Այլ

Մուր ցփնողը մրոտ է, բայց իր դեմքը չի տեսնում  

Մուր ցփնողը մրոտ է, բայց իր դեմքը չի տեսնում  

Մտածում եմ ընդհանուր քաղաքական իրավիճակը վերլուծել՝ առանց անձնական հաշիվների, առանց կույր կողմնակալության, որպեսզի պարզ դառնա՝  թե այդ ինչ թաքնված սև ձեռք է, որ մուր է լցնում հանրային գիտակցության վրա, ով փորձում է քաղաքական դաշտ մտնել։  Բարդություն չկա․ պարզապես պետք է չտրվել պրոպագանդային և անկեղծ մտածել։

Փաշինյանն իշխանության եկավ՝ նախկինների թալանի լոզունգով ու ձեռքին սև մրաջուր։ 2018-ին, երբ այդ մրաջուրը ցփնում էր աջ ու ձախ, արդեն պարզ էր, որ այն մի օր մաքրելը շատ ավելի դժվար է լինելու, քան տարածելը։ Նախկինները նրա ստեղծած ցեխից հազիվ թե երբևէ լիովին դուրս գան, բայց հարցն այն է՝ արդյո՞ք ինքը դուրս եկավ։
Նա խոստանում էր ժողովրդին կոպեկ-կոպեկ վերադարձնել նախկինների թալանը։ Ութ տարի է անցել․ փորձեք այսօր հարցնել ՀՀ քաղաքացուն՝ արդյոք իր կյանքում դա զգացե՞լ է։ Վստահ եմ՝ շատերը կասեն, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չարդարացրեց այդ խոստումները, այլ բազմաթիվ հարցերում «անցավ»  նախկիններին։

Նիկոլյան լեգենդները նախկինների մասին ժամանակի ընթացքում խամրեցին, բայց դրանց տեղը զբաղեցրեց մի նոր իրողություն․ Փաշինյանը ոչ միայն նույնացավ նախկին համակարգային արատների հետ, այլ որոշ դեպքերում նույնիսկ գերազանցեց դրանք։ Քերում է՝ որտեղից ասես, արտաքին պարտքի ծանր բեռ է շալակում երկրի վրա, իսկ հասարակ քաղաքացին շարունակում է գոյատևել նույն՝ երբեմն նույնիսկ ավելի ծանր պայմաններում։

Մարդիկ կույր չեն։ Նրանք տեսնում են իշխանավորների «թռիչքաձև աղյուսակը»՝ սոցիալական, տնտեսական, կենցաղային շեշտակի վերելքը։ Տեսնում են նաև իրենց իրականությունը․ նույն չոր հացը, նույն անորոշությունը, նույն հիասթափությունը։ Փոխարենը՝ կորցրինք Արցախը, մատաղ արվեց մեր ոսկե գենոֆոնդը, վտանգվեց ՀՀ սուվերեն տարածքը, իսկ ազգային ինքնությունը, պատմական հիշողությունը և արժեքները շարունակաբար նսեմացվում են։
Այս ֆոնի վրա Փաշինյանը կրկին իշխանության է ձգտում։ Նախկինների թալանի թեման այլևս չի աշխատում․ երբ նա կրկին դրան է անդրադառնում, մարդիկ պարզապես ծիծաղում են՝ «Իրեն չի՞ տեսնում»։ Մնում է մրաջուր ցփնելու մեթոդը։ Այդ գործում նա իսկապես հմուտ վարպետ է դարձել։

Քոչարյանն է խոսում՝ մուր։ Սերժ Սարգսյանն է՝ մուր։ Կարապետյանն է՝ մուր։ Բագրատ Սրբազանն է՝ մուր։ Միքայել Աջապահյանն է՝ մուր։  Եկեղեցին է՝ մուր․․․ Միայն հիշեցնեմ, որ կաթողիկոսի դեմ ինչ թեմայով դուրս եկավ, բայց հանրային գիտակցության վրա չկարողանալով ազդել՝ այսօր ինչ  թեմա է շահարկում։ 
Բայց գիտե՞ք՝ ինչ տարբերություն կա 2018-ի և այսօրվա միջև։ Այն, որ այսօր մուր ցփնողը մրոտ է, բայց իր դեմքը չի տեսնում։  Եվ երբ խոսում է մաքրությունից, կուսությունից, սրտիկներ է անում, չարաշահում է պաշտոնական ռեսուրսը, մարդիկ նայում են ու կրկին ծիծաղում՝ «Իրեն չի՞ տեսնում»։

Ինչո՞ւ է նա շարունակում իրեն պատկերացնել որպես անտես ձեռք, որը բոլորին սևացնում ու մրոտում է։ Իրականում նա վաղուց տեսանելի է։ Այնքան տեսանելի, որ մուր ցփնելու «բրենդը» արդեն իրեն է պատկանում։ Իսկ կողքից նույն գործով զբաղվողները հանրության աչքում ընդամենը նրա ստվերն են․ մարդիկ գիտեն, որ սա Փաշինյանի բիզնեսն է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image