Երբ Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն, սփյուռքահայերի մոտ մեծ ոգեւորություն եւ հույսեր արթնացան, թե վերջապես բացվեց երկաթե վարագույրը, եւ իրենք կարող են գալ, դառնալ իրենց հայրենիքի քաղաքացի, բնակվել այստեղ: Սակայն առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սառը ջուր լցրեց նրանց ոգեւորության վրա՝ «նարինջ ուտողներին» հորդորելով չխառնվել երկրի ներքաղաքական կյանքին: Այսինքն՝ յուրովի ասաց. «Հանգիստ նստեք տեղներդ»: Նա էլ իր հոգեզավակ Փաշինյանի նման ուզում էր բարեկամություն անել Թուրքիայի հետ, բայց սփյուռքն իր անբեկանելի պատմական արդար պահանջներն ուներ, ուստի պետք չէր նրան «երես տալ»: Տեր-Պետրոսյանն ավելի հեռուն գնաց՝ «փակեց» սփյուռքյան ամենամեծ կուսակցության՝ ՀՅԴ-ի գործունեությունը Հայաստանում, սկսվեցին հետապնդումներ դաշնակցականների նկատմամբ:
Երկրորդ նախագահ Քոչարյանը «բարիշացրեց» Հայաստանին ու սփյուռքին, ՀՅԴ-ն Հայաստանում վերաբացվեց, տեղ գտավ երկրի կառավարման համակարգում: Նրա օրոք շատ սփյուռքահայ բարերարներ հսկայական ֆինանսական օգնություն ցուցաբերեցին Հայաստանին, այդ գումարներով մեծածավալ աշխատանքներ կատարվեցին: Ու միայն այդքանը… Սփյուռքը դարձավ Հայաստանի «կաթնատու կովը», ոչ ավելին: Հայաստանի ներքաղաքական կյանքը նորից մնաց փակ ու անհասանելի: Նույնը շարունակվեց Սերժ Սարգսյանի օրոք: Սակայն Սարգսյանն իր պաշտոնավարման ժամանակաշրջանում հանդես եկավ սփյուռքի ներգրավմամբ երկպալատ խորհրդարան ստեղծելու կարեւոր նախաձեռնությամբ: Շատերը կանխատեսեցին, որ Սարգսյանը պարզապես ուզում է նախընտրական շրջանում սիրաշահել սփյուռքին, որպեսզի նրանց միջոցով գերտերությունների մոտ բարձրացնի իր իջած վարկանիշը եւ առաջիկա նախագահական ընտրություններում աջակցություն ստանա նրանցից: Թե որքանով էր այդ նախաձեռնությունը նեղ անձնական շահերից բխող, դժվար է ասել: Սակայն այդպես էլ այն իրականություն չդարձավ, չնայած որ դրանից հետո Սարգսյանը եւս յոթ տարի նախագահեց: Եվ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ էլ շրջեց սփյուռքի համայնքներով ու լսեց նրանց կարծիքը։
Երկպալատ խորհրդարանն իրականություն չդարձավ նաեւ Փաշինյանի օրոք: Ավելին՝ նա սփյուռքի հետ վարվեց այնպես, ինչպես Հայաստանի հետ՝ պառակտեց, խզում առաջացրեց Հայաստանի ու սփյուռքի միջեւ, ակտիվ ՀՅԴ-ականների մուտքը Հայաստան արգելեց: Հետո գնաց ավելի հեռուն՝ պատերազմի պարտությունը բարդեց նաեւ սփյուռքի վրա:
ՀՀ նախկին ու ներկայիս ղեկավարների սխալներն ու բացթողումներն այսօր առավել, քան երբեւէ, իրենց զգացնել են տալիս: Շատ սփյուռքահայեր համոզված են, որ եթե իրենք հնարավորություն ունենային մասնակցել Հայաստանի ներքին կյանքին, ապա Հայաստանն այս վիճակում չէր հայտնվի: ԱՄՆ-ից Հայաստան եկած եւ այստեղ բնակվող դոկտոր Հակոբ Այնթապլյանը համոզված է. «Լեւոն Տեր-Պետրոսյանից սկսած՝ օրենքի մեջ չմտցրին, որ հայը հայ է, որտեղ էլ որ ծնված լինի, պետք է Հայաստանի քաղաքացի լինի: Ի՞նչ պատահեց, որ Հայաստանում ծնված հայը ՀՀ քաղաքացի է, իսկ օտար երկրում ծնվածը՝ օտարերկրացի: Երբ երկրի ղեկավարը խոսում է, ասում է՝ մենք 10 մլն հայ ենք, եթե 10 մլն հայ ենք, ապա ինչո՞ւ 7 միլիոնի մեծ մասին իրավասություն չես տա՝ որպես ՀՀ քաղաքացի, այլ կդիտես որպես օտաերկրացի: Դա խտրականության տեսակ է եւ վիրավորական է: Սփյուռքի մեջ ծնված հայերից շատերն ավելի հոգով-սրտով հայեր են, քան Հայաստանում ծնված շատերը:
Սփյուռքահայի հեռանկարն այն է, որ մի օր Հայաստան վերադառնա: Հայաստան պետությունը եւ հասարակությունը պետք է թեւերը բացած դիմավորեն օտար երկրում ծնված-մեծացած հային: Որովհետեւ, երբ Հայաստանը, Արցախը նեղության մեջ են լինում, սփյուռքահայը ջանում է օգնել: Շատ սփյուռքահայեր ինձ նման եկել են տարբեր նախաձեռնություններով, սակայն տարբեր արհեստական արգելքների հանդիպելով, հուսախաբված գնացել են: Գլխավոր երկպառակտումը եղավ ներկա վարչապետի ժամանակ: Տարբեր խոստումներ եղան, որ խորհրդարանը երկու պալատից կդառնա, մի մասը՝ սփյուռքից, բայց չիրականացավ: Իմ կարծիքով, Հայաստանի ապագան համահայկական խորհրդարանն է: Սփյուռքահայը պետք է Հայաստանի քաղաքացի դառնա, որոշ սահմանափակումներով, մասնակցի ընտրությանը եւ ընտրելու իրավունք ունենա: Ոմանք ասում են, թե նրանք կարող են լրտեսներ լինել: Ինչ է, Հայաստանի մեջ լրտեսներ չկա՞ն: Կան: Ընտրություն պետք է լինի: Իհարկե, շատերը կան, որ հեռացել են հայությունից: Բայց եթե Հայաստանը նրանց սիրաշահի, կարող է 100-ից 90-ը գան, ավելի ձգտեն հայությանը մոտենալ: Երբ որ շփվում են, ծանոթանում մշակույթին՝ վերադառնում են: 30 տարի է՝ անկախ պետություն ունենք, ի՞նչ են արել սփյուռքի համար, բացի դպրոցների համար մի քանի դասագրքեր ուղարկելը, մի քանի երգող-պարող խմբեր: Սփյուռքին միայն ասել են՝ տվեք ձեր նյութական եւ այլ կարողությունները, մենք կորոշենք՝ ինչ կանենք: Այդ է հիմնական պատճառը, որ երկփեղկում է ստեղծվել:
Եթե խորհրդարանում սփյուռքը ներկայացուցիչներ ունենար, մինչ օրս շատ ներգաղթողներ կլինեին, ներդրումներ կլինեին, արդյունաբերությունը, գիտությունը կբարելավվեին, ռազմարդյունաբերությունը կզարգանար: Այս վերջին պատերազմը չէր լիներ: Եթե սփյուռքը Հայաստանի խորհրդարանում տեղ ունենա, այս երկիրը կծաղկի, նաեւ՝ որովհետեւ նրանց գիտելիքների մակարդակը միջազգային է, եվրոպական է»: