Հասարակություն

Հարավկովկասյան երկաթուղին դեռևս ակտիվ ներգրավված չէ կոմունիկացիաների ապաշրջափակման աշխատանքների մեջ

Հարավկովկասյան երկաթուղին դեռևս ակտիվ ներգրավված չէ կոմունիկացիաների ապաշրջափակման աշխատանքների մեջ

Մայիսի 25-ին ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը գրել էր, որ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այցելել է «Տվերի վագոնաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ու մասնակցել գործարանի կողմից արտադրված նոր վագոնների՝ Հայաստան ուղարկելու արարողությանը։

Լրատվամիջոցը նաև գրել էր, որ Հարավկովկասյան երկաթուղուն է հանձնվել 20 նոր ուղևորափոխարդող վագոն, ու ևս 7-ն ուղարկվելու է մինչև հունիսի վերջ։

«Մենք բոլորս անհամբեր սպասում ենք ու հուսով ենք, որ այստեղ ողջամտությունը կգերակշռի, և շուտով կկարողանանք սկսել արգելափակել տրանսպորտային ուղիներն Անդրկովկասի տարածաշրջանում։ [...] Սա կարող է ստեղծել եզակի պայմաններ Հայաստանի ամբողջ տնտեսական ներուժը բացահայտելու համար, սա կարող է ստեղծել եզակի, ապշեցուցիչ պայմաններ՝ մեր եվրասիական ինտեգրացիան ամբողջությամբ իրականացնելու համար», - ասել էր ՌԴ փոխվարչապետը:

Նշենք, որ Ալեքսեյ Օվերչուկը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի հայատարարության հիման վրա ստեղծված եռակողմ աշխատանքային (տարածաշրջանային հաղորդակցային ուղիների) խմբի համանախագահներն են։

«Հրապարակ» թերթը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանից հետաքրքրվեց, թե ինչ գործընթացներ են ընթանում Մեղրիով կամ այլ վայրերով երթուղիներ բացելու հետ կապված։

«Մեկը մյուսի հետ [վագոններ տրամադրելն ապաշրջափակման աշխատանքների հետ] կապ չունեն։ Մենք վագոններ ենք բերում կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում ու գրաֆիկով, որպեսզի համալրենք մեր միջազգային սեզոնային ուղղությունների շարժակազմը՝ Երևան-Թիֆլիս, Երևան-Բաթում», - ասաց ՀԿԵ խոսնակը։

Երեկ իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը գրել էր, որ Իրանի ճանապարհաշինության ու քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի խոսքերով՝ Թավրիզ-Ջուլֆա գնացքը կգործարկվի և Նախիջևանի միջոցով կմիացվի Երևանին ու Թբիլիսիին:

Ըստ լրատվամիջոցի՝ Էսլամին ասել էր, որ դեպի Հայաստան ուղևորության ընթացքում հանդիպումներ ու բանակցություններ են վարվել երկու երկրների պաշտոնյաների միջև, ու երեք փաստաթուղթ է ստորագրվել երկու կողմերի միջև։ «Ինչ վերաբերում է վերջին իրադարձություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հուշագրին, ապա ջանքեր են գործադրվում Նախիջևանի միջոցով Թավրիզ-Ջուլֆա գնացքը միացնել Երևանին ու Թբիլիսիին», - գրել էր «Մեհրը»:

Հարցին՝ ՀԿԵ-ն ներգրավվա՞ծ է այս ուղղության հետ կապված աշխատանքներում, Գրձելյանը պատասխանեց, որ այդ հարցի կուրացիան կառավարության հետ երկկողմ հանձնաժողովի իրավասության ներքո է։

«Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ այդ հարցի կուրացիան կառավարության հետ երկկողմ հանձնաժողովի իրավասության ներքո է։ Այդ հարցով ավելի շուտ պետք է տարածքային կառավարման նախարարություն զանգեք կամ վարչապետի աշխատակազմ, Մհեր Գրիգորյանի հետ խոսեք», - ասաց Գրձելյանը։

Հարցին՝ «կարո՞ղ եք կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված մեկնաբանություն տալ, Հարավկովկասյան երկաթուղին ի՞նչ կերպ է ներգրավված այդ աշխատաքներում», Ռուբեն Գրձելյանը պատասխանեց, որ Հարավկովկասյան երկաթուղին այսպիսի հարցերում իրականացնողի դերակատարում ունի, ոչ թե որոշողի։

«Ես ուղղակի տեղեկության չեմ տիրապետում որպես ՀԿԵ-ի աշխատող։ Մենք այստեղ իրականացնող ենք, մենք այստեղ որոշումներ կայացնող չենք։ Որոշում կկայացվի, այն ժամանակ էլ մեր ներգրավվածության հարցը, մակարդակն ու աստիճանը կորոշենք», - ընդգծեց նա։

Դիտարկմանը, որ «ՌԴ փոխվարչապետը նաև Տվերի վագոնաշինական գործարանում խոսել էր ապաշրջակումից։ Մտածեցի արդեն ինչ-որ աշխատանքներ են տարվում Հարավկովկասյան երկաթուղու հետ», ՀԿԵ խոսնակը պատասխանեց․

«Մենք այստեղ որոշումներ իրականացնողն ենք, ոչ թե որոշումներ ընդունողը, դրա համար հասցեական չէ մեզ դիմելը»։

Մայիսի 24-ին տարածքային կառավարման նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն ընդունել է  աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի ճանապարհաշինության [ճանապարհների] և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը։ «Զրուցակիցներն անդրադարձել են ճանապարհատրանսպորտային ոլորտում երկու երկրների փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին,  քննարկել հայ-իրանական սահման ձգվող միջպետական մայրուղիների կառուցման, Հայաստան–Իրան տարանցիկ փոխադրումների ակտիվացման, բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի կանոնակարգմանն ու դյուրինացմանն առնչվող հարցեր», - նշվում էր նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում Պապիկյանը «ներկայացրել է ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքների բարեկարգմանն ուղղված ՀՀ կառավարության առաջնահերթությունները, այդ թվում՝ առանձնահատուկ  կարևորել  Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցումը և վերջինիս ընձեռած հնարավորությունները Պարսից ծոցի և Սև ծովի նավահանգիստների միջև առևտրատնտեսական շրջանառությունը մեծացնելու հարցում»։

Նախարար Մոհամադ Էսլամին՝ «վերահաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը տնտեսական կապերի խորացմանը նպաստող փոխշահավետ նախաձեռնությունների, մասնավորապես՝ «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի կյանքի կոչման գործում։ էսլամին խոսել է Հայաստանի հետ ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունն ընդլայնելու, «Հյուսիս-հարավ» ճանապարհի հարավային հատվածների կառուցման աշխատանքներին ներգրավվելու իրանական կողմի  հետաքրքրվածության մասին»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image