«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի նկատմամբ։ Քննչական կոմիտեից չհերքեցին մեր լուրը՝ հայտնելով․ «Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)»։ Դեռեւս խափանման միջոց ընտրված չէ:
Հիշեցնենք, որ Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք է եղել ապրիլի 30-ին, թաղապետարանի աշխատակիցները ուղիղ եթերում խմբով ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին, ջարդարարների մեջ եղել է անձամբ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։ Արթուր Չախոյանը թաղապետարան է այցելել՝ աղմուկ հանած մանկապարտեզի և խաղահրապարակի կառուցման հարցով հանրային քննարկմանը մասնակցելու նպատակով, սակայն աշխատակիցները Չախոյանին ասել են, որ նա վիրավորել է այս շենքի բոլոր տղամարդկանց եւ պետք է պատասխան տա դրա համար.
«Արի, հանրային քննարկումն ավարտենք, հետո խոսենք առանց կամերայի: Դու լավ տղա չես»,-ասել է աշխատակիցներից մեկը, որին Չախոյանն արձագանքեց. «Լավ տղեն դու չես»: Այնուհետեւ ծեծկռտուք սկսվեց, որին միացավ նաև թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը։ Վերջինս տեսախցիկների առջեւ ծեծի ենթարկեց Չախոյանին: Միջադեպից քիչ անց թաղապետարանի շենք են ժամանել ոստիկանության աշխատակիցներ։
Նշենք, որ Քննչական կոմիտեն այս դեպքերի առիթով երկու վարույթ է հարուցել, մեկը` նախօրեին Մեսրոպ Մանուկյանի եւ Արթուր Չախոյանի կողմից թաղապետարանի մոտ նկարների վրա յոգուրտ լցնելու հետո կապված, մյուսը` ծեծի: ՔԿ-ն, ըստ էության, որոշել է հավասարության նշան դնել թաղապետարանում կազմակերպված խաղաղ ակցիայի եւ թաղապետի մասնակցությամբ 10 հոգով մարդ ծեծելու միջեւ։
Քիչ առաջ հայտնել էինք, որ Արթուր Չախոյանի եւ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ապրիլի 30-ին թաղապետարանում կազմակերպված խաղաղ ակցիայի համար։ Մեղադրյալների նկատմամբ դեռեւս խափանման միջոց ընտրված չէ։