Քաղաքականություն

Եվրամիությունը վիրավորել է «մեր մեծարգոյին»

Եվրամիությունը վիրավորել է «մեր մեծարգոյին»

Վաղարշապատի ավագանու ընտրության շեմին ՔՊ-ականները բացահայտ ընտրակաշառք էին բաժանում, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն ընկել է «Հայրենիք» կուսակցության անդամների հետևից: Սա, որքան էլ ցավալի լինի, հայաստանյան կեղծ ժողովրդավարության իրական դեմքն է: ՔՊ-ականների առումով հիշենք դպրոցի տնօրեն, ՀԿ նախագահ տիկնոջը, ով սեփական տան բակում ընտրակաշառք էր բաժանում: Հիշենք նաև Վաղարշապատի հրապարակի միջոցառումը, որի ընթացքում խոստումներ էին տրվում ու ընտրակաշառք էր բաժանվում: Որքան տեղյակ եմ, այդ անօրինական գործողությունների համար ՔՊ-ականներից որևէ մեկը չի չի ձերբակալվել և նույնիսկ բերման չի ենթարկվել:

Հիշենք, որ 2026 թվականի հունիսի 7-ի ԱԺ ընտրությանը նախապատրաստվելու համար Եվրամիությունը ՀՀ գործող իշխանությանը խոստացել է 15 միլիոն եվրոյի դրամաշնորհ: Ինչպես նաև, ինչը զավեշտի ժանրից է, մոլդովական փորձի փոխանակման հնարավորություն: Փող հատկացնելու առումով խնդիր չկա՝ դա չէր խանգարի, քանի որ փողը երբեք բավարար չի լինում: Ինչ մնում է մոլդովական փորձին՝ կարծում եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն այդ առումով սովորելու ոչինչ չունի: Օրինակ, ի՞նչ կարիք կա ընտրապայքարից կուսակցություն հանել, եթե կարելի է յոլա գնալ առանց դրա: Ու դրա փոխարեն կալանավորել ակտիվիստների կուսակցության ղեկավար կազմից: Ազատության մեջ էլ թողնել միայն նախագահին կամ էլ նրա հետ միասին փոխնախագահին: Ու այդ դեպքում թե՛ երկրում և թե՛ հատկապես արտերկրում աղմուկն ավելի քիչ կլինի, քան եթե կալանավորվեին կուսակցության առաջնորդն ու նրան փոխարինողը: 

Սա ոնց որ թե ամբողջովին հայաստանյան նոու-հաու է, ինչը եվրոպացիները կարող կիրառել իրենց ընտրություններում: Ընդ որում, բոլոր գրագետ ու մտածող անձանց է հասկանալի, որ «Հայրենիք» կուսակցության անդամների ձերբակալումը կատարվել է ոչ թե նախկին՝  նոյեմբերի 16-ին ավագանու ընտրության ժամանակ կատարված, այլ ապագայում կատարվելիք «մեղքերի» համար: Այսինքն՝ 2026 թվականի հունիսի 7-ի ԱԺ ընտրությանը «գործվելիք մեղքերի» համար: Ոնց չհիշես միջնադարում մեղքերը քավող եկեղեցական ինդուլգենցիաների վաճառքի մասին: Հռոմի պապերի կողմից սկզբում վաճառվում էին գործած մեղքերի քավության թղթեր, իսկ հետո անցան ապագայում գործվելիք մեղքերը «քավելուն»:  

Բայց պապերը, որքան հասկանում եմ, բավական ազնիվ էին ու ըստ այդմ՝ միամիտ: Կարող էին, չէ՞, թղթերի վաճառքը կազմակերպել նախկին մեղքերի համար՝ որևէ ժամկետ չնշելով դրանց վրա: Երևի պետք է ժամանակի մեքենայով հասնեին մեր օրերի Հայաստան, ներառվեին ՔՊԿ-ի շարքերում ու ձեռք բերված փորձառությամբ վերադառնային իրենց ժամանակաշրջանը: Ինչևէ, իսկ միամիտ եվրոպացիները փորձում են ՔՊ-ականներին սովորեցնել մոլդովական ինչ-որ փորձ, ինչը մեզանում վաղուց է դարձել արխայիկ: Խոսքը քվեաթեռրթիկների լցոնման մասին է, ինչը լայնորեն կիրառվեց այս տարվա խորհրդարանական ընտրությանը արտասահմանյան ընտրատեղամասերում: Ինչի մասին բազմիցս խոսվել է «Հրապարակ»-ի հեղինակների և այդ թվում՝ ձեր խոնարհ ծառայի  կողմից: Կարծում եմ, որ Փաշինյան Նիկոլը Մայա Սանդուին (Մոլդովայի գործող նախագահը) կտանի Դնեստր գետը (քանի որ Մոլդովան ծով չունի՝ ի տարբերություն մեր կապուտաչյա ծովակի) և ծարավ հետ կբերի: Իսկ եվրաչինովնիկներն այդ բանը չեն գիտակցում՝ դրանով վիրավորելով «մեր մեծարգո վարչապետին»:

Դեռևս չեմ անդրադառնում «Մեր ձևով» նախաձեռնության կողմից ձևավորվելիք «Հայամետ» (անվանման առումով Բաբաջանյան Ավետիսի ականջը կանչի) կուսակցությանը, քանի որ վերջինս դեռ գոյություն չունի: Կուսակցության մասին կարելի կլինի խոսել այն ժամանակ, երբ ինչ-որ ժամանակ հետո անցկացվելիք հիմնադիր համագումարում հայտարարվի դրա ստեղծման մասին: Ու գործող իշխանությունն էլ իր առաջին արձագանքը ցուցաբերի այդ հանգամանքի առումով: Ու դատելով հենց առաջին արձագանքից՝ կարելի կլինի պատկերացնել, թե կոնկրետ ինչ խոչընդոտներ պետք է հաղթահարի նորաստեղծ կուսակցությունը: Ընդհանուր գծերով այսօր էլ կարելի է նախանշել դրանք, սակայն կարծում եմ, որ «մեծարգոյի» պրպտուն միտքն ինչ-որ բաներ կմոգոնի, որ չի կարող պատկերացնել նորմալ և օրինապահ քաղաքացու մտածողությունը: Ինչևէ, սպասենք ընդամենը մեկ-երկու ամիս: Եվ անհրաժեշտության դեպքում պատրաստ լինենք Փաշինյան Նիկոլի պրպտուն մտածողության «գովքն անելուն»: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image