Չեխովի դպրոցում կրկին տնօրեն չընտրվեց։ Տնօրենի թեկնածու Դիանա Մինասյանը, որը ըստ շրջանառվող լուրերի, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է, ստացել է 4 ձայն, Անժելա Կարապետյանը՝ մեկ ձայն, իսկ Տաթևիկ Մելքոնյանը՝ 4 ձայն։ Այսպիսով, դպրոցի տնօրենի պաշտոնի համար հերթական մրցույթը պիտի հայտարարվի։
«Տիգրան Ավինյանի հետ որևէ առնչություն չունեմ։ Այո, քույրս աշխատում է կառավարությունում։ Քույրս 10 տարուց ավելի է՝ աշխատում է կառավարությունում։ Տեղեկատվությունը, թե ես հովանավորչություն ունեմ, ամբողջովին սուտ է։ Ես ավարտել եմ ՀՊՏՀ-ն՝ կառավարում մասնագիտությամբ։ Պաշտպանել եմ, դարձել եմ տնտեսագիտական գիտությունների թեկնածու՝ կառավարում մասնագիտությամբ։ Արդեն 10 տարի է ՝ դասավանդում եմ ՀՊՏՀ-ում։ Դասախոսել եմ նաև Իտալիայի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում։ Ես ունեմ ոչ միայն մանկավարժական, այլև գիտամանկավարժական փորձ ու գիտելիք»,- լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց Մինասյանը։
Նշենք, որ Երեւանի Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրենի պաշտոնն արդեն երկար ժամանակ է՝ թափուր է։ Տնօրենի թափուր պաշտոնի համար այս էլ որերորդ անգամ մրցույթ է անցկացվում, սակայն տնօրենի ընտրության գործող կարգով պայմանավորված՝ ոչ մի թեկնածու հաղթող չի ճանաչվում: Դեռեւս մարտին կայացած տնօրենի թափուր պաշտոնի ընտրության ժամանակ հավակնորդ 3 թեկնածուներից որևէ մեկը չէր ընտրվել։ Արդյունքում ոչ ոք հաղթող չէր ճանաչվել, եւ նոր մրցույթ հայտարարվեց, որի հայտերի ընդունման փուլն ավարտվել է մարտի 31-ին։ Այս անգամ եւս դիմել են՝ Նոնա Հովսեփյանը (Պուշկինի անվան դպրոցից), Դիանա Մինասյանը (ՀՊՏՀ դասախոս), Տաթեւիկ Մելքոնյանը (Չեխովի անվան դպրոցի տնօրենի ԺՊ), եւս մեկ հոգի՝ Անժելա Կարապետյանը (Հերացի դպրոցից)։ Ապրիլի 1-ի առավոտյան, քաղաքապետարանից զանգահարում են դպրոց եւ տեղեկացնում, որ Տաթեւիկ Մելքոնյանն այլեւս տնօրենի ԺՊ չէ, եւ դպրոցն ունի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար՝ Դիանա Մինասյանը՝ քաղաքապետի ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի ընկերոջ կինը։