«Հրապարակի» զրուցակիցը պոլսահայ գործարար, թուրքական ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP/ ԺՀԿ) նախկին անդամ, Ստամբուլի հայաբնակ Բաքըրքոյ համայնքի նախկին փոխքաղաքապետ Նուրհան Չեթինկայան է։
- Մեզ հետ նախորդ զրույցում նշել էիք, որ Էքրեմ Իմամօղլուն նախապես տեղյակ էր, որ իրեն կալանավորելու են, սակայն միտումնավոր է գնացել այս նախընտրական բեմադրությանը՝ հույս ունենալով մեծ ժողովրդականություն ձեռք բերել գալիք ընտրություններից առաջ: Էրդողանը, որի գլխավոր մրցակիցն է համարվում Իմամօղլուն, նույնպես պնդում է, թե ընդդիմությունը շոու է կազմակերպում, իսկ Ստամբուլի՝ այլեւս նախկին քաղաքապետին մատնել են իր կուսակիցները:
- Այո, ինչպես նախկինում նշեցի, Էքրեմ Իմամօղլուն գիտեր այս հետաքննության մասին, ուստի ուզում էր օգտագործել այս նախընտրական թատրոնը, ավելի ճիշտ՝ խաղը, քանի որ միայն նախընտրական ընտրությունները ոչինչ չեն նշանակում: Ուստի նա ուզում էր սա որպես ուժ օգտագործել Էրդողանի դեմ: CHP-ն նախագահական ընտրություններում ստացել է 24 մլն 500 հազար ձայն։ Մարտի 23-ին նախնական քվեարկության է գնացել 15 միլիոն մարդ, իսկ չգնացողները 9 միլիոն են, սա մի իրավիճակ է, որի մասին նա մտածել է։
- Մարտի 23-ին, երբ հայտնի դարձավ Իմամօղլուի կալանավորման մասին, ընդդիմադիր ԺՀԿ-ն հայտարարեց, որ նախագահի միակ թեկնածուն հենց Իմամօղլուն է: Մարտի 24-ից էլ երկրում ամենօրյա բողոքի ցույցեր են ընթանում: Որքանո՞վ կհաջողի ընդդիմությունը:
- Այո, ակնհայտ է, որ Իմամօղլուն դավաճանվել է ներսից, քանի որ Բեշիքթաշի քաղաքապետ Ռիզա Աքփոլաթն իբր 40 էջանոց հայտարարություն է տվել Իմամօղլուի մասին։ CHP-ում պատերազմը երբեք չի ավարտվում, խաչակրաց արշավանքը CHP-ի ամենամեծ թշնամին է։
Չէ, իրականում CHP-ում Իմամօղլուից բացի այլ թեկնածու էլ կա՝ Մանսուր Յավաշը, բայց նա չցանկացավ մտնել նախնական ընտրությունների մեջ, այլ կերպ ասած՝ չցանկացավ բացահայտվել, ուզում էր սպասել երեք տարի: Եթե Իմամօղլուն իրեն նախագահ հռչակեր եւ կալանքի տակ մնար, ապա Թուրքիայում հավասարակշռությունն այլ կլիներ, ընդդիմությունն այստեղ, այնուամենայնիվ, հաջողություն չունի, փողոց դուրս եկածների մեծ մասը CHP-ական չէ, փողոց դուրս եկածները Իմամօղլուի համար չեն դուրս եկել, նրանք դուրս են եկել հանուն իրավունքների, օրենքի եւ արդարության: Բայց, իհարկե, CHP-ն իր սովորական կեցվածքով վերցնում է իր հովանու ներքո, ինչն այլ իրավիճակ է։
- Ստամբուլի նախկին քաղաքապետին եւ նրա շրջապատին ծանրագույն մեղադրանքներ են առաջադրվել՝ կաշառակերությունից մինչեւ ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցություն: Ի՞նչ է սպառնում նրան, եթե դատարանը հաստատված համարի նրա մեղքը:
- Դատախազությունը դեռ մեղադրական եզրակացությունը չի գրել եւ, հավանաբար, կսպասի 6 կամ 7 ամիս, քանի որ Սելահաթթին Դեմիրթաշը դեռեւս չունի մեղադրական եզրակացություն, Օսման Քավալան դեռ չունի, Ումիթ Օզդաղը երկու ամիս է՝ բանտում է, եւ նրա համար դեռեւս մեղադրական եզրակացություն չկա, ուստի Էրդողանը կօգտագործի դա, քանի որ դատական մարմինը միանձնյա է։
- Գիտեմ, որ ժամանակին Ձեզ երկու անգամ հեռացրել են նույն Ժողովրդահանրապետական կուսակցությունից, եղել եք Ստամբուլի հայաշատ Բաքըրքոյ շրջանի փոխքաղաքապետը: Ձեր դեպքում ո՞րն է նման վերաբերմունքի պատճառը:
- Կուսակցությունն ինձ վտարեց ճշմարտության համար, երկրորդ անգամ այսպես եղավ, կուսակցության գլխավոր նախագահ Օզգյուր Օզելը Քանդիրայի բանտում այցելեց Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթին՝ տեսնելու, թե արդյոք նա որեւէ խնդիր ունի՞ բանտի պայմանների հետ: Հետագայում Հրանտ Դինքի սպանության վայրում գտնվող ոստիկանական սպան դատապարտվեց 18 ամսով, Օգյունը նրան կուսակցական դարձրեց եւ կրծքանշան փակցրեց նրա օձիքին։ Հաջորդը Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի մերձավոր զարմիկն էր, որը դարձավ Ստամբուլի թաղապետարանի անդամ։ Սրանք չեմ կարողացել մարսել ու վիրավորել եմ, կարգապահական պատիժ են նշանակել, ինչից հետո հրաժարական եմ տվել:
- ԺՀԿ-ի ներսում իսկապե՞ս տարակարծությունները շատ են: Ո՞րն է դիրքորոշումների տարբերության հիմնական պատճառը:
- Այո, CHP-ն լավ հայացքներ ունի, իհարկե, բոլոր կուսակցություններն ունեն դա, բայց քանի որ CHP-ն ավելի շատ մասնաճյուղեր ունի, մեզ մոտ ամեն ինչ ավելի շատ է բացահայտվում, արտահոսքը շատ է: Օրինակ՝ ԱԶԿ-ում, Էրդողանից վախենալու պատճառով, բոլորն Էրդողանից թույլտվություն են ստանում նույնիսկ զուգարան գնալու համար։
- Թուրքիայում կատարվող իրադարձությունները որքանո՞վ կազդեն Երեւանի ու Անկարայի հարաբերությունների վրա: Ի՞նչ ռիսկեր եւ հեռանկարներ կան:
- Երեւան-Անկարա հարաբերությունների ամենամեծ խնդիրն Ալիեւն է, որը մեծ խոչընդոտ է Էրդողանի համար, քանի որ յուրայիններից գողացած գումարներն ուղարկել է Թուրքիա, բայց Էրդողանն այն առաջնորդն է, որն ի վիճակի է վաղ թե ուշ լուծել այդ հարցը։