Ռուսաստանը Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության մեջ տեսնում է բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ, որը հեռու է Հարավային Կովկասի կարգավորման շահերից, և Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ է։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով համապատասխան առաքելության Հայաստանում գործունեության մեկնարկը։
«Ցավոք սրտի, սա առաջին դեպքը չէ, երբ մենք արձանագրում ենք Եվրամիության և ընդհանուր առմամբ Արևմուտքի ցանկությունը՝ որևէ կերպ ամրապնդվել մեր դաշնակից Հայաստանում։ Այս փորձերում մենք տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական ֆոն՝ հեռու Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։
Ամեն ինչ արվում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և անվտանգության գլխավոր երաշխավորի նրա պատմական դերը թուլացնելու համար։ Բաքվի կողմից այս նախաձեռնության վերաբերյալ հրապարակայնորեն արտահայտված բացասական գնահատականներն անտեսվում են»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովայի խոսքով՝ տարածաշրջանային տարբեր հակամարտությունների կարգավորմանը Եվրամիության մասնակցության փորձը շատ երկիմաստ է։
«Բրյուսելը դժվար թե կարողանա պարծենալ հաջողությամբ այս ոլորտում: Վերցնենք, օրինակ, միջնորդական ջանքերը և ԵՄ առաքելությունը... Կոսովոյում»,- նշել է նա։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև մի շարք համաձայնագրեր տեսանելի ապագայում մնում են տարածաշրջանում կայունության և անվտանգության հիմնական գործոնը։
«Դրանց համապարփակ իրականացման միջոցով՝ ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, հասարակության, փորձագետների, կրոնական շրջանակների, երկու երկրների խորհրդարանականների միջև կապերի հաստատումը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ տարվող բանակցությունները, տարածաշրջանում իրավիճակի բարելավման ամենաուղիղ ճանապարհն է. Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ հետագայում էլ նպաստել դրան»,- եզրափակել է նա։