Քաղաքականություն

Քաղբանտարկյալի բանաձեւը. երբ նույն արարքի համար ընդդիմադիրը պատժվում է, իշխանականը` ոչ

Քաղբանտարկյալի բանաձեւը. երբ նույն արարքի համար ընդդիմադիրը պատժվում է, իշխանականը` ոչ

Իշխանությունները շարունակում են քրեական հետապնդումների ենթարկել եւ կալանքի տակ պահել ընդդիմադիր գործիչներին՝ զուտ նրանց խոսքի համար։ Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 19-ին տեղի ունենալիք հավաքի վերաբերյալ ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր, ընդդիմադիր հայացքներ ունեցող Անի Կարապետյանն իր էջում գրառումներ էր կատարել. «Պետք է վերցնել կառավարության շենքը եւ եւս մի քանի պետական նշանակություն ունեցող շենքեր, որից հետո իմանալ` սատկած Նիկոլը որտեղ է, գնալ սատկացնել նրան…»։ Մեկ այլ գրառում. «Առավոտյան Երեւանի գլխավոր փողոցները հարկավոր է կաթվածահար անել: Գիշերը պահեստավորեք մեքենաների անիվներ եւ դրանք վաղը կրակի տվեք կենտրոնական փողոցներում…»։ 2018-ի դեպքերին մասնակցածները կհիշեն, որ հենց նման մեթոդներով է ՔՊ-ն եկել իշխանության:

Կարապետյանի գրառումների առթիվ Քննչական կոմիտեն վարութ է սկսել` Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), որի համար մինչեւ 3 տարվա ազատազրկում է նախատեսված։

Նույն՝ «բռնության կոչի» հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաեւ ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին։ Վարույթի առիթը դարձյալ գրառումն է․ «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը»։ Ադիբեկյանի 2 այլ գրառումների առթիվ քրեական վարույթ նախաձեռնվել էր դեռ 2022թ. սեպտեմբերին, որոնցից մեկով կայացվել են քրեական հետապնդում չիրականացնելու, իսկ մյուսով՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումներ։

Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնության կոչի համար քրեական վարույթ է հարուցվել նաեւ«Տաթեւ Արցախ» անունով հայտնի ակտիվիստ Տաթեւիկ Վիրաբյանի նկատմամբ։ Առիթը Վիրաբյանի հետեւյալ գրառումներն են․ «Մահ Նիկոլին, ազատություն Արցախին», «Ավելացնում եմ, որ Նիկոլին, իրա սրիկայախմբին պիտի գմփցնել, տրաքացնել»։ Վիրաբյանի գործով նաեւ հետեւյալ հայտարարությունն է կցվել․ «Քաղաքը պիտի պարալիզացվի, պիտի զանգվածային անհնազանդություն լինի… Ինձ ինչ ուզում եք` արեք, ասեք` բռնության կոչ եմ անում, ոչ մի Արցախի բնակչից լավը չենք… Այո՛, զանգվածային անկարգություններ ա պետք, շենքեր գրավել ա պետք…» ։ Տաթիկ Վիրաբյանը, ով առողջական խնդիրներ ունի եւ երկու անչափահաս երեխա, այս պահին կալանավորված է։

Կալանավորված է նաեւ «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։ Նույնիսկ իրավաբանների շրջանում անեկդոտ է պտտվում. «Նիկոլ Փաշինյանը ցանկացած անհասկանալի իրավիճակում կալանավորում է Մալյանին»։ Այս անգամ նրան մեղադրում են թշնամանք հրահրելու մեջ։ Այս նույն հոդվածով մեղադրանք էին առաջադրել նաեւ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին, ով մահացավ դատարանի դահլիճում։ Մալյանի դեմ քրեական գործի հարուցման առիթ է դարձել նրա լայվը, որտեղ ասում է. «Պատրաստվում ենք գնալ Աննա Հակոբյանի հետ սուրճ խմելու»։ Ավելի վաղ էլ Մալյանին մեղադրանք էին առաջադրել բռնության կոչի համար, գրել էր՝ «մահ դավաճաններին»։ Մալյանի խոսքով՝ իրեն քննչականում բացատրել էին, որ «Մահ դավաճաններին» արտահայտությունը բռնության կոչ է Նիկոլ Փաշինյանի դեմ։ Նա եւս կալանավորված է այս պահին, արգելված են նրա հետ տեսակցությունները։ Հիշեցնենք նաեւ, որ 2020 թվականին Հայրենիքի փրկության շարժման շրջանում Մալյանը բեմադրել էր Չաուշեսկուների ընտանիքի մահապատժի դրվագը, դրանից հետո նրան կրկին մեղադրանք առաջադրեցին՝ բռնության կոչի համար, սակայն դատաքննության արդյունքում նա արդարացվեց։

Հետաքրքիր է, որ նման բնույթի` «էլ բեթար» գրառումներ ու հայտարարություններ անում են նաեւ իշխանության ներկայացուցիչներն ու նրանց համակիրները, սակայն մեր երկրում օրվա իշխանության օրոք երկակի ստանդարտներն այնքան ցայտուն ու ակնառու են, որ նույնիսկ փորձ էլ չեն անում՝ յուրայինների դեմ քրեական գործեր հարուցելու։
Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն Էդգար Ղազարյանին հրապարակային սպառնաց՝ «ականջներդ կկտրեմ, լեզոդ էլ՝ հետը», եւ հավելեց, որ դա կարող են ընդունել որպես սպառնալիք, սակայն ՔՊ-ական պատգամավորի դեմ որեւէ քրգործ չհարուցվեց։ Մեկ այլ ՔՊ-ական` Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ «5-րդ շարասյան գլուխը պետք է ջարդվի»՝ նկատի ունենալով ընդդիմությանը։ Նիկոլ Փաշինյանն էլ հրապարակավ ընդդիմությանը բազմիցս սպառնացել է, որ «ասֆալտ կուտացնի ու բորդյուր լիզել կտա», սակայն քննչական մարմիններն այստեղ եւս հանցակազմ չեն տեսել։ Իսկ պատգամավորներին ծեծի ենթարկելու հայտնի միջադեպից հետո վարույթը կարճվեց, որովհետեւ իրավապահները գտան` հարվածը ծեծ չէ:

Քրեական գործերով փաստաբան Միքայել Շխիմյանին հարցրինք, թե որքանով է ընդունելի, երբ քաղաքական խոսք, քննադատություն հնչեցնելու համար մարդկանց դեմ քրեական գործեր են հարուցում ու կալանավորում։ «Բնականաբար, շատ բացասական եմ վերաբերվում եւ դատապարտում եմ եւ գտնում եմ, որ անընդունելի է մարդուն` իր կարծիքն արտահայտելու համար, նրա հիմնարար իրավունքների սահմանափակումը»,- ասաց նա։
Փաստաբանին հարցրինք՝ ո՞ր դեպքում է «բռնության կոչի» հանցակազմն առկա եւ այդ հոդվածը կիրառելի։ «Բնականաբար, պետք է վտանգը ռեալ լինի, ուղղակի ինչ-որ վերացական կոչեր հնչեցնելը չի կարող հիմք ծառայել այդ հանցակազմով անձին մեղադրանք առաջադրելու համար»:

Թեմայի առնչությամբ զրուցեցինք նաեւ Վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավոր, Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի հետ։ «Ես այդ գրառումներին ծանոթ չեմ, սակայն չեմ կարող չվստահել Ձեր խոսքին։ Այն, ինչ արվում է, մի օր իրենց դեմ է դառնալու, եւ Ձեր խոսքին վստահելով կարող եմ ասել, որ դա քաղաքական հետապնդում է, ոչ պակաս։ Ես գիտեմ, որ Տաթեւ Արցախն էլ է կալանավորված, Մալյանն էլ է կալանավորված, պարտադիր չէ ինձ համար, որ ես մեղադրանքը տեսնեմ, իրենց արածը տեսնեմ, համեմատեմ, տեսնեմ՝ Քրեական օրենսգրքի հատուկ մասին համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ, այսինքն՝ ենթադրյալ հանցագործության հատկանիշներ պարունակո՞ւմ է, թե՞ ոչ։ Տվյալ մարդկանց կալանավորումը տվյալ իշխանության օրոք արդեն իսկ առաջ է բերում քաղաքական ենթատեքստ։ Ես քաղաքական ենթատեքստ տեսնում եմ՝ հաշվի առնելով իշխանությանը եւ հաշվի առնելով մեղադրյալներին։ Երբ երկու անձինք նույն արարքն են կատարում, եւ մեկը պատժվում է, մյուսը՝ ոչ, եւ պատժվողն էլ շատ թե քիչ ճանաչված անձնավորություն է, ով հակաիշխանական գործունեությամբ աչքի է ընկնում, ապա էլ ինչի՞ մասին է խոսքը, քաղաքական բանտարկյալը էլ ո՞րն է»,- պատասխանեց Ազարյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image