Հասարակություն

Դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի

Դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի

Մենք առավոտյան գրել էինք, որ այսօր Բարձրագույն դատական խորհրդում նիստ էր նշանակված, որի ընթացքում պետք է քննեին Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը։ Այսինքն՝ դատախազությունն ակնկալում է, որ ԲԴԽ-ն կզրկի դատավոր Անի Հարությունյանին անձեռնմխելիությունից, որ կարողանան նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել, մեղադրանք առաջադրել և ոչ միայն։ 

Բանն այն է, որ պարզվում է՝ Անի Հարությունյանը 100 հազար դոլար գումար է որպես փոխառություն, այսինքն՝ պարտքով տվել իր դատավոր գործընկերներից մեկին՝ Գևորգ Նարինյանին։ Փոխառության փաստը դատավորն արտացոլել է նաև իր 2020 թվականին ներկայացրած հայտարարագրում, սակայն դատախազությունը կասկածի տակ է դրել այն՝ համարելով, որ դատավոր Անի Հարությունյանը հայտարարագրում կեղծ տվյալներ է ներկայացրել։ Ուստի, որոշել է քրեական հետապնդում սկսել դատավորի նկատմամբ՝ այդ առիթով դիմելով ԲԴԽ-ին, որ ստանա համապատասխան թույլտվությունը։

Նիստը պետք է կայանար առավոտյան 11:00-ին, սակայն ԲԴԽ-ն հետաձգել էր միջնորդության քննությունը` նիստի ժամ նշանակելով 17:00-ն: Քիչ առաջ ավարտվեց այս գործով նիստը: Հարությունյանի պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը  մեզ ասաց, որ Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց դատախազության միջնորդությունը, իսկ դա նշանակում է, որ դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի: Այլ մանրամասներ Մելիքյանը չհայտնեց:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image