2021 թվականի օգոստոսի 19-ի գիշերը Գորիսի դիրքերում սպանված երեք զինծառայողի գործով մեղադրյալ Սամվել Գրիգորյանն արդեն 4 տարի կալանքի տակ է: Գործը դատարանում է, երկարատեւ ու ձգձգված դատավարության ընթացքում բազմաթիվ անակնկալներ են եղել: Բոլոր տղաները, որոնք ցուցմունք էին տվել Սամվել Գրիգորյանի դեմ, հրաժարվել են իրենց ցուցմունքներից՝ պնդելով, որ դրանք տվել են վախի ու սպառնալիքների ազդեցության տակ: Սակայն դատարանը հրաժարվում է Սամվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինել ավելի մեղմ միջոցով:
Կարճ հիշեցնենք այս խճճված գործը: Դեպքը տեղի է ունեցել Կոռնիձորի դիրքերում: Երեք զինծառայողներին գտել էին մահացած, եւ անմիջապես վարկած էր տարածվել, թե դիրքում դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել, եւ մեր տղաները զոհվել են թշնամու կրակոցներից: Այս մասին հարձակման օրը տղաները հասցրել էին հեռախոսով հայտնել իրենց ծնողներին: Սակայն քննչական մարմինը շատ արագ հերքեց այս վարկածը՝ գործը «կոտրելով» երկու զինծառայողի վրա:
Ըստ քննիչների, ժամկետային զինծառայող Ա․-ն, որն այդ օրը արթուն՝ հերթափոխի է եղել, մտել է դիրքի կացարան, վերցրել ծառայակիցներից մեկին ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը, լիցքավորել այն եւ կրակ բացել քնած համածառայակիցների ուղղությամբ: Դրդողն էլ, ըստ այդ վարկածի, դիրքի ավագն է եղել՝ Ս․ Գրիգորյանը, որը, իբր, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է իրականացրել է Ա․-ի նկատմամբ: Քանի որ տղաները, մտնելով սենյակ, իբր ակամայից ականատես են եղել այդ սեքսուալ գործողություններին, դիրքի ավագը հրահանգել է Ա․-ին՝ սպանել նրանց՝ սպառնալով, թե ինչ-որ լուսանկարներ կուղարկի նրա ծնողներին:
Վերջերս Ա․-ն դատարանում խոստովանել է, որ իրեն ստիպել են՝ նման ցուցմունքներ գրել: Արդեն նախկին զինծառայողի հայրը՝ Հովհաննեսը, «Հրապարակին» պատմում է. «Ասում է՝ ինձ ծեծել են, համոզել են, խփել են, ստիպել են, որ նման ցուցմունքներ տամ: Քննիչն է ստիպել: Ոչ մի ցուցմունք իմ տղայի դեմ չկա: Բոլոր զինծառայողները եկել են ու հրաժարվել իրենց ասածից: Մեկին իբր չափալախել են, մյուսին խփել են, մեկն ազդեցության տակ է եղել: Ու այսքանից հետո դատարանը Սամվելին չի ազատում: Մենք ամեն նիստից առաջ միջնորդում ենք, որ Սամվելի խափանման միջոցը փոխվի, բայց չեն փոխում»:
Ս. Գրիգորյանի շահերը պաշտպանող փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն արդեն 5 գանգատ է ուղարկել ՄԻԵԴ` Ս. Գ․-ին ապօրինի կալանքի տակ պահելու հարցով: Գարնանը՝ ապրիլին, նա ստացել էր ՄԻԵԴ միջանկյալ որոշումը, որով կողմերին հաշտություն են առաջարկել: Առաջարկի ժամկետը լրացել է մայիսի 5-ին: Սա նշանակում է, որ կառավարությունը մերժել է ՄԻԵԴ առաջարկը: Նախկին զինծառայողը շարունակում է մնալ բանտում: Ինչո՞ւ: Անհասկանալի է: Գուցե իրո՞ք Կոռնիձորի դիրքում, որը վաղուց արդեն մերը չէ, ներթափանցման փորձեր են եղել, դիվերսիաներ, որոնք հայկական կողմը պետք է թաքցներ: Սա վարկած է, գրեթե անհավանական, բայց այլ կերպ հնարավոր չէ բացատրել ո՛չ երեք զինծառայողի սպանությունը, ո՛չ էլ մեղադրվողներին այսքան երկար՝ անարդար ձեւով կալանավայրում պահելը: