Սիմոնյան Ալենը լրագրողներին ասում է, որ իրենք այնպիսի հասարակություն են կառուցում, որտեղ մարդիկ իրար չեն վիրավորում, ավելին՝ չեն սպառնում, որովհետեւ դա բերում է ողբերգական հետեւանքների, ու հիշում է Աբովյանի սպանության դեպքը: Եթե ես Լուսնից իջած լինեի կամ էլ Հայաստան այցելած Եվրամիության որեւէ չինովնիկ, որը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում 2018-ից այս կողմ, կհամաձայնեի ասվածի հետ: Բայց ես եղել եմ թե՛ խորհրդային վերջին տարիների եւ թե՛ անկախություն ձեռք բերելուց այս կողմ տեղի ունեցածի ականատեսը: Եվ եթե նախկինների ժամանակ ընդամենը շքամուտքում կեսգիշերին էին ծեծում, այսօր դա անում են աշխատանքային ժամին պետական հիմնարկում: Եթե նախկինների ժամանակ տղայական «պատիժը» հիմնականում սահմանափակվում էր ծեծով, այսօր դրան գումարվել է իրավապահների կողմից ասֆալտին փռելով քարշ տալն ու մարդու վրա քրեական գործ կարելը: Ինչեւէ, բարոյախոսական թեմաներից է խոսում այն խմբակի անդամը, որն իշխանության եկավ կենդանի մարդկանց բնակարանների առջեւ դագաղներ դնելով: Ավելի ճիշտ՝ բարոյականության բոլոր սահմանները հատելով. դրա կենդանի վկաները Նաիրա Զոհրաբյանն ու Էդուարդ Շարմազանովն են: Իհարկե, ավելի շատ են, ուղղակի հաճախ չեն խոսում, որպեսզի հիշվեին:
Դա՝ մեկ: Եվ երկրորդ՝ Ալենն ասում է, որ ուրիշի անկողինը մտնել չի կարելի, դա պետք է բացառվի: Բայց երբ հիշեցնում են հոգեւորականների դեպքերը, ասում է, թե դա ուրիշ է: Հոգեւորականները խախտել են սեռական կյանքով չապրելու (ցելիբաթ) դրույթը: Ու չի գիտակցում, որ դա իր գործը չէ եւ ոչ էլ իրեն պաշտոնի նշանակողի գործը: Դա զուտ ներեկեղեցական խնդիր է: Բայց ինքը նաեւ մոռացել է, որ երբ իր «վերադասը» (սահմանադրորեն վարչապետն ԱԺ նախագահի վերադասը չէ, բայց իրականում այդպես է) իր ղեկավարած կառույցի անդամի եւ իր կուսակցական գործընկեր Աղազարյանի անկողինն էր մտել, այդ ժամանակ էլ ինքը ձայն չհանեց: Չասաց` էս ի՞նչ ես անում, պարոն Փաշինյան, չէ՞ որ դա արգելված է օրենսդրությամբ: Արգելված է նաեւ մարդկային չգրված կանոններով: Դե, ինչպե՞ս կարող էր նման քայլի դիմել, հաջորդ պահին մի sms էլ ինքը կստանար ու կվերածվեր գործազուրկի, եթե, իհարկե, քրեական գործ չհարուցվեր` այն, ինչ կատարվեց Աղազարյանի դեպքում:
Նախկինների ժամանակ նրանց ասում էինք, որ բարոյականության սահմանները հատել չի կարելի, դա հետո անդրադառնալու է ձեզ վրա, չէին լսում՝ համարելով, որ իրենք դեռ երկար կլինեն ձիու վրա: Հիմա նույնը վերաբերում է Ալենին ու իրեն ԱԺ նախագահ նշանակողին, որոնք եւս կարծում են, թե մինչեւ խոր ծերություն մնալու են իշխանության ղեկին կամ էլ, վատագույն դեպքում, կլքեն երկիրը, որպեսզի իրենց վրա չթքի այն անձը, որի վրա թքել են իրենք: Բայց դա շատ մեծ սխալ է, քանի որ տեղեկատվության ու արհեստական բանականության այս դարում դժվար չէ գտնել մարդու թաքստոցը՝ որտեղ էլ նա գտնվի: Համենայնդեպս, ես կարդացել եմ, թե ինչպես են ԱԲ-ի միջոցով ինչ-որ մեկին գտել` միայն նկարի հիման վրա, որում նրանից բացի պատկերված էր դիմացի մայթի շենքի մի փոքր հատվածը: Իսկ դիմացի շենքն էլ ոչ թե ճարտարապետական գլուխգործոց էր, այլ սովորական, տիպական քառահարկ շինություն:
Բայց բարոյական սահմանների հատումն անդրադառնում է ոչ միայն դրանց հեղինակների ճակատագրի վրա, այլեւ վարակի նման տարածվում է հասարակությունում: Դրա մասին եւս շատերն են գրել ու այդ թվում՝ տողերիս հեղինակը: Աբովյանում կատարված սպանությունն էլ հենց դրա արտահայտությունն էր: Այդ երեւույթն անմիջապես տարածում է ստանում ու հաստատվում կյանքում, իսկ նորմալ իշխանություն ունենալուց հետո մի քանի սերունդ է պետք, որպեսզի հասարակությունն ազատվի դրանից: Ու եթե Ալենն ու իր նմանները մտածում են, որ իրենց ժառանգները եւս պետք է ապրեն Հայաստանում, ապա չպետք է շարունակեն անել այն, ինչ անում են 2018-ից սկսած: