Երեկ մեծ աղմուկ էր բարձրացրել նախագահական նստավայրից հրապարակված լուսանկարը, որտեղ Արմեն Սարգսյանի հրավիրած «Մտքերի հայկական գագաթնաժողովի» մասնակիցների համար կազմակերպված ընդունելությանը բոլորն առանց դիմակների էին, բացառությամբ բարձր տեխնոլոգիաների նախարար Վահագն Խաչատրյանի:Մարդիկ վրդովվել էին, որ դիմակներ, համաճարակային կանոնների պահպանում պահանջող իշխանության ներկայացուցիչներն իրենք են խախտում կարգը: Իսկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի բաց դեմքն առհասարակ զայրույթի տեղիք էր տվել, քանզի նա նույն օրը որոշել էր ուսումնական հաստատությունենրի արձակուրդը երկարացնելու, մանկապարտեզմները փակելու եւ օնլայն ուսուցման անցնելու մասին:
Այս աղմուկին ու զայրույթին ի պատասխան այսօր Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, որում ներկայացված են փակ տարածքներում դիմակ կրելու պայմանները եւ մի կետով նշված է, որ «Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների և սպասարկող անձնակազմի)»:
Եւ այս ռասիստական, անօրինական ու անբնական կետը առողջապահության նախարարը ոչ միայն գրել է իր հրամանում, այլեւ դա հրապարակում են` որպես արդարացում երեկվա անդիմակ «դիմակահանդեսի»:
Նախ, եթե այս կանոնները մի նպատակ ունեն` համաճարակի կանխումը, կնշանակի անխտիր բոլորին պետք է վերաբերվեն դիմալ կրելու, թեստ հանձնելու կամ պատվաստվելու կանոնները` ԱՌԱՆՑ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՆ: Որովհետեւ` համաճարակը պաշտոն ու կարգավիճակ չի հարցնում եւ համաճարակի տարածումը կարող է կատարվել ինչպես «սպասարկող անձնակազմի» ու «լրագրողների», այնպես էլ նախարարի ու վարչապետի միջոցով:
Երկրորդը` ամբողջ աշխարհը գնում է հավասար իրավունքներ եւ հավասար պարտականություններ սահմանելու ճանապարհով: Իսկ արտոնությունները սահմանվում են բացառապես պաշտոնական պարտականությունների կատարմանը նպաստելու, պետության համար անհրաժեշտ գործառույթների իրականացումը հեշտացնելու համար: Աշխարհի շատ երկրներում առավելագույնս խուսափում են արտոնություններ սահմանելու եւ պետական պաշտոն զբաղեցնելու լրացուցիչ գայթակղություններ սահմանելու իրողությունից: Էլ չենք ասում, որ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձինք պետք է առավել օրինավոր լինեն եւ օրինակ ծառայել շարքային քաղաքացիների համար: Այլ ոչ թե օգտվելով իրենց արտոնյալ վիճակից` չկրեն դիմակ եւ այնքան անամոթություն ունենան, որ դա ամրագրեն հատուկ հրամանով: