«Հրապարակ»-ի զրուցակիցը թուրքագետ, Արեւելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն է։
-Հաշվի առնելով մերձավորարեւելյան տարածաշրջանում լարվածության աճը եւ Իսրայել-Ադրբեջան ռազմավարական հարաբերությունները, Իրան-Իսրայել հնարավոր սրացման, ուղղակի բախման դեպքում, ինչպիսի՞ն կարող է լինել Ադրբեջանի ներգրավվածությունը։
-Իմ ընդհանուր գնահատականը հետեւյալն է՝ այո, Մերձավոր Արեւելքում շատ բարդ եւ վտանգավոր գործընթացներ են տեղի ունենում եւ եթե համեմատենք իրադրությունը Մերձավոր Արեւելքում հիմա եւ սրանից մի կես տարի առաջ՝ մինչեւ անցած տարվա հոկտեմբերի 7-ը, փաստորեն, մենք տեսնում ենք, որ իսկապես, իրադրությունը լուրջ է եւ գնալով լրջանում է։ Սա ՝ առաջին։ Երկրորդ. արդյո՞ք կլինի մեծ պատերազմ Մերձավոր Արեւելքում, թե ոչ, կարծում եմ՝ ոչ ոք չի կարող կանխատեսել։ Ամեն դեպքում, հույս ունեմ, որ հնարավոր կլինի գործընթացները պահել կառավարելիության շրջանակներում։ Իմ այդ հույսը հիմնվում է հետեւյալ հանգամանքի վրա՝ առաջին հերթին, մենք տեսնում ենք, որ Իրանը բավականին հասունություն ցուցաբերեց եւ չդիմեց կտրուկ քայլերի Իսրայելի դեմ։ Այո, Իսրայելը Ադրբեջանի տարածքում ռազմական օբյեկտներ ունի։ Ես կարծում եմ, որ հիմա Թուրքիայի եւ Իրանի միջեւ գաղտնի բանակցություններ պետք է ընթանան ներկա փուլում։ Թուրքերը ամեն ինչ կանեն՝ օգնելու համար, որ Ադրբեջանը խուսափի իրանական պատասխան հարվածից՝ իսրայելական ռազմական օբյեկտներին, եթե զարգացումները դրան հասնեն։ Պետք է նաեւ հաշվի առնել այն հանգամանքը, որ Թուրքիայի ներկայիս ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը լավ կապեր ունի եւ մեծ հեղինակություն է վայելում Թեհրանում` դեռ այն ժամանակներից, երբ հետախուզության ղեկավարն էր Թուրքիայում։ Կարծում եմ՝ սա էլ իր նշանակությունը կունենա, այնպես, որ քանի դեռ մեծ պատերազմը չի սկսվել Մերձավոր Արեւելքում, Իրանը Ադրբեջանի իսրայելական օբյեկտների դեմ կտրուկ գործողություններ չի ձեռնարկի, բայց եթե լինի այդ մեծ պատերազմը, շատ հավանական է, որ Թեհրանը թիրախավորի այդ օբյեկտները, օրինակ, օդանավակայանը։
-Հնարավոր սրացումից կարո՞ղ են օգտվել Թուրքիան ու Ադրբեջանը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը բացելու համար, որի գլխավոր խոչընդոտներից մեկը հենց իրանական գործոնն է համարվում։
-Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ այն չի բացվում հենց իրանական գործոնի շնորհիվ։ Այստեղ, կարծում եմ, իրողությունն ավելի բարդ է։ Ներկա փուլում Թուրքիայի համար կարեւորը հայ-ադրբեջանական պայմանագիրն է եւ դրա մասին Էրդողանն էլ է խոսում։ Ինֆորմացիա եղավ, որ կարծես թե, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի խնդիրը թողել են ապագայի՝ հետոյի համար։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այսօր Թուրքիային այդ միջանցքը պետք չի, որովհետեւ նա իր տարածքից՝ Կարսից մինչեւ Նախիջեւան երկաթգիծ չունի, այն դեռ պետք է կառուցվի, որպեսզի այդ միջանցքը Թուրքիայի համար նշանակություն ունենա։ Այնպես, որ միջանցքի խնդիրը Թուրքիան թողել է հետոյի համար։ Կարծես իրենց տրանսպորտի նախարարի վերջին հայտարարությունն այն մասին էր, որ երկաթգծի կառուցումը պետք է ավարտվի 2028 թվականաին։ Նրանք նոր են սկսում աշխատանքները, 15 տարի խոսում էին, նոր են սկսում։ Հիմա Թուրքիան հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է հայ-ադրբեջանական պայմանագրից, բայց նույնիսկ եթե այն ստորագրվի, Թուրքիան միանգամից սահմանը չի բացի, Հայաստանի վրա ճնշման միջոց կբանեցնի, որ արդեն լուծի, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի խնդիրը։ Այն երկու փոքր քայլը, որ համաձայնեցրել էին Ռուբինյանն ու Քըլըչը, Թուրքիան դա կանի, բայց սահմանը բացելու ուղղությամբ իրական քայլ չի անի եւ դա կօգտագործի միջանցքը ստանալու համար՝ այն ձեւով, ինչպես ինքն է ուզում։
-Իսկ ցամաքային ավտոմոբիլային կա՞պը, Ադրբեջանը պահը չի՞ օգտագործի, երբ աշխարհը մերձավորարեւելյան խնդրի վրա կենտրոնացած լինի, օրինակ, լոկալ սրացմամբ, այդ հարցը լուծելու համար։
- Դա մենք, իհարկե, երբեք չպետք է անտեսենք։ Ադրբեջանի դիկտատորական ղեկավարությունը կարող է իրեն թույլ տալ անկանխատեսելի լինել, բայց, քանի որ կա Իրանի հետ ավտոմոբիլային ճանապարհը, որը գործում է եւ բուն Ադրբեջանը կապում է Նախիջեւանի հետ, դա իրենց համար շատ կարեւոր չէ։ Սա Թուրքիայի համար է կարեւոր, որովհետեւ դրանով Թուրքիան ոչ միայն Ադրբեջանի եւ Միջին Ասիայի հետ կապվելու խնդիր է լուծում, այսինքն, իր հարյուրամյա պանթուրքիստական ծրագիրը, այլեւ գլոբալ խնդիր, որովհետեւ այդ հարցը հիմա համաշխարհային, գլոբալ նշանակություն է ստացել։ Այդ պրոյեկտը, որը կարճ կարող ենք անվանել Պեկին-Լոնդոն, հիմա նաեւ ամերիկացիներին է հետաքրքրում։ Չինաստանի եւ Եվրոպայի միջեւ ցամաքային կապի խնդիր է դրված, Չինաստանի եւ ԵՄ-ի միջեւ տարեկան առեւտուրը 800 միլիարդ դոլարից ավելի է կազմում եւ գնալով ավելանում է, ԱՄՆ-ի համար շատ կարեւոր է, որ այդ ցամաքային կապը լինի այնպիսին, որ չանցնի Ռուսաստանի եւ Իրանի տարածքով, այլ անցնի Հարավային Կովկասով, որի վրա իրենք հսկողություն կունենան։ Այնպես որ, հիմա գլբոլալ առումով, Պեկին-Լոնդոն ճանապարհի հարցն է դրված եւ ԱՄՆ-ը այստեղ շահագրգռություն ունի։ Այս պրոցեսները դեռ զարգացման մեջ են, վերջնական չեն։
-Նշեցիք, որ Թուրքիայի համար այս փուլում կարեւոր է հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրումը։ Ինչո՞ւ է դա կարեւոր։
-Ես կարծում եմ, որ այդ պայմանագիրը պետք է օրինականացնի հայ-ադրբեջանական պատերազմում Հայաստանի պարտության արդյունքները, այսինքն, դա Թուրքիայի համար կարեւոր է իր աշխարհաքաղաքական դիրքը մեր տաածաշրջանում հաստատելու եւ լեգիտիմացնելու համար։ Սա Թուրքիան դիտարկում է իր տարածաշրջանային ռազմավարության շրջանակներում։
-Իրանի դերակատարությանն անդրադառնանք, այս երկիրը հստակ նշում է իր կարմիր գծերը, մասնավորապես, Սյունիքի անվտանգության համատեքստում։
-Իրանի դերը շատ կարեւոր է, մենք տեսնում ենք, որ նա գնալով ակտիվացնում է իր տարածաշրջանային քաղաքականությունը եւ՛ Սյունիքի առումով, եւ՛ իր հայտարարություններով, որ թույլ չի տա սահմանի փոփոխություն լինի։ Մենք տեսնում ենք, որ Իրանը ակտիվ կողմնակից է 3+3 կամ 3+2 ձեւաչափին, այսիքն, Իրանը փորձում է ակտիվացնել իր տարածաշրջանային քաղաքականությունը։ Ինչո՞ւ, որովհետեւ մինչեւ 2020թ պատերազմը տարածաշրջանում Ռուսաստանն էր միանձնյա հիմնական ուժը, պատերազմից հետո Թուրքիան իր հնարավորությունները ստացավ եւ մեր տարածաշրջանում ուժեղացրեց իր դիրքը, ինչը դուր չի գալիս Իրանին, որը փորձում է ակտիվանալ եւ դրա հիմնական ուղղություններից մեկն այն է, որ Իրանը ձգտում է թույլ չտալ, որ Թուրքիան էքստերիտորիալ իրավունք ստանա, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի վրա։ Սա Իրանի համար շատ կարեւոր նշանակություն ունի, որովհետեւ, եթե դա տեղի ունենա, փաստորեն, Իրանը կտրվում է Սեւ ծովից։ Դա կարեւոր հանգամանք է նաեւ այն առումով, որ հիմա քննարկվում է Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով պրոյեկտը, որը իհարկե, դեռ հեռու է իրականությունից, բայց այդ հարցով արդեն հանդիպումներ են տեղի ունենում։
-Ասել է, թե` այն, ինչ հիմա տեղի է ունենում հարավկովկասյան տարածաշրջանում եւ նրա շուրջ, ըստ էության, ռեսուրսների եւ հաղորդակցության ուղիների համար տնտեսական եւ աշխարհաքաղաքական պայքա՞ր է։
- Շատ լավ հարց եք բարձրացնում, ես այն մի փոքր այլ կերպ կձեւակերպեի։ Հիմա մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում Հարավային Կովկասի ինտեգրում համաշխարհային գործընթացներին, որտեղ Ռուսաստանը կորցրեց իր մենաշնորհը։ Մինչեւ 2020 թվականը Հարավային Կովկասը դուրս էր այս պրոցեսներից, որովհետեւ Ռուաստանի տարածքն էր հանդիսանում։ Հիմա Թուրքիան է ամրապնդվել, Իրանն է ակտիվանում, Չինաստան-Եվրոպա ամերիկյան այդ պրոյեկտն է հետաքրքրություն ներկայացնում։ Սա նշանակում է, որ սկսվել է Հարավային Կովկասի ինտեգրումը համաշխարհային գործընթացներին, մինչեւ այս այն ուրիշների համար փակ էր եւ պայքարն այն բանի համար էր, թե այդ պրոցեսներն ում օգտին կգնան։ Այստեղ Ռուսաստանն էլ իր հետաքրքրությունն ունի՝ Ռուսաստան-Ադրբեջան -Իրան-Պարսից ծոց երկաթգծի կապի պրոյեկտը, որը էլի հետաքրքիր համընկնումով, պետք է ավարտվի 2028 թվականաին։ Իրանի տարածքում այն արդեն կառուցված է։ Այն Ռուսաստանի համար կարեւոր ռազմավարական նշանակություն կունենա, նա մուտք կստանա Պարսից ծոց, ինչը կազդի նաեւ մերձավորարեւելյան զարգացումների վրա։ Այսինքն, հիմա պայքար է գնում, թե Հարավային Կովկասն ում օգտին կինտեգրվի համաշխարհային գործընթացներին։
-Այս պայմաններում Հայաստանը տարբեր բեւեռների միջեւ հակասությունների կիզակետում է հայտնվել, ի տարբերություն Վրաստանի, որը փորձում է խուսափել դրանից եւ Ադրբեջանի, որին հաջողվում է խաղալ երկու աշխարհաքաղաքական բեւեռների միջեւ եւ սպասարկել իր շահը։ Հայաստանի շահն ի՞նչ է պահանջում այս իրավիճակում։
- Այո, Ադրբեջանը խաղը վարում է եւ օգուտ է ստանում երկու բեւեռներից էլ, բայց տեսնում ենք, որ պարադոքսալ իրավիճակ է՝ հիմա մեր տարածաշրջանում հենց Ադրբեջանն է անմիջական վտանգի ներքո։ Երեկ, իմիջիայլոց, «Ֆայնենշլ Թայմս»-ում մի նյութ հրապարակվեց, որի ձեռքի տակ էին հայտվել ռուսական գաղտնի փաստաթղթեր, այն մասին, թե ՆԱՏՕ-ի հետ պատերազմի դեպքում տարածաշրջանային երկրներում Ռուսաստանն ինչ օբյեկտներ պետք է թիրախավորի։ Հայաստանում եւ Վրաստանում նման օբյեկտներ չկան, բայց Ադրբեջանում նման 2 օբյեկտ կա, որը կարող է թիրախավորվել։ Այսինքն, Ադրբեջանի դիրքը շատ վտանգավոր է։ Երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը Բաքվում էր զգուշացրեց, որ շատ մի՛ ուրախացեք, որովհետեւ ռուսների հաջորդ թիրախը կարող է դուք լինեք։ Վրաստանում, այո, կարեւոր գործընթացներ են տեղի ունենում, նա Արեւմուտքից հեռանում է դեպի Ռուսաստան, սա նոր գործընթաց է եւ Արեւմուտքը ոչ միայն դժգոհում է, այլեւ որոշակի քայլեր է արդեն իրականացնում, օրինակ, օգնությունն է նվազեցնում եւ այլն։ Հայաստանի գործընթացները, եթե մենք լուրջ գնահատենք, ըստ էության, Հայաստանը, սկզբունքորեն, Ռուսաստանի հետ հարաբերությունները դեռ չի փչացրել։ Դեռ գտնվում ենք Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերություններում։ Դա շատ կարեւոր է։
-Բայց դա միայն թղթի վրա չի՞ մնացել։
-Ո՛չ, եթե նայենք, իրականում, Հայաստանը Ռուսատսանի դեմ իսկապես վտանգ ներկայացնող ոչ մի գործողություն դեռ չի արել, որը կվնասեր Ռուսաստանին եւ դա հասկանալի է, որովհետեւ Հայաստանը հնարավորություն չունի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ լրջորեն փչացնելու, որովհետեւ դա միանգամից կանդրադառնա տնտեսության վրա։ Սա ակնհայտ է։ Արեւմուտքի հետ մեր հարաբերությունները, այո՛, որոշ չափով լավանում են, բայց խոսել ԵՄ-ի մասին՝ որպես իրականություն, որը շատ շուտով կլինի, անիմաստ է, նման բան հնարավոր չէ։ Այնպես որ հիմա շատ կարեւոր է, որ Հայաստանն այդ գիծը չանցնի, որն իրական վտանգ ներկայացնի Ռուսաստանի համար։ Դեռ չի անցել այդ գիծը։ Տեսնում ենք, չէ՞, թե ԵԱՏՄ-ից Հայաստանը ինչ օգուտներ է ստանում, դա փաստ է։ Հայաստանն այլընտրանք չունի, ամբողջ հարցը դրանում է, եւ պետք է շատ զգույշ լինել Ռուսաստանի հետ։ Այն բարդ երկիր է, գիտեք, բայց իմ ընկալմամբ, մենք դեռ սահմանը չենք անցել։ Վերջերս, Մոսկվայում Պրիմակովյան 10-րդ ընթերցումներն էին, որը շատ կարեւոր էր։ Այնտեղ փոխվարչապետ Օվերչուկը հստակ խոսեց այն մասին, որ Ռուսաստանը տարեկան որոշակի գումար է ծախսում Հայաստանին տնտեսության տարբեր բանգավառներում նախապատվություններ տալու համար, օրինակ, էժան գազ եւ այլն։ Նա նշեց, թե տարեկան որքան կորուստ է տալիս Ռուսաստանը, որ այդ գումարը ծախսվում է եւ դրանից օգուտ չի ստացվում, բայց դա արվում է Ռուսաստանի անվտանգությունն ապահովելու համար։ Հստակ նշվեց, որ երբ Ռուսաստանը զգա, որ իր անվտանգությանը վտանգ է սպառնում, դա չի անի։
- Բայց, ակնհայտ է, որ ՀՀ իշխանության նկատմամբ անվստահություն կա։
-Անվստահություն կա, բայց անդառնալիության կետը դեռ հատված չէ։