Հասարակություն

Սահմանամերձ գյուղերի ամբուլատորիաներում կան միայն նվազագույն դեղորայք, բինտ, ճնշումը չափելու ապարատ

Սահմանամերձ գյուղերի ամբուլատորիաներում կան միայն նվազագույն դեղորայք, բինտ, ճնշումը չափելու ապարատ

Թե՛ նախկին եւ թե՛ ներկա իշխանությունների օրոք հաճախ ենք լսում, որ պետք է հատուկ ուշադրության կենտրոնում պահել սահմանամերձ համայնքները, որպեսզի մարդիկ չլքեն դրանք՝ դատարկ ու անպաշտպան թողնելով մեր սահմանները: Իհարկե, այդ ուղղությամբ տարբեր ժամանակներում տարբեր բաներ արվել են՝ ասֆալտապատում, գազիֆիկացում, լուսավորություն, դպրոցների եւ մանկապարտեզների վերանորոգում, բարեկարգում, սահմանամերձ հատվածներում աշխատողների բարձր վարձատրություն եւ այլ արտոնություններ: Օրինակ, գյուղի մշակողներին ու, առհասարակ, բնակչությանը տրվեցին արտոնյալ վարկեր, դրամաշնորհներ, սուբսիդիաներ: Թեեւ այդ ամենն արվեց բավականին ուշացումով՝ 2000-ականներին, երբ պատերազմից ու սոցիալական վիճակից հյուծված գյուղերն արդեն մասամբ դատարկվել էին: Ինչեւէ, այսօր էլ սահմանամերձ ու սահմանապահ գյուղերում մարդիկ շարունակում են ապրել՝ ամենեւին տուրք չտալով հակառակորդի՝ հայկական գյուղերը դատարկ տեսնելու եւ տիրանալու բուռն ցանկությանը: Ապրում են, սակայն գրեթե ամեն օր տարբեր հանգամանքների բերումով զգում են «աշխարհից»՝ մարզկենտրոնից ու մայրաքաղաքից հեռու լինելու դառը փաստը: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է բուժման կամ բուժհետազոտության խնդիրներին: 

Օրերս Տավուշի սահմանապահ որոշ գյուղեր այցելեցին «Ֆրանսիական լույս» ասոցիացիայի ղեկավարները, բժիշկներ արտերկրից եւ Հայաստանից: Այցի նպատակներից մեկը սահմանապահ գյուղերի ազգաբնակչությանն անվճար բժշկական հետազոտությունների ենթարկելն էր: Ստեղծված աշխուժությունը եւ այցելուների չվերջացող հոսքը վկայում էին այն մասին, որ մարդիկ երկար ժամանակ զուրկ են եղել բժշկի կողմից հետազոտվելու, խորհրդակցելու հնարավորությունից: Պատճառն այն է, որ այդ համայնքներից շատերում չկան ոչ միայն մասնագիտացված բժիշկներ, այլեւ՝ թերապեւտներ, որոնք այս կամ այն խնդրի դեպքում հետազոտեն բնակչին, բուժեն կամ ուղղորդեն որեւէ բուժհաստատություն՝ վիրահատության կամ ստացիոնար բուժման: Մի թերապեւտը հիմնականում սպասարկում է մի քանի գյուղի, ինչը դժվարացնում է աշխատանքը: Բնակիչը, որը չունի ֆինանսական հնարավորություն, երբ չգիտի, թե որն է իր առողջական բուն խնդիրը, չի համարձակվում գնալ մայրաքաղաք, բախել հիվանդանոցների դռները, նախապես պետպատվերի հարց լուծել կամ վճարովի հետազոտություններ անցնել՝ ֆինանսապես քամող այդ աղացի միջով: Արդյունքում առողջական չբացահայտված խնդիրը գնալով խորանում է, բարդանում, երբեմն՝ ունենում անդառնալի հետեւանքներ: 

Իսկ թե ինչու սահմանամերձ ու սահմանապահ գյուղերում չկան բժիշկներ, պատճառները խորքային են։ Այդ խնդիրը եղել է դեռեւս խորհրդային տարիներին: Սակայն խորհրդային համակարգն այնպիսի մեխանիզմ էր մշակել, որ Բժշկական ինստիտուտն ավարտած բժիշկը նախ պետք է ծառայեր, աշխատեր գյուղում, հետո նոր գար քաղաք: Ոչ միայն բժիշկները, այլեւ ուսուցիչները, համալսարանավարտները պարտադիր գործուղվում էին գյուղեր՝ երկու տարի աշխատելու։ Անվճար ուսումը նաեւ անվճար ծառայություն էր ենթադրում այն պետությանը, որը քեզ ուսանելու հնարավորություն էր տվել։

Երիտասարդ բժիշկները հիմնականում հաճույքով գնում էին մարզեր: Անգամ բժշկուհիներից ոմանք ամուսնանում էին տվյալ գյուղում ու շարունակում ապրել այնտեղ՝ երեխաներ ունենում եւ գյուղն էլ կենդանի պահում: Հիմա այդ պարտադրող համակարգը չկա: Չկա նաեւ քաջալերող, ոգեշնչող այլ բան, որ բժշկական կրթություն ստացած երիտասարդը ցանկանա աշխատել գյուղում, այն էլ՝ սահմանամերձ: Որքան էլ զարմանալի է, այդ համայնքներում ապրող եւ աշխատող բժշկի, բուժքրոջ աշխատավարձի չափը հաշվարկվում է այնպես, ինչպես մայրաքաղաքում. ըստ բնակիչների թվի: Արդյունքում ստացվում է չնչին աշխատավարձ, ինչը զգալիորեն զիջում է խոշոր այլ համայնքներում աշխատող բուժաշխատողների աշխատավարձին: Չկա որեւէ արտոնություն, որեւէ տարբերություն: Մինչդեռ այդ բուժաշխատողները պետք է ստանային եռակի, քառակի աշխատավարձ, քանի որ նրանց աշխատանքը երկրի համար ունի ռազմավարական մեծ նշանակություն. նրանք նաեւ սահմանապահ են: Դեռ ավելին՝ բուժքույրերն անհրաժեշտ որակավորում՝ արտոնագիր ստանալու համար պետք է իրենց գրպանից վճարեն 20 հազար դրամ արտոնագրի գումար, որպեսզի կարողանան շարունակել աշխատանքը: Նրանք պարբերաբար վերապատրաստման համար մեկնում են կա՛մ մարզկենտրոն, կա՛մ՝ Երեւան: Դա էլ է լրացուցիչ ծախսեր պահանջում: Շատերը, չկարողանալով կամ չցանկանալով նման ծախսեր կատարել, ազատվում են աշխատանքից, եւ նրանց տեղը մնում է թափուր: Մինչդեռ պետությունը պետք է իր վրա վերցներ նմանատիպ ծախսերը: 

Բարձրագույն կրթություն ստացած մարդը չնչին աշխատավարձով չի ցանկանա, ցանկության դեպքում չի էլ կարողանա արժանապատիվ ձեւով ապրել սահմանի բերանին: Էլ չենք խոսում այն վտանգների մասին, որոնք, 2020-ից սկսած, առկա են մեր սահմանամերձ հատվածներում։ Արդյունքում սահմանապահ ու սահմանամերձ գյուղերը մնում են գրեթե առանց բուժսպասարկման: 

Բայց անգամ գործազուրկ բժիշկները ցանկության դեպքում էլ չեն կարող մասնագիտական գործունեություն ծավալել սահմանամերձ գյուղերում՝ բուժտեխնիկայի բացակայության պատճառով: Չկան հետազոտության պարագաներ, սոնոգրաֆիայի, ՄՌՏ-ի, լաբորատոր սարքեր։ Չկան առաջին անհրաժեշտության տեխնիկա, սարքավորումներ, շատ տեղերում անգամ բժշկական մահճակալ չկա: Որոշ բուժամբուլատորիաներ ունեն ընդամենը նվազագույն դեղորայք, բինտ, ճնշումը չափելու ապարատ, եւ վերջ: Շատ լուրջ է նաեւ շտապօգնության մեքենաների հարցը: Այդ հարցում բոլոր իշխանությունները մարզային ու սահմանամերձ բուժհաստատություններին նայել են որպես գյուղում ապրող իրենց աղքատ բարեկամի՝ լավագույն մեքենաները մնացել են մայրաքաղաքում, իսկ սահմաններ միշտ ուղարկվել են մայրաքաղաքում լավ օգտագործված եւ մաշված մեքենաները: Մինչդեռ ռազմավարական նշանակություն ունեցող սահմաններում պետք է լինեն անհրաժեշտ թվով լավագույն մեքենաները, որոնք պատերազմական իրավիճակներում կարող են մարդկանց ու զինվորներին տեղափոխել անհրաժեշտ վայր:

Այս խնդիրները նոր չեն առաջացել, եւ չի կարելի դրանք կապել միայն ներկա իշխանությունների հետ: Դրանք եղել են նախկինների օրոք, կան նաեւ հիմա: Մինչդեռ 44-օրյա պատերազմը մեզ հուշեց, որ մեր սահմանները պետք է պատրաստ լինեն բոլոր իրավիճակներին։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image