1918 թվականին Հայաստանի այն ժամանակվա իշխանության ներկայացուցիչները` քաղաքական եւ ռազմական վերնախավը, Սարդարապատ էին գնում կռվելու եւ պաշտպանելու իրենց հայրենակիցների ապրելու եւ արարելու իրավունքը, նրանցից շատերն իրենց կյանքը տվեցին հանուն սեփական հայրենիքի եւ ժողովրդի։ Այսօր Նիկոլ Փաշինյանը եւ նրա իշխանության ներկայացուցիչները Սարդարապատի հուշահամալիր են գնում՝ շրջապատված հազարավոր ոստիկաններով եւ անվտանգության աշխատակիցներով, որոնք նրանց անվտանգությունն ու ապրելու իրավունքը պաշտպանում են սեփական ժողովրդից: Փաշինյանն ու իր շրջապատը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր են գնում ոչ թե հարգելու հերոսամարտի զոհերի հիշատակը, ոչ թե արժեւորելու այն սխրանքը, որ գործել են այդ հերոսամարտի մասնակիցները, այլ պղծելու նրանց հիշատակը, արժեզրկելու այդ հերոսամարտն ու դրա համազգային նշանակությունը: Չկա ավելի մեծ հարգանք զոհերի հիշատակի առաջ, քան նրանց գործը շարունակելը, եւ, ընդհակառակը՝ չի կարող իրեն վախկոտի, հպատակի ու սպասարկուի պես պահողը լինել հերոսների արժանի հետեւորդը: Սարդարապատի ճակատամարտը Հայաստանը թուրքական գերությունից ազատելու, անկախ եւ ինքնիշխան Հայաստան ունենալու համար էր, մինչդեռ Փաշինյանը եւ նրա իշխանության ներկայացուցիչները Հայաստանը վերածում են թուրքական տիրապետության տարածքի, իրենք ընդունելով թուրքական հպատակություն՝ նույնը փորձում են անել ամբողջ Հայաստանի եւ հասարակության հետ: Մի՞թե ավելի բացահայտ ու ցինիկ պահվածք կարելի է դրսեւորել: Ապացույց, որ իրենց գործունեության միակ արդյունքն ու նպատակը Հայաստանի ոչնչացումն է:
Անհերքելի փաստ է, որ չլիներ Սարդարապատի հերոսամարտը, չէին լինի նաեւ Հայաստանի Հանրապետությունը` 1918-1920 թթ․, դրան հաջորդած Խորհրդային Հայաստանն ու նրա հիմքի վրա ստեղծված ներկայիս Հայաստանը: Այն ժամանակ էլ Հայաստանում կային փաշինյանական մտածողության տեր մարդիկ եւ գործիչներ, այսպես կոչված՝ խաղաղության օրակարգի կողմնակիցներ, ովքեր հայտարարում էին, որ հայ ժողովուրդը հնարավորություն չունի պատերազմելու Թուրքիայի դեմ, պետք է խաղաղության բանակցություններ սկսել եւ համաձայնել թուրքերի բոլոր պահանջների հետ: Բայց կային մարդիկ, ովքեր իրենց վրա վերցրին հայրենիքի պաշտպանության կազմակերպման պատասխանատվությունը եւ հաղթեցին թուրքական բանակին՝ ստիպելով Թուրքիային համակերպվել Հայաստանի գոյության փաստի հետ` ճանաչել Հայաստանի անկախ պետության գոյության իրավունքը:
Բայց դա չափազանց կարճ տեւեց, ընդամենը 2 տարի հետո` 1920-ին, Թուրքիան կրկին պատերազմ հայտարարեց Հայաստանին եւ գրեթե գրավեց ամբողջ Հայաստանի տարածքը: Անհամեմատ ավելի լավ պայմաններում գտնվող, անհամեմատ ավելի լավ զինված կանոնավոր բանակ ունեցող Հայաստանի Հանրապետությունը չկարողացավ դիմադրել թուրքական բանակին, մի բան, որ 1918 թվականին Սարդարապատում եւ Բաշ-Ապարանում հաջողությամբ արել էին ռուսական կայսրական բանակի հայկական զորամիավորումներն ու հայ կամավորները: Ի՞նչն էր պատճառը`մի՞թե թուրքական բանակն էր ավելի ուժեղ, թե՞ հայկական բանակն էր ավելի թուլացել: Այս հարցում եւս համընդհանուր համաձայնություն կա. Սարդարապատի ճակատամարտում Հայաստանը հաղթեց, որովհետեւ հույսը դրեց բացառապես իր վրա, իր հնարավորությունների, իր բանակի ու զինվորների քաջության եւ սխրանքի վրա: Իսկ 1920-ին կար Հայաստանի Հանրապետություն, որն իրեն համարում էր Անտանտի դաշնակիցը եւ հույսը դրել էր Անտանտի երկրների` Ֆրանսիայի, Անգլիայի եւ ԱՄՆ-ի աջակցության վրա, հույս ունեին, որ առաջին համաշխարհայինում հաղթած տերությունները թույլ չեն տա, որ իրենց թշնամի Թուրքիան կուլ տա իրենց դաշնակից Հայաստանին:
Ի տարբերություն 1918 թվականի, հայ հասարակությունը պառակտված էր. իշխանությունները Հայաստանի ապագան կապում էին Եվրոպայի հետ, որպես հաղթող կողմի, իսկ հայ բոլշեւիկները Հայաստանի ապագան կապում էին բոլշեւիկյան Ռուսաստանի հետ: Հաղթեցին հայ բոլշեւիկները, որովհետեւ բոլշեւիկյան Ռուսաստանն իր բանակով մտավ եւ ինքը գրավեց-ազատագրեց Հայաստանը եւ ոչ թե Ֆրանսիայի կամ բրիտանական կայսրական բանակները:
Սարդարապատի ճակատամարտից 107 տարի անց մենք անհամեմատ ավելի վատ վիճակում ենք, քան այն ժամանակ: Թեեւ Հայաստանի Հանրապետությունը ֆորմալ իմաստով անկախ պետություն է, բայց այն գտնվում է թուրքական ներխուժման եւ թուրքական հպատակության ընդունման վտանգի տակ: Միայն մի տարբերությամբ` եթե 1918 թվականին հայ ժողովրդի առաջնորդներն ու ղեկավարները պատրաստ էին կազմակերպել երկրի պաշտպանությունը եւ իրենց անձնական սխրանքով օրինակ դառնալ մյուսների համար, Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Էրդողանի գիրքը գրկելով եւ շողոքորթ ժպտալով, Ադրբեջանի նախագահի առաջ ծնկածալ` ծառայամտության օրինակ է տալիս՝ փորձելով Հայաստանը տեսնել թուրքական հպատակեցման մեջ: Փաշինյանը խոսում է խաղաղության խաչմերուկի մասին, որը Հայաստանը թուրքական աշխարհի մաս դարձնելու մասին է: Մեծ հաշվով, Հայաստանը կանգնած է նոր Սարդարապատի առաջ, առանց որի հնարավոր չէ կանգնեցնել փաշինյանական՝ թուրքական տիրապետության ընդունման սողացող քաղաքականությունը, որը հանգեցնելու է Սարդարապատի հերոսամարտի արդյունքների զրոյացման` Հայաստանի պետականության լուծարմանը, հերոսների հիշատակի պղծմանը, մի բան, որ Փաշինյանն արդեն արել է Արցախյան հերոսամարտի հետ` զրոյացնելով դրա արդյունքները եւ պղծելով հերոսների հիշատակը:
Վերջում ուզում եմ մեջբերել ընդամենը մի քանի օր առաջ Գերմանիայի խորհրդարանում հիմնական ընդդիմադիր կուսակցության` «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ղեկավար Ալիս Վայդելի խոսքը` ուղղված Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին, որով նրանից պահանջում էր հրաժարվել կանցլեր դառնալու մտադրությունից:
«Մատուցեք այս երկրին, պարոն Մերց, ամենամեծ ծառայությունը, որը կարող եք մատուցել Գերմանիային` հրաժարվեք կանցլեր լինելու Ձեր ցանկությունից, որովհետեւ Դուք չեք կարող աշխատել այդ պաշտոնում: Բայց գիտե՞ք, թե ինչու Դուք դա չեք կարող անել, պարոն Մերց, որովհետեւ Դուք չունեք սկզբունքներ, չունեք արժեքներ, Ձեր հոգին դատարկ է, Դուք անբարոյական, անսկզբունք քամելեոն եք` պատրաստ ամեն ինչի՝ հանուն իշխանության, Դուք Գերմանիայի ամոթն եք, Դուք սպառնալիք եք մեր ապագայի համար»: Նմանությունը, թվում է, 100 տոկոսանոց է, բայց չէ` Ֆրիդրիխ Մերցը գլուխը կախ լսում էր Ալիս Վայդելին եւ կարմրում, փոխանակ տեղից վեր ցատկելու եւ գոռալու «համբալ», ու Գերմանիայի Բունդեսթագում տեղից ցատկոտող մակականեր էլ չկային: