Հասարակություն

«Հրապարակ». Իշխանությունը թվեր է հրապարակում, իսկ ջերմոցատերերը լաց են լինում

«Հրապարակ». Իշխանությունը թվեր է հրապարակում, իսկ ջերմոցատերերը լաց են լինում

Մինչ իշխանությունն արտահանման թվեր է հրապարակում, թմբկահարում նոր շուկաներ գտնելուն ուղղված հերոսական աշխատանքները, ջերմոցատերերն այլ բան են փաստում: Իշխանությունն ասում է, որ մայիսին Հայաստանից Վրաստան միայն ծաղիկների արտահանումը նախորդ տարվա մայիսի համեմատ աճել է երեք անգամ` հասնելով 218 տոննայի, իսկ այս տարվա ապրիլի համեմատ աճը գրեթե կրկնակի է: Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հունիսի 19-21-ը արտահանվել է. ծիրան՝ 371 տոննա, կեռաս՝ 154, ելակ՝ 19, պղպեղ՝ 144, լոլիկ՝ 76 տոննա, ծաղիկ՝ 390 հազար հատ եւ 7 տոննա։ Իսկ թե որ երկիր է արտահանվել՝ նախարարը չի մանրամասնել:

Մենք զրուցել ենք մի քանի ջերմոցատերերի հետ՝ հասկանալու, թե արդյո՞ք արտահանում են իրենց արտադրանքը, եթե արտահանում են, ապա որ երկրներ եւ ինչպես: Գագարինում «Գեւմիկ» ընկերության հիմնած ջերմոցային տնտեսությունը 2022 թվականին, կառավարության աջակցությամբ, ներդրումային ծրագիր է իրականացրել, իսկ այժմ հայտնվել է անելանելի վիճակում: Ընկերությունից հրաժարվեցին պատասխանել, թե վերջին 2 ամիսներին ինչքան վարդ են արտահանել: «Գեւմիկ» ՍՊԸ-ի տնօրեն Հրայր Աթանեսյանը հրաժարվեց խոսել։ Պատճառ կա՞ չասելու, թե որքան եք արտահանել։ «Սաղ պատճառ ա»: Փորձե՞լ եք գոնե Վրաստան արտահանել։ «Տարել ենք Վրաստան, չի վաճառվել, սաղ թափել ենք, վսյո, էլ հարց մի տվեք ինձ»: Մենք այլ աղբյուրից տեղեկացանք, որ ընկերությունն աշխատակիցների աշխատավարձերը 40 տոկոսով կրճատել է եւ այդ կրճատումը հիմնավորել է նրանով, որ դա ժամանակավոր է` մինչեւ արտահանում լինելը, հակառակ դեպքում՝ ջերմատունը կփակվի:

Լճաշենում գործող խոշոր գյուղատնտեսական եւ ջերմոցային «Գրին Սոլուշնս» ըկերությունը 2022 թվականին է ներդրումային ծրագիր իրականացրել եւ աշխատատեղեր ստեղծել: Ծրագրով նախատեսվում էր կառուցել 45 հա ընդհանուր տարածքով ջերմոցային խոշոր համալիր եւ 2,7 հա մակերեսով արդյունաբերական տնկարան: Ընկերությունն այս պահին միայն լոլիկ է արտադրում: Այս տեղից նույնպես մեզ ինֆորմացիա չտվեցին: Դիտարկմանը, թե էկոնոմիկայի նախարարը գրում է, որ վերջին 3 օրվա ընթացքում արտահանվում են տարբեր տեսակի մրգեր եւ բանջարեղեն, դուք լոլիկ արտահանո՞ւմ եք, թե՞ ներքին շուկայում եք վաճառում, ընկերությունից պատասխանեցին. «Էկոնոմիկայի նախարարը գրում է, որ այսքան միրգ ու ծաղիկներ է արտահանել: Թող իրենք պաշտոնական տվյալներ տան: Էկոնոմիկայի նախարարը լավ գիտի` ինչ ա արտահանվում երկրից, քան՝ ես: Մենք էլ ենք ուղիներ փնտրում՝ արտահանելու: Մենք տեղական շուկայում միշտ մեր ապրանքը վաճառել ենք: Թող էկոնոմիկայի նախարարը տվյալներ տա` ուր են արտահանում, ինչ են արտահանում, ես ասում եմ Ձեզ` բոլորի մոտ նույնն է, լավ վիճակ չի»:

