Հայ-ադրբեջանական սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի թեմայով «Հրապարակը» զրուցել է ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պատմաբան Հայկ Դեմոյանի հետ։
- Պարո՛ն Դեմոյան, նախ ուզում էի անդրադառնայիք սահմանային իրավիճակին։ Ի՞նչ իրավիճակ է, դեմարկացիայի, դելիմիտացիայի փաստաթուղթը պարտադրելով Հայաստանին՝ ի՞նչ է փորձում ստանալ Ադրբեջանը։
- Նայեք, պարզ հարցեր պետք է տանք և պարզ պատասխաններ, որպեսզի այդ իրավիճակի շուրջ բարդ վերլուծություններ չներկայացնեմ։ «Արդյո՞ք պետք է Հայաստանի և Ադրբեջանի միջև հստակ սահմանագծում»։ Կարծում եմ՝ տրամաբանական է, որ դրան պետք է դրական պատասխան լինի, չէ՞։ Եկեք մի կողմ թողնենք բարիդրացիություն, հարևանություն և այլն։ Կա պատերազմ, որն այս պահին չավարտված կարգավիճակով է, այդ բառերով չենք խոսում։ Մենք գտնում ենք, որ ելնելով միջազգային իրավունքի և սահմանակից պետությունների, հարևան պետությունների միջև հստակ սահմանագծման անհրաժեշտությունից՝ այդպիսի բան պետք է տեղի ունենա։ Հիմա այստեղ երկրորդ հարցը՝ «իսկ Վրաստանի հետ մենք ունե՞նք հստակ սահմանազատում», իհարկե չունենք։ Հիմա այստեղ երրորդ կողմի հարցն է գալիս՝ «ո՞վ է արբիտրը», կամ «արդյո՞ք պետք է արբիտր տվյալ դեպքում»։ Եթե գործընթացը դիտարկում ենք մի համատեքստում, որը կոչվում է հետնոյեմբերիննյան համատեղ հայտարարություն, եթե այդ համատեքստում ենք դիտարկում այս գործընթացը, ապա դա աբսուրդի է վերածվում։ Որովհետև արդեն իսկ ստորագրված այդ համատեղ հայտարարությունը մի քանի կետերով խախտված է։ Հետևաբար, այդ խախտումը մենք դիտում ենք որպես ճնշում գործադրելու լծակ և միջոց։
- Դուք նշեցիք Վրաստանի սահմանների ճշգրտման հարցը, եթե դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցում Ռուսաստանը միջնորդ է Հայաստանի և Ադրբեջանի միջև․․․
- Չէ, ես ասում եմ, եթե Վրաստանի հետ դեռևս չճշգրտված պահեր կան, չէ՞։ Մենք դեռևս գիտենք, որ գյուղերի միջև, հուշարձանների շուրջ, օրինակ՝ Խուճապի վանքը, վրացական կողմը դա դիտարկում է իրենց տարածքում և այլն։ Այսպիսի խնդիր կա։ Այսինքն, մենք Վրաստանի հետ՝ մեր անմիջական հարևանի հետ, չունենք դեմարկացիայի և դելիմիտացիայի լիակատար պատկեր։
- Ձեր կարծիքով՝ Վրաստա՞նն էլ պետք է ներգրավված լիներ այս հարցերում։
- Ոչ, ես սա դիտարկում եմ որպես օրինակ։ Վրաստանն ուղղակի օրինակ բերեցի։ Հիմա եթե մենք կարող ենք Վրաստանի հետ դեմարկացիա և դելիմիտացիա անել, չէ՞, առաձին, երկկողամանի, ապա այս դեպքում մենք կարո՞ղ ենք Ադրբեջանի հետ երկկողմանի նույն պրոցեսն անել։ Այստեղ է հարցերի հարցը։ Կոպիտ ասած, քավոր կա՞ այս ամեն ինչին, թե՞ ոչ։ Հայկական կողմի համար այս պահի դրությամբ օրակարգում պետք է լինի այն չքննարկելու կարգավիճակով։ Ինչո՞ւ, որովհետև նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունը խախտված է։ Տվյալ դեպքում որևէ այլ գործընթաց Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը կամ ներկայացուցիչները կամ մարմինները չպետք է քննարկեն անմիջական կողմի և միջնորդ կողմի հետ։ Մինչև, տեսեք, գերիներին չվերադարձնելն ու բռնի տեղահանվածներին վերադառնալու իրավունք չտալը, դա պարզ է, չէ՞, համատեղ հայտարարության տառին և ոգուն հակասում է։ Հիմա ինչո՞ւ պետք է հայկական կողմը գնա այդպիսի քննարկման, երբ որ դեռ չեն իրականացվել հայտարարության կետերը։ Այդ դեպքում մենք այսպիսի ենթադրություն ենք կարող անել, որ չիրականացնելը, այդ թվում նաև՝ երրորդ կողմ Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, որ դա օգտագործվում է որպես ճնշման լծակ, որպեսզի հայկական կողմին դրդի հաջորդ քայլերի իրականացմանը։ Վարչապետի պաշտոնակատարին մենք պետք է մի հարց տանք՝ ինչքան էլ, որ հիմնավորվի հայ ժողովրդի շահերը, պետականության շահերը, պարզ հարց պետք է տալ՝ «Իսկ Դուք չե՞ք տեսնում, որ Ձեր իսկ ստորագրած փաստաթղթի հայկական կողմի համար երկու կարևոր դրույթները չեն իրականացվում»։ «Դուք ընդհանրապես չպետք է խոսեք մեկ այլ փաստաթղթի տակ ստորագրություն դնելու Ձեր պատրաստակամությունից»։ Եթե [փաստաթուղթը] օրենքին չի համապատասխանում, դա երկրորդական հարց է։ Տվյալ դեպքում հարցն իրավական-բարոյական կողմ ունի։ Քանի դեռ չեն իրականացվել (իսկ դրանք շատ կարճ ժամանակում իրականացվելիք հարցեր են), ուրեմն նոյեմբերի 9-ին ստորագրված այդ համատեղ հայտարարության առնվազն մեկ կողմը ճնշում գործադրելու մեխանիզմ է կիրառում Հայաստանի Հանրապետության դեմ։
- Իսկ տարածքների հետ կապված ի՞նչ կասեք։ Ադրբեջանը պնդում է, որ Սև լիճն իրեն է պատկանում, պնդում է, որ Տավուշից տարածքներն կան, իրենն է։
- Սա ուրիշ հարց է։ Սահմանները, որոնք գծվել են առ 1991 թվականի դեկտեմբերի 30-ը, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը, այստեղ 2-3 կարևոր կետի պետք է անդրադառնանք։ Դրանք եղել են միութենական հանրապետությունների միջև սահմաններ։ Հետևաբար այնտեղ անվտանգության հարց և այլ հարցեր չեն առաջացել, նաև սառեցվել են այդ հարցերը պատերազմի և դրա հետևանքների պատճառով։ Երբ որ գա այն պահը, երբ որ հայկական կողմը գտնի, որ ինքը պատրաստ է, հարգվում են հայկական կողմի՝ նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստից բխող պահանջները, տվյալ դեպքում պետք է հարց բարձրացվի՝ Հայաստանի Հանրապետության, դրա ճանապարհների, բնակչության անվտանգությունն ապահովելու տեսակետից։ Որովհետև մենք գործ ունենք միութենական սահմաններ հետ, երբ որ արոտավայրերը հենց այնպես տվել են ԽՍՀՄ սահմանի ներսում։ Իսկ այս դեպքում միջազգային պրակտիկայում կետերով չկա այսպիսի բան՝ ինչ-որ քոչվորական-հովիվական նպատակների համար ներխուժում մեկ այլ երկրի տարածք։ Տվյալ դեպքում բանակցությունների միջոցով պետք է տեղի ունենա տարածքների համարժեք փոխանակում։ Բայց հայկական կողմը պետք է կարողանա միջազգային լսարանին հիմնավորել, թե որքան խոցելի է դարձնում Հայաստանին միութենական սահմանների ոգուն և դելիմիտացիայի սկզբունքներին հետևելը, սա մեկ կետ։ Երկրորդը, պետք է այն հանգամանքին ուշադրություն դարձնել, որ Ադրեբջանն հռչակել է իրեն որպես 1918 թվականի Ադրբեջանի իրավահաջորդ։ Այդ դեպքում միջազգային սահմաններ չկային, ինչպե՞ս է կարող դա լինել։ Ուրեմն պետք է սահմանների շուրջ այնպիսի մի բանակցություններ տարվեն, և գծվեն այնպիսի սահմաններ, որ երկու կողմերը բավարարված լինեն՝ տարածքներ չկորցնելով, համարժեք տարածքներ փոխանակելով և հարգելով միմյանց անվտանգային պահանջները։
- Այսինքն, կարելի՞ է ենթադրել, որ Ադրբեջանը փորձում է ուժի դիրքերից դեմարկացիայի, դելիմիտացիայի հարցը լուծել, նաև Արցախի հարցն իր օգտին լուծել։
- Իհարկե, սա ևս լրացուցիչ լծակ է, դրա համար են իրենք արագացնում։ Որպեսզի հարավային մայրուղին և դեպի Նոյեմբերյանով անցնող մայրուղիները հայտնվեն, մեղմ ասած, իրենց վերահսկողության տակ, չասեմ՝ վտանգի տակ։ Եվ ամբողջ այս խառնիճաղանջ գործողությունները, որ ստորագրող երրորդ կողմի լուռ համաձայնությամբ կամ լռության պայմաններում են իրականացվում, նպատակ ունեն ճնշում գործադրել, պարտադրել հայկական կողմին, որպեսզի ընդունի որևէ սահմաններ։ Ավելին ասեմ, երրորդ կետով հայկական կողմն ընդհանրապես որևէ սահմանագիծ չպետք է ճանաչի։ Եվ միգուցե Մինսկի խմբի համատեքստում դիմելով Մինսկի խմբին, կարող է և իրավունք ունի պահանջել, որպեսզի միջազգային սահմանազատում տեղի ունենա։ Այսինքն, միջազգային ատյան ստեղծվի՝ ԵԱՀԿ-ի կամ ՄԱԿ-ի հովանու ներքո, որպեսզի միջազգային մասնագետներ գան և տեղում ուսումնասիրեն սահմանների իրավապատմական հենքը՝ ո՞վ է գծել, ե՞րբ է դա տեղի ունեցել, ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել և որքանո՞վ են դրանք լեգիտիմ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն իրեն հռչակել է 1918 թվականի Ադրբեջանի իրավահաջորդ, չէ՞։ Եվ կա հավանականություն, որ այստեղ համատեղվեն առաջին հայացքից անհամատեղելի թվացող հասկացություններ՝ Ադրբեջանի Հանրապետություն - Հայաստանի Հանրապետություն միջպետական սահման, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) միջազգային սահմաններ՝ միջազգային իրավական արբիտրաժի միջոցով։ Այսինքն, այս երկուսի համատեղումը պետք է լինի։ Ես ենթադրում եմ, որ միակողմանի պարտադրանքը Հայաստանին, ներխուժումները և այդ ձևով Հայաստանի դեմ ագրեսիվ գործողությունների իրականցումը նպատակ ունեն զատել երկուսը միասին։ Այսինքն՝ ստեղծել անհրաժեշտություն, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի սահմանները, ներառյալ՝ նաև Արցախը։ Իսկ հայկական կողմը բաց է թողնում հնարավորությունը, որպեսզի սահմանների զատումը ևս Արցախի կարգավիճակի մաս կազմի։ Առաջին հայացքից թվում է անհամատեղելի, բայց եթե միջազգային մեկ ատյան ստեղծվի, նրա առջև պետք է դրվի հենց այդ հարցը՝ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանը, մինչ այն պահը, որ Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի կարգավիճակն իր սահմաններով։
- Բայց իմքայլականների իշխանությունն ունի՞ այդպիսի հնարավորություն, իրենից ինչ-որ բան ներկայացնո՞ւմ է, որպեսզի կարողանա Ձեր նշած քայլերն անել։
- Այս իշխանությունները չունեն որևէ ռեսուրս, այդ թվում՝ իրենց վաղ տարիքում հռչակված «դուխով» հասկացությունը։ Ոգի, ոգի չունեն իրենք։ Իրենք չունեն կամային հատկություններ, քանի որ իրենց հավաքագրված են կոնկրետ սկզբունքով, կոնկրետ նպատակի իրագործման համար՝ որպես անհրաժեշտ գործիքակազմ։


