Հասարակություն

«Հրապարակ». Կինն ահազանգել է, որ ամուսնու կյանքին վտանգ է սպառնում, ՔԿՀ ղեկավարությունն անտեսել է

«Հրապարակ». Կինն ահազանգել է, որ ամուսնու կյանքին վտանգ է սպառնում, ՔԿՀ ղեկավարությունն անտեսել է

«Էսօր իմ տղեն ա, վաղը ուրիշի բալեն ա, պլան էր քաշում, թե ինչ էր անում՝ ինձ համար ամենալավ բալեն էր»,- մղկտում է Ալյոնա Բունիաթյանը, որի միակ որդին օրերս մահացել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Դեպքի մասին մեկ տող հրապարակվեց ԶԼՄ-ներում՝ որ սեպտեմբերի 1-ին, ժամը 17։15-ի սահմաններում «Արմավիրում» հայտնաբերվել է կալանավորված անձ Ա․ Բ․-ի դին՝ իր խցի սանհանգույցում ինքնաշեն պարանով կախված վիճակում։ 
Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը տեղյակ է եղել նախապատրաստվող ինքնասպանության մասին, սակայն չի կանխել այն՝ «Հրապարակին» տեղեկացրին Բունիաթյանի հարազատները։ Ըստ մահացած տղամարդու քաղաքացիական կնոջ՝ Մ․-ի, նա սեպտեմբերի 1-ին, ինքնասպանություն գործելուց երկու ժամ առաջ զանգահարել է նրան, հրաժեշտ է տվել եւ ասել, որ պատրաստվում է ինքնասպանություն գործել։ 

«Ինքը զանգում ա ինձ։ 2 րոպե մի քանի վայրկյան խոսում էր, բայց դժվարությամբ էր խոսում, շատ հուզված էր։ Ասեց՝ աշխարհում ամենաշատը քեզ եմ սիրում, բայց իմ պատիվն ինձ համար թանկ է, ես ինձ սպանելու եմ, ու անջատեց հեռախոսը։ Ես այդ համարին, որից նա զանգել էր, չկարողացա հետ զանգել։ Փորձեցի գտնել հիմնարկի համարը, դա տեւեց 10 րոպե, գտա, զանգեցի իրենց, տեղյակ պահեցի։ Ասում եմ՝ ինքն ինձ զանգել է, սենց բան է ասել, ասում են՝ չի եղել դեռ նման դեպք, ես էդ պահին էնքան խառնված էի, անընդհատ զանգում էի, իրենք իմ զանգերն անտեսում էին։ Հասա «Արմավիր», որ պետին տեղյակ պահեմ։ Սկզբում ասեցին՝ պետը տեղում չի։ Ասեցի՝ Աշոտի կինն եմ, եկել եմ տեսնեմ` ո՞ղջ է։ Ինձ ուղեկցեցին պետի մոտ։ Նա սկզբից հարցեր էր տալիս՝ ո՞նց ա եղել, ի՞նչ ա եղել, ի՞նչ վիճակում է եղել։ Հետո ասեց՝ ձեր ամուսինը մահացել է»,- պատմում է Մ․-ն։ 

Նա նաեւ տեղեկացրեց, որ ամուսնու մահից 2 օր առաջ սոցցանցում անհայտ պրոֆիլից հետեւյալ բովանդակության լատինատառ նամակ է ստացել․ «Մարդուդ 3 հոգով քցել գետնին՝ տփել են ու երկուշաբթի ուր էլ տանեն, էլի տփոց ա ուտելու, մինչեւ թռնի 4-րդ կորպուս։ Մենակ 4-րդ կորպուսում անվնաս կլինի, երեւի, հաստատ չեմ ասում, 4-րդ կորպուսն էլ սաղ գործով բ-եր ու գ-եր են, հնդիկ ու պարսիկ են ընդեղ, երեւի կիմանաս»։ 

Այս նամակը ստանալուց հետո Աշոտ Բունիաթյանի կինը նրա հետ կապ է հաստատել, եւ ամուսինը հաստատել է, որ երկու օր առաջ իրեն ծեծի են ենթարկել։ «Իրենց մոտ ձայնագրվել ա իմ ամուսնու ու իմ խոսակցությունը, որում ինքն ասում ա, որ ծեծկռտուք ա եղել։ Ամսի 29-ին էլ սկեսուրս 70 հազար էր ուղարկել նրան, որ ինքն էլ «ի դրամով» ինձ պետք է ուղարկեր, որ գնայի սվիդանի, երեք օրով պետք է գնայի իր մոտ, պետք է առեւտուր անեի, բայց այդ օրը նա սպանվեց»,- ասում է Աշոտ Բունիաթյանի կինը։ Նա վստահ է, որ իր ամուսնուն սպանել են, քանի որ նույն օրը՝ առավոտյան, Աշոտն իրեն զանգել էր ու ասել, որ շատ լավ տրամադրություն ունի, որ իրեն մեկուսարանից շուտով կտեղափոխեն խուց։ 
«Ու հանկարծ, ժամուկեսից հետո նորից զանգում է ու ասում, որ ուզում է իրեն սպանել։ Ես համոզված եմ, որ նրա սպանությունը եղել է պլանավորված, նրան պլանավորված են տեղափոխել կամեր, որ սպանեն կամ դրդեն ինքնասպանության»։ 

Աշոտ Բունիաթյանն անազատության մեջ էր հուլիսի 31-ից։ Նրան մեղադրում էին թմրամիջոցների առքուվաճառքի մեջ, բայց նրա մայրը՝ Ալյոնա Բունիաթյանը, վստահեցնում է, որ իր որդին ընդամենը օգտագործող էր։ «Նա բառիգ չէր, բառիգները հարուստ են, իմ տղան հարուստ չէր։ Որ բռնեցին, ասեց՝ մամա ջան, իմ ձեռքին բան չեն բռնել, հեսա դատը կլինի, ինձ բաց կթողնեն, սաղ լավ կլինի»,- հիշում է Ալյոնա Բունիաթյանը։ Նա պատմում է, որ մահից առաջ կնոջ հետ հեռախոսազրույցում որդին հիշատակել է ինչ-որ «ֆլեշկա»։ 

Աշոտ Բունիաթյանի մայրը վրդովված է քրեակատարողական հիմնարկի վերաբերմունքից։ Բացի այն, որ որդու ինքնասպանությունը չեն կանխել, նաեւ իրեն՝ որպես մերձավոր հարազատի, չեն հայտնել, որ որդին մահացել է։ «Մի ամիս նստեց, ինձ տվին դիակը, ո՛չ զանգեցին, ո՛չ ցավակցեցին, ոչ մի բառ, ոչ մի տառ։ Ես որ իմացա, որ որդիս մահացել է, չհավատացի, ամսի 2-ին զանգեցի բերդ, Գուգլով իմացա «Արմավիրի» համարը, զանգեցի, ասում եմ՝ Աշոտ Բունիաթյանը ո՞ղջ է, ինձ բան չունե՞ք ասելու։ Բա՝ տեղյակ չենք, նոր ենք սմենը ընդունել, ձեզ կզանգենք։ Ու առայսօր զանգում են։ Ծածկադմփոցի նման բան է, չեմ հասկանում, թե ինչ է կատարվում բերդի պատերից էն կողմ»,-  ասում է Ալյոնա Բունիաթյանը։ 

Նա պահանջում է, որ փոխեն «Արմավիր» ՔԿՀ ղեկավարին, որը տեղյակ է եղել, որ որդին ինքնասպանություն է ծրագրում, բայց պաշտոնեական անփութություն է ցուցաբերել եւ չի կանխել նրա մահը։ Կինը դիմել է ՄԻՊ գրասենյակ, որտեղից խոստացել են ուսումնասիրել հարցը ու պատասխանել։  

Հարցին, թե ինչպես է պատահել, որ ՔԿՀ պետը, տեղյակ լինելով նախապատրաստվող ինքնասպանության մասին, միջոցներ չի ձեռնարկել՝ այն կանխելու համար, ՔԿԾ-ից պատասխանեցին․ «Դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկություններ ստանալու համար խնդրում եմ դիմել քննչական մարմին»։ 

Աշոտ Բունիաթյանն ընդամենը 26 տարեկան էր։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image