեպի համար մեղադրում է ռուսական կողմին, ռուսական շրջանակներում, այդ թվում՝ պետական, հերքում են իրենց ուղղված մեղադրանքները: Մոսկվան ակնկալում է, որ Ադրբեջանի մայրաքաղաքում «Ռուսական տան» հարցը դրական լուծում կստանա, անդրադառնալով «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ Բաքվի ծանուցմանը իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել կատարել Ռուսական տան գրանցումն ավարտելու համար անհրաժեշտ գործողությունները և դա անել Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ երկկողմ միջկառավարական համաձայնագրի հիման վրա»: Նա նաև կոչ է արել չտրվել ԶԼՄ-ների սադրանքներին, որոնք լրտեսամոլություն են հրահրում։
Թեմային անդրադարձել է նաև Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ հարցը դիտարկելով մեկ այլ՝ ուշագրավ լույսի ներքո. «ԼՂ-ից հետո Ադրբեջանի համար Ռուսաստանի կարիքը վերացել է: Ադրբեջանի իշխանությունների իրական քաղաքականությունը բոլորովին այլ է. նրանք Թուրքիայի դաշնակիցներն են և իրենց շահերի հետ միասին առաջ են տանում թուրքական շահերը` Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում»:
Ֆրանսիան փորձում է ամբողջությամբ արգելափակել Փարիզում «Ռուսական տան» աշխատանքը, նրա հաշիվներն արդեն սառեցվել են. այս մասին էլ ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովը. «Այժմ փորձեր են արվում ամբողջովին սառեցնել «Ռուսական տան» աշխատանքը՝ սառեցնելով նրա հաշիվները։ Մենք դժվար բանակցություններ ենք վարում ֆրանսիացիների հետ այս հարցում, մանավանդ, որ «Ռուսական տունն» այստեղ գործում է իրավական հիմքերով, երկկողմանի համաձայնագրի հիման վրա, իսկ ֆրանսիական մշակութային կենտրոնը գործում է Ռուսաստանում։ Սա վերջին շաբաթների իրադարձությունների բացասական զարգացումն է»:
Հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխհարաբերությունների ճգնաժամային բնույթը, Սյունիքից և Երևանի «Զվարթնոց օդանավակայանից» ռուս սահմանապահների դուրս գալը, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ կապված թնջուկը, բացառված չէ, որ պաշտոնական Երևանը կհետևի Բաքվի և Փարիզի օրինակին: Նման սցենարի հավանականությունը խիստ բարձր է, թեպետ դեռ կոնկրետ հստակություն չկա այս հարցով:
Նշենք, որ Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը Երևանում (Երևանի «Ռուսական տուն»,
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» մասնաճյուղ) բացվել է 2009 թվականի ապրիլի 16-ին։ «Ռուսական տան» գործունեությունն իրականացվում է ՌԴ կառավարության և ՀՀ կառավարության միջև տեղեկատվական և մշակութային կենտրոնների ստեղծման և գործունեության պայմանների մասին 1997 թ. օգոստոսի 29-ի համաձայնագրի հիման վրա:
Ինչպես նշված է պաշտոնական կայքում, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը հատուկ ուշադրություն է դարձնում մշակութային, կրթական, գիտակրթական միջոցառումների անցկացմանը (գրական-երաժշտական, ստեղծագործական և հոբելյանական երեկոներ, դասական, կամերային, ջազային և այլ նվագախմբային երաժշտության մենահամերգներ ռուս և հայ նշանավոր երաժիշտների կողմից, միջազգային կոնֆերանսներ և ֆորումներ, սեմինարներ, միջազգային ֆոտոփառատոներ, ներառյալ վարպետության դասեր): Բացի այդ, Երևանում «Ռուսական տունը» ակտիվորեն ծրագրեր է իրականացնում հանրապետության սահմանամերձ շրջաններում, հատկապես՝ Սյունիքի մարզում: Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, «Ռուսական տունը» գործում է 2017 թվականից: 2024 թ. դեկտեմբերին Վանաձորում բացվեց «Ռուսական տան» արտադպրոցական կրթության կենտրոնը: