Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ձայնային ուղերձ է հղել և ընտանիքի անդամներին խնդրել է հրապարակել այն։ Ամեն մեկն այն յուրովի էր ընկալել, քանի որ դրանում կար ցավ, ափսոսանք, հայրենիքի համար մինչեւ վերճ կյանքը զոհելու, պայքարելու կամք։ Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նկատում է՝ այն Ռուբեն Վարդանյանի կողմից շատ բարձր ճիչ ու ահազանգ էր՝ ուղղված բոլորիս, որ առավելագույնը արվի գերիներին եւ մեր արժանապատվությունը փրկելու համար։
«Մյուս կողմից Վարդանյանի ուղերձը կարող է ընկալվել ինչպես հրաժեշտի, այդպես էլ մինչեւ վերջ պայքարելու պատրաստակամություն։ Ճանաչելով Ռուբեն Վարդանյանին, եւ լսելով այդ ձայնագրությունը, ես տեսա պատրաստակամություն, վճռական կամք։ Իմ պատկերացմամբ դա ապրելու պայքարն է։ Ես հույս ունեմ, որ Ռուբեն Վարդանյանը պատրաստվում է ինչ-որ մի վճռորոշ պահի դադարեցնել հացադուլը, որպեսզի շարունակի ամեն ձեւով արդարության համար պայքարել։ Սակայն սա չի նշանակում, որ մենք պետք է մտածենք՝ միեւնույն է չենք կորցնելու Ռուբեն Վարդանյանին, եւ մնացած գերիներին, որոնք եթե շարունակեն մնալ ադրբեջանական բանտում՝ երկար չեն ապրելու։ Այնտեղ իրենք անընդատ խոշտանգումների վտանգի տակ են, հոգեբանական ճնշումների, անմարդկային վերաբերմունքի։ Ես չեմ հավատում, որ այս պայմաններում որեւէ հայ կարող է երկար ապրել»,-ասաց նա։
Հացադուլի 18-րդ օրը հրապարակված ուղերձում Ռուբեն Վարդանյանը հայտնում է, որ իր այս որոշումը ոչ մի կերպ պայմանավորված չէ իրենով , իր վիճակով կամ մեկուսարանում իր պայմաններով։ «Ինչպես անցած անգամ, երբ 20 օր շարունակ, մինչև ապրիլի 24 -ը, գիշերը 12 -ը հացադուլի մեջ էի: Սա... բողոք է ընդդեմ գործընթացի, ընդդեմ նրա, թե ինչպես է իրականացվում այս դատական պրոցեսը: Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է»,-հայտնում է նա:
Ռուբեն Վարդանյանի աուդիոձայնագրության հրապարակումից հետո 2016 թվականին «Ավրորա» մրցանակի հավակնորդներից իրավապաշտպան Սայիդա Ղուլամ Ֆաթիման հայտարարեց, որ մտադիր է մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Վարդանյանի «դատավարությանը»:
«Հեշտ է հեռվից դատապարտել անարդարությունը, մինչդեռ իրական փոփոխությունը գործողություն է պահանջում: Այդ իսկ պատճառով ես որոշել եմ մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին: Խնդրում եմ միացեք ինձ՝ ցույց տալու ձեր համերաշխությունը՝ ինչպես կարող եք»,- գրել է իրավապաշտպանը:
Բաքվում «Կարմի խաչի», ՄԱԿ-ի գրասենյակները փակող Ալիեւը արդյո՞ք թույլ կտա իրավապաշտպանի ներկայությունը այդ շինծու դատավարությանը, դժվար չէ կռահելը։
Արտակ Բեգլարյանի խոսքով՝ լավ է, որ իրավապաշտպանի կողմից նմանատիպ ճնշում կա, եւ ոչ թե մեկը, այլ բազմաթի իրապաշտպաններ պետք է դիմեն՝ այդ շինծու դատարավությանը ներկա լինելու համար։
«Այս պահի դրությամբ ալիեւյան ռեժիմը փորձում է փակել «Կարմիր խաչը», ՄԱԿ-ի գրասենյակը, ինչը նշանակում է, որ շատ ավելի մեծ ճնշում է պետք՝ քաղաքական, տնտեսական, իրավական, որպեսզի հնարավոր լինի պատշաճ ուշադրություն հրավիրել այս անարդար, կեղծ, անհիմն, հայատյաց դատավարությունների դեմ։ Սա նշանակում է, որ պետություններն ու միջազգային կազմակերպությունները պետք է ճնշեն Ալիեւին։ Ամենաաէականը Հայաստանի պետական մարմիններն են։ Քանի որ գերիները հայ են, ուստի առաջին «ջութակը» պետք է լինի ՀՀ-ից՝ ի դեմս իր իշխանությունների»,-նշեց նա։