Իջևան համայնքի սահմանամերձ Վազաշենը հին տարեգրություն ունեցող բնակավայր է։ Գյուղի պատմության հերոսական էջը գրվեց 1992թ․ դեկտեմբերի 29-ին, երբ ամանորի շեմին ադրբեջանցի տասնյակ հրոսակներ տանկերով, այլ զինտեխնիկայով ներխուժեցին Վազաշեն, գյուղի խաղաղ բնակիչներ սպանեցին, գերեվարեցին։ Վազաշենցի քաջ երիտասարդները և նրանց օգնության հասած զինուժը մեծ ջարդ տվեցին բարբարոսներին։
Հայաստանի անկախության տարիներին Վազաշենի բնակչությունը նվազել է, ներկայումս գյուղում մոտ 850 մարդ է ապրում։ Դրա հիմնական պատճառները գյուղում եկամտի աղբյուրների սղությունն է, սահմանամերձ բնակավայրին բնորոշ կենսապայմանները։ Վազաշենի միջնակարգ դպրոցի շենքի պատերին դեռ երեւում են ադրբեջանական գնդակոծությունների հետքերը: 2017 թվականին դպրոցի շենքի առաջ 3 շերտով տնկեցին ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած արագ աճող բարդիներ, որպեսզի դրանք կրթօջախի շենքը պաշտպանեն ադրբեջանական զինուժի գնդակոծություններից: Դրանից առաջ դպրոցի շենքի պատուհանները ձեւափոխել էին, նեղացրել, որպեսզի աշակերտներն ադրբեջանական գնդակոծություններից պաշտպանված լինեն:
Վազաշենն ընդհանուր 1650 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող ունի, որից շուրջ 1500 հեկտարը սահմանամերձ է եւ վտանգավոր գոտում գտնվելու պատճառով վազաշենցիների կողմից չի մշակվում: Մնացած 150 հեկտարից 75-ը գյուղացիների տնամերձ հողատարածքներն են, որոնք վազաշենցիները մշակում են, այդ կերպ իրենց օրվա հացի խնդիրը լուծում: Վազաշենը մոտ 60 հեկտար վարելահող ունի: Խորհրդային տարիներին Վազաշենի հողատարածքները ոռոգվում էին հարեւան` Այգեհովիտ գյուղի մաս կազմող Կայանի տարածքից, Աղստեւ գետից սնուցվող ոռոգման պոմպակայանի միջոցով: 1991թվականից մինչ այժմ պոմպակայանը չի գործում, Վազաշենի հողերը չեն ոռոգվում:
Վազաշենից հողերից մոտ 800 հեկտարը 1994 թվականի հրադադարի հաստատումից հետո հայտնվել է գյուղի պաշտպանական դիրքերից այն կողմում: Ադրբեջանցիները Վազաշենի այդ վարելահողերը մշակում են, այնտեղ ցորեն եւ գարի ցանում։ Նախկին տարիներին շատ դեպքեր են եղել, երբ Վազաշենի անասունները հայտնվել են Ադրբեջանի տարածքում սահմանամերձ ականապատ գոտում, ականների պայթյունից վնասվել են։
Տարիներ առաջ բարեգործական մի կազմակերպության ներկայացուցիչ Վազաշեն համայնքի ղեկավար (այժմ՝ Վազաշենի վարչական ղեկավար) Լորիկ Բադիրյանին հարցրել էր, թե ուզում են ընտանի կենդանիներ նվիրել վազաշենցիներին, ինչ նվիրեն։ Բադիրյանն ասել էր՝ մեղվաընտանիքներ տվեք, մեղուները ոչ գերի են ընկնում ադրբեջանցիներին, ոչ էլ՝ պայթում ականների վրա։ Վազաշենի վարչական տարածքում առկա է բազմամետաղային հանքավայր։ Այն սահմանային գոտում է․ գտնվում է Ադրբեջանի հետ սահմանից մոտ 400 մետր հեռավորությամբ։
Սկսած 2014 թվականից Վազաշենի բազմամետաղային հանքում երկրաբանական ուսումնասիրություններ կատարած ընկերություները որոշակի թվով բնակիչների աշխատանքով են ապահովել։ Հունիսի 29-ին «ԷյԹի Գրուպ» ՍՊԸ-ն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգի համաձայն, Վազաշենի վարչական ղեկավարի նստավայրում կազմակերպել է «ՀՀ Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքավայրի արդյունահանման նախագծի» վերաբերյալ հանրային քննարկման առաջին փուլը։ Վազաշենի վարչական ղեկավար Լորիկ Բադիրյանն ասաց, որ բազմամետաղային հանքավայրն ունի պղնձի, ցինկի, ոսկու 5 տարվա ուսումնասիրված պաշարներ։ «ԷյԹի Գրուպ» ՍՊԸ-ն նախատեսում է Վազաշենում հանքարդյունահանում իրականացնել փակ եղանակով, թունելի ձևով։ Նախատեսվում է Վազաշենում կառուցել մետաղաձուլարան, իսկ արտադրական թափոնները լցնել հանքարդյունահումից գոյացած հանքախորշերը։ Վարչական ղեկավարի խոսքերով՝ սկզբնական փուլում ձեռնարկությունում կաշխատի 150, հետագայում՝ 300 աշխատող։ Ժամանակը ցույց կա, թե Վազաշենում հանքարդյունահանման, հանքամշակման այս ծրագիրն ինչ ընթացք կունենա։