«Պիոն» ՍՊԸ-ջերմատան հոլանդական վարդերը վաճառվում են Հայաստանում եւ Վրաստանում՝ ինքնարժեքից ցածր գնով, իսկ ընկերության հիմնադիր Ֆաբրիս Արման Փինարբասի Հակոբն օրեր առաջ մեզ հետ զրույցում նշել էր, որ փորձում են ուղիներ գտնել, ծաղիկներն արտահանել այլ երկրներ: Նախօրեին կրկին զրուցեցինք Ֆաբրիս Արման Փինարբասի Հակոբի հետ: Հաջողվե՞ց արդյոք ծաղիկներն այլ երկիր արտահանել։ Մեր հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Պետք է ուղարկեինք Բուլղարիա, ոնց որ հետաձգվեց, տեսնենք՝ գուցե վաղը կլինի: Ռումինիայից, Ֆրանսիայից զանգել, հետաքրքրվել են։ Սպասում ենք: Ֆրանսիայի հետ էլ ես եմ անմիջապես կապ հաստատել, քանի որ ես այնտեղից եմ, խոսել եմ, խոստացան ինչ-որ բան անել»: Իսկ Բուլղարիա ինչպե՞ս եք արտահանելու։ «Վրաստանից դեպի Թուրքիա, Թուրքիայից՝ Բուլղարիա»: Այդ դեպքում ճանապարհը չի՞ երկարի, Ձեզ վրա այդ ամենը թանկ չի՞ նստի։ «Ավելի թանկ է, քան թե Ռուսաստանը, եթե ճանապարհ լիներ` միանգամից Թուրքիայով Բուլղարիա տանել, այդ դեպքում ճանապարհն ավելի կարճ կլիներ, եւ ծախսը՝ քիչ»:

Արտահանման մասին էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի գրառումը զայրացրել ու զարմացրել է ֆեյսբուքյան օգտատերերին: Տիգրան Մուրադյանը, օրինակ, գրել է. «Չեմ հավատում, խաբում է։ Ներկայացնելով` ցանկանում են տպավորություն ստեղծել, թե իբր ծաղիկ, ծիրան եւ այլ մրգեր են արտահանվում»: Հրայր Անտոնյանը գրել է. «Թվեր ա, գրեք, էլի, բայց ջերմոցատերերն ու գյուղացին նստած լացում են, ձեզ ի՞նչ կա, ժեխին խաբեք, մեկ ա՝ դրանից բան չի փոխվում»: Համլետ Մինասյանն արձագանքել է. «Դե գրի՝ համեմատելով, թե ինչքան է արտահանվել անցած տարիների այս ժամանակահատվածում։ Բացի դրանից, հրապարակեք փաստաթուղթ։ Ի՞նչ եք «մանկապարտեզ» խաղում, ժողովրդին հերթական անգամ խաբում։ Դուք ձեզնից ո՞նց չեք զզվում»: Ռոբերտ Ստեփանյան. «Էդ քո նշած թվերը էն չհասկացողի համար, հա՛, տոննաներով արտահանում ա, բայց իրականում՝ մի ֆուռ ելակ, էն էլ՝ երեւի Ավինյանի ելակը, մի 10 ֆուռ կեռաս, մի 15 ֆուռ ծիրան: Սա ցուցանի՞շ ա մի պետության համար: Բա հետո էլ նշի՝ ուր եք արտահանել: Էդ ի՞նչ ֆուռեր են լիցենզավորել կես ամսում, այն դեպքում, երբ մարդիկ տարիներով են չարչարվում՝ սերտիֆիկատներ եւ լիցենզիաներ ստանալու համար: Ո՞ւմ ես հիմարի տեղ դրել: Ստով եկել եք ու ստով շարունակում եք»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image