Այլ

Նոր դեր են տվել՝ հաղթող է խաղում

Նոր դեր են տվել՝ հաղթող է խաղում

Երեկ մի փոքրիկ հոդված էի գրել, որով հանրությանը հարցնում էի՝ «Ուրա՞խ չեք, որ մի լավ տղա քաղաքապետ չընտրվեց ու մյուսների օրը չընկավ»։ Սևակ Խաչատրյանին նկատի ունեի։ Դրա մեջ խորը ու փաստացի ճշմարտություն կար։ Բոլոր այն քաղաքապետերը, որոնք իշխանության թեկնածուները չեն՝ կամ կալանավորված, կամ քրեական հետապնդումների ու կոմպրոմատների տակ կքված, կամ էլ պարզապես ֆիզիկապես գոյություն չունեն այլևս։ Սա փաստ է, և ոչ մեկը չի կարող հերքել։

Բայց իշխանության երեկվա «հաղթանակից» հետո տեղի ունեցավ մի բան, որը բացահայտեց իրական գնահատականը։ Վաղարշապատում ընտրակաշառքի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն նախաձեռնեց քրեական վարույթ, և գիշերը բերման ենթարկվեցին «Հաղթանակ» դաշինքի անդամները։

Սա այն պահն է, որտեղ ՔՊ-ն բացահայտվեց։ Սովորաբար, երբ իշխանությունը հաղթում է, նման բաներով չի զբաղվում։ Հաղթանակը, եթե իսկապես հաղթանակ է, բուժում է վերքերը։ Բայց ՔՊ-ի այս քայլը ճշգրիտ ցույց տվեց, որ ինքը հաղթանակ չի տարել։ Ինքը վիրավորված է, նեղացած է, բավարարված չէ։ Եվ այդ մտավոր վիճակով փորձում է հետընտրական «պարտվածներին» քրեական գործով լռեցնել։ Սա աբսուրդ է։ Առաջին անգամ եմ նման բան տեսնում մեր հետընտրական պատմության մեջ։

ՔՊ-ի տրամաբանությունը պարզ է. «Պարտված» կողմը որպեսզի ձայն-ձույն չհանի ու «ժողովրդավարական» ընտրության վրա սև բիծ չգցի, իրենք են նախահարձակ եղել։ Սա փոքրիկ տակտիկական հնարք է՝ արագ լիցքաթափում, որ աղմուկ չբարձրանա՝ թե լույսեր են անջատել, թե խախտումներ են եղել,  կամ նման բաներ, որոնք մինչև 2018 թվականները հակառակ կողմն անում էր։ 

Այսօր հայտնի դարձավ, որ գիշերը բերման ենթարկվածները ազատ են արձակվել։

Եվ այստեղ է ամբողջական պատկերը․ ներսում և դրսում բոլորը գիտեն, որ իշխանությունը, կենտրոնացնելով ամբողջ վարչական ռեսուրսը, օգտվելով դրսի բարոյական աջակցությունից, չի կարողացել Էջմիածնում ստանալ այն արդյունքը, որը ակնկալում էին։ Այս արդյունքը դրսում հաղթանակ չեն համարում։

Եվ ամենաէականը՝ Նիկոլ Փաշինյանն էլ դա հաղթանակ չի համարել, ինչքան էլ ծնծղաները հնչեցվեն։ Ինքն իր մեջ իրեն պարտված է համարել։ Նա անգամ չի ղեկավարել զորքը՝ թաքնված է առաջնորդել։ Սա ՔՊ-ի վարկանիշի ամենաողբերգական ցուցիչն է։

Փաշինյանի առաջին արձագանքը՝ մարդկանց բերման ենթարկելը, հենց իր ներքին պարտության ընդունումն էր․ նյարդերի արագ լիցքաթափում։ Բայց քանի որ դրսում այդքան կարճամիտ չեն, նրան հուշել են՝ «չցուցադրել իր պարտությունը» և ազատ արձակել բերման ենթարկածներին։ Չէ՞ որ առջևում Վեհարանը գրոհելու փուլն է։ Այնտեղ նա պետք է երևա հաղթող, առաջնորդող, ժողովրդավար։  Փաշինյանին նոր դեր են տվել՝ հաղթող է խաղում։  Իրականությունը սա է․ Փաշինյանը այսօր պետք է խաղա հաղթողի դեր, որովհետև այլևս չի կարող իրեն թույլ տալ լինել այն, ինչ կա՝ պարտված, նյարդային, ժողովրդի կողմից չընդունված։  Էջմիածինը ոչ միայն ընտրություն էր, այլ՝ քննություն նրա իշխանության համար։ Եվ այդ քննությունը նա  չի անցել։ Այսօր  նրա վրա դրված է մեկ պարտականություն՝ թաքցնել այս ձախողումը, պահել դեմքը և դրսին ցույց տալ, որ դեռ ղեկավար է, դեռ վերահսկող է, դեռ «ժողովրդավար» է։ Որովհետև առաջ է գալիս ամենախոցելի փուլը՝ Վեհարանի գրոհը։ Իսկ այնտեղ պարտվածը չի կարող հաղթողի դեր խաղալ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image