Հասարակություն

Երկու հայտնի դեմքեր, ովքեր պայքարում են ԲԿ-ի աթոռի համար

Երկու հայտնի դեմքեր, ովքեր պայքարում են ԲԿ-ի աթոռի համար

Հունվարի 26-ին Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթը կայացավ, որին մասնակցում էին 7 թեկնածուներ: Մասնակիցներից միայն Նարեկ Վանեսյան էր հաղթահարել երեք փուլերը:

Հաջորդ օրը Կոտայքի մարզպետարանը պարզաբանում տարածեց, որ մրցույթին մասնակցած 7 մասնակիցներից ոչ ոք չի հաղթահարել մրցույթի երեք փուլերը եւ կրկին պետք է մրցույթ կազմակերպվի:

Մեր տեղեկություններով՝ Կարեն Սահակյանը եւ Նարեկ Վանեսյանը կպայքարեն Հրազդանի ԲԿ-ի տնօրենի պաշտոնի համար: «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Կոտայքի մարզպետարանի՝ «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար 26.01.2021թ. անցկացված մրցույթի արդյունքները Նարեկ Վանեսյանի մասով, ՀՀ Կոտայքի մարզպետի 02.02.2021թ. թիվ 35-Ա որոշումն անվավեր ճանաչելու, մրցույթում հաղթող ճանաչելու, տնօրեն նշանակելուն և աշխատանքային պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջների մասին:  

Տեղեկացանք նաեւ, որ Կոտայքի մարզպետարանը որոշել է ապրիլ ամսին կրկին մրցույթ հայտարարել Հրազդանի ԲԿ-ի տնօրենի թափուր հաստիքի համար: ԲԿ-ի նախկին տնօրեններ Արմեն Հախվերդյանն ու Լիլիա Կարապետյանն այս անգամ մրցույթին չեն մասնակցի: 

ՆարեկՎանեսյանից հետաքրքվեցինք՝ կմասնակցի՞ մրցույթին, եւ կպայքարի՞ տնօրենի պաշտոնի համար.  «Ես դատարան եմ դիմել, գործը վարույթ են ընդունել, դեռ դատական նիստ չեն նշանակել: Փաստաբանս հայցի ապահովում է պահանջել, որ մրցույթները դադարեցվեն: Ես միայն այսքանը կարող եմ ասել, երբ սկսվի դատական գործընթացը, նոր Ձեր հարցերին կպատասխանեմ»:  

Հարցին՝ եթե երեք փուլերը անցել էիք, ինչո՞ւ մրցույթը չհաղթեցիք. «Ես չեմ պատասխանի այն, ինչ որ Դուք ուզում եք լսել, Դուք ինձանից լավ գիտեք, թե ոնց եղավ: Ես բժիշկ եմ, քաղաքական որեւէ հոսանքի չեմ հարում, զբաղվում եմ իմ մասնագիտությամբ: Ես արդարացիորեն մասնակցեցի մրցույթին: Ես այն մարդը չեմ, որի համար միջնորդություններ լինի, ոչ թե դրա համար, որ ես շատ կարեւոր /велика важность/ եմ, այլ ուղղակի փորձ ու գիտելիք ունեմ կուտակած, մտածել եմ, որ կարող եմ Հրազդանին օգնել իմ հնարավորություններով»: 

Նշենք, որ  2018թ. աղմկահարույց պատմությունների կիզակետում հայտնված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերը` ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանն 2019 թվականին հայտնվել է մեղադրյալի աթոռին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երկրորդ մասի 1.1 և 2 կետերի հատկանիշներով` խարդախություն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: Նրան մեղադրել են փողով բժիշկ տեղավորելու համար, սակայն դատարանի վճռով քրեական հետապնդումը դադարեցվել է. «Նարեկ Վանեսյանի ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին և 2-րդ կետերով  գործը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Վանեսյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնել»:

Մրցույթի մյուս մասնակիցը Կարեն Սահակյանն է՝ ԲԿ-ի նախկին տնօրեն Ռոբերտ Սահակյանի որդին է: Նրան ԲԿ-ի տնօրենի պաշտոնին նշանակելու համար ջանք չի խնայում ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: 

Մի քանի հարց ուղղեցինք Կարեն Սահակյանին: 

-Եթե կրկին մրցույթ հայտարարվի, կմասնակցե՞ք

-Ինչի՞ համար եք հարցնում, ի՞նչն ա խնդիրը: 

- Ուզում ենք իմանալ՝ կմասնակցե՞ք, թե՞ ոչ։

-Դեռ չեմ որոշել, ինձ թվում ա՝ ժամանակ կա որոշում կայացնելու: 

-Ասում են՝ Ձեզ հովանավորում է Սասուն Միքայելյանը, ի՞նչ կասեք այս մասին: 

- Ինձ որեւիցէ մեկը չի հովանավորում: Եթե Դուք տեղյակ եք, ես երկար տարիներ աշխատել եմ բժշակական կենտրոնների տնօրեններ, ինքս առողջապահության կազմակերպիչ եմ: Երկար տարիներ  եղել եմ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի տնօրենը, «Մալաթիայի» ԲԿ-ի տնօրեն: Ինձ ինչի՞ որեւիցէ մեկը պետք ա հովանավորի, դրա կարիքը չկա, եթե ես որոշել եմ մասնակցել Հրազդանի ԲԿ-ի տնօրենի մրցույթին, զարմանալու կամ ինչ -որ շատ հետաքրքրող բան չպետք ա լինի: 

-2016 թվականին ազատվել եք «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի տնօրենի պաշտոնից, այս ընթացքում ինչո՞վ էիք զբաղված։

-Ես հիմա ունեմ իմ մասնավոր գործեր, որով ես զբաղված եմ, գիտական աշխատանքով եմ զբաղված, հոդվածներ եմ տպում: Մի բան հարցնեմ էլի, ինչո՞ւ ա Ձեզ հետաքրքրում, ինձ թվում ա, որ իմացաք ով եմ ես, Ձեզ էլ չի հետաքրքրի, թե ինչու եմ ցանկանում մասնակցել տնօրենի մրցույթին:Որովհետեւ հենց ավարտել եմ առողջապահության կազմակերպումը  եւ իրավունք ունեմ մասնակցելու եւ աշխատելու իմ մասնագիտությամբ: Ես ինքս Հրազդանից եմ եւ տնօրենի մրցույթին մասնակցում եմ մի բանի համար, որպեսզի զարգացնեմ, եւ բնակչության որակյալ բուժծառայություններ մատուցեմ, ոչ թե հիվանդանոցը հասցնեն նրան, որ քաղաքի բնակչությունը չուզենա մտնի այդ հիվանդանոց: 

-Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ «Հրազդան» ԲԿ-ի նախկին տնօրենը, 1988-2017թթ. զբաղեցնելով նշված պաշտոնը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումար, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Այդ թվականներին ԲԿ-ի տնօրենը եղել է Ձեր հայրը: Գործը փակվե՞ց: 

-Հայրս աշխատել է մինչև 2017 թվականը, որից հետո գնացել է թոշակի: Ես չգիտեմ ինչի մասին եք ասում, տեղյակ չեմ, չեմ կարող ասել:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image