Այլ

Բոլորը իրար հետ քավոր են, մենակ ժողովուրդն է «յադ»

Բոլորը իրար հետ քավոր են, մենակ ժողովուրդն է «յադ»

Շատերն ասում են՝ ժողովուրդը անտարբեր է դարձել, բայց իրականում մարդիկ անտարբեր չեն։ Նրանք շատ լավ են հասկանում, թե ինչ է կատարվում, ու հենց այդ պատճառով են մի կողմ քաշվում։ Մտորումներիս պատճառը մեկ ընթերցողի ինձ ուղղած ընդհանրացված նկատումն էր․ «Պարզվում է՝ բոլորը իրար հետ քավոր են, մենակ ժողովուրդն է յադ»։ Այդ մի նախադասության մեջ կա ամբողջ հոգեվիճակը՝ մարդիկ իրենց դուրս են զգում խաղից, որը կարծես վաղուց բաժանված է ներքին կապերով ու անձնական շրջապատով։

Լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում Վաղարշապատի ընդդիմության թեկնածու Սևակ Խաչատրյանը հաստատեց, որ Գևորգ Պապոյանի և կնունքի, և հարսանիքի քավորն է եղել։ «Բայց կարծում եմ, սա քաղաքական կատեգորիա չէ։ Թույլ տվեք այդ դաշտ չմտնեմ, իսկ ով մտել է, հարցրեք իրեն»,— ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ իրենց հարաբերությունները վաղուց սառեցված են։ Սակայն մարդիկ էլ այդ պահին բնականորեն հարց են տալիս․ էստեղ ո՞նց հավատան ընդդիմությանը, և արդյո՞ք կասկածները տեղին են։

Երբ տարբեր կողմերում կանգնած քաղաքական դեմքերի շոշափելի մտերմությունն է բացվում քավորական կապերի միջոցով, հասարակության համար դժվար է ընդունել, որ այդ հարաբերությունները «քաղաքականության հետ կապ չունեն»։ Ընտրողը տեսնում է նույն սոցիալական շրջանակը, նույն մարդկանց, նույն կապերը, և սկսում է մտածել՝ եթե ամեն ինչ որոշվում է այդ շրջանակների ներսում, ապա իր ձայնը ո՞նց պիտի փոխի ինչ-որ բան։

Այսպես է ծնվում այն, ինչ դրսից «անտարբերություն» է թվում։ Մարդը չի լռում, որովհետև անտարբեր է։ Նա լռում է, որովհետև իրեն զգում է օտարված՝ ինչպես գրել են ինձ․ բոլորը հարազատ են, միակ յադը ժողովուրդն է։ Իսկ երբ մարդը իրեն դուրս է զգում գործընթացից, նա հեռու է մնում՝ ոչ թե անտարբերությունից, այլ որովհետև չափազանց լավ է հասկացել՝ ինչ է իրականում կատարվում։ Այդ «անտարբերությունը» ինքնապաշտպանական հեռավորություն է. մարդը հեռանում է այն բանից, որը իրեն հիասթափեցրել է կամ որտեղ իր տեղը չի զգացել։ Նա ենթագիտակցաբար եզրակացնում է, որ պարզապես դիտորդ է, ոչ թե մասնակից։

Քաղաքական դաշտը հաճախ «ընտանեկան ակումբ» է հիշեցնում, ու ժողովուրդը մտածում է՝ «Եթե իրար հետ են, իմ ձայնը ո՞ւմ համար է»։ Իհարկե, քավոր լինելը ավտոմատ չի նշանակում քաղաքական ենթակայություն։ Բայց երբ մարդը հանդես է գալիս որպես ընդդիմադիր, դա իր վրա դնում է պարտավորություն՝ բացատրել, թե ինչու է իր քաղաքական դիրքորոշումը անկախ, ինչու են հարաբերությունները սառել և ինչքան ժամանակ է անցել այդ սառեցումից։ Մինչդեռ Խաչատրյանը ոչ փաստ է բերում, ոչ ժեստ, որը ցույց կտար իր անկախությունը Պապոյանից։ Քավոր-սանիկ կապը մեր քաղաքական մշակույթում ուժեղ սոցիալական կապ է, հաճախ՝ պաշտոնական դիրքերից էլ ավելի ազդեցիկ, իսկ թեմայից խուսափելը ընկալվում է որպես քաղաքական պատասխանատվությունից խուսափում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image