Վարչապետ Փաշինյանի ձևավորած եկեղեցու «բարենորոգման» խորհուրդը կոչ է արել չեղարկել հայոց եկեղեցու՝ Ավստրիայում փետրվարին գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովը։ Որպես հիմնավորում նշվել է երկու հանգամանք: Առաջին, գործող Գերագույն հոգևոր խորհուրդն, ըստ «բարենորոգիչների», անվավեր կառույց է, քանզի այն ընտրվել էր 2017 թ․ եկեղեցական ներկայացուցչական ժողովի կողմից չորս տարի ժամկետով, որի գործունեությունն ավարտվել է 2021 թ․-ին։ Անմիջապես պատասխանեմ. 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում շատ բան չկատարվեց կա՛մ կատարվեց ոչ բավարար չափով և կա՛մ ընդհանրապես սխալ: Այդ ամենի պատճառը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրամանատարությամբ խայտառակ պարտություն կրելն էր: Ու, ըստ այդմ, Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հեռացումներն ու լրացումների կատարումը տեղին էր ու միակ ընդունելին: Որպես օրինակ բերենք Ուկրաինան. այդ երկրի նախագահն ու խորհրդարանի ներկայիս կազմը վաղուց արդեն ժամկետանց են, բայց արևմտյան երկրների ղեկավարությունը բանի տեղ չի դնում այդ հանգամանքը ու շարունակում է պետության ղեկավարության հետ շփումները. պատճառը կրկին պատերազմն է:
Հանգամանք երկրորդ, Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովն Ավստրիայում և ոչ թե Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրը Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնում գումարելու պատճառն առավել քան հայտնի է: Դա լեգիտիմությունը կորցրած, գործող աշխարհիկ իշխանության կողմից եպիսկոպոսաց ժողովի անդամների նկատմամբ իրականացվող ճնշումներն են: Ուրիշ հարց, որ եկեղեցու տխրահռչակ «բարենորոգիչներն», իրենց հայտնի կենդանու տեղ դնելով, դա չեն ցանկանում նկատել: Ու հայտարարում են, թե «Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնում Եպիսկոպոսաց ժողով չգումարելու պատճառները չեն ներկայացվել, և այդ որոշումը հիմնավորված չէ»։ Կրկնեմ՝ պատճառն ընդամենը մեկն է, ու դա հայտնի է բոլորին՝ նույնիսկ վեղարավոր այդ անձանց, որ ձևանում են կույր և խուլ:
Ինչ մնում է երկու պնդումներին, որոնցից մեկը «անկախությունն ամրապնդող Հայաստանի Հանրապետության» մասին է, ապա միայն կիսագրագետ ու հայրենիքի զգացողությունից զուրկ անձը կարող է այսօրվա իրավիճակը՝ երբ Հայաստանի Հանրապետությունը համարյա թե վերածվում է թուրքական վիլայեթի, կարող է համարել անկախության ամրապնդում: Ու դա, կրկին, չեն կարող չտեսնել միայն նրանք, ով կույր են ի ծնե: Եվ երկրորդ, «Եպիսկոպոսաց ժողովն օտար երկիր տեղափոխելով՝ Մայր Աթոռ Սբ․ Էջմիածինը հեղինակազրկելու և հայոց պետականությունը վարկաբեկելու» գործընթացը տեղի է ունենում ոչ թե Վեհափառի, այլ, այսպես կոչված, «բարենորոգման» խորհրդի անդամների ու այդ խորհուրդը ձևավորած «մեծարգո» վարչապետի կողմից: Ու դա չի կարող սքողվել այն հանգամանքով, որ այդ խորհրդի հայտարարության մեջ «հայոց պետականություն» արտահայտության երկու բաղադրիչները գրվել են մեծատառով, չնայած դրանք, հայերենի կանոնների համաձայն, պետք է գրվեին փոքրատառով: Ինչևէ, նույնիսկ այս առումով երևում է թուրքական մտածությանը հարազատ լինելու դրանց էությունը՝ արտահայտված «Այիբս դնեմ քո վրա, դու մղկտաս» ասացվածքում:
Մնամ ձեր նկատմամբ հարգանքի բացարձակ բացակայությամբ